Երեկ՝ փետրվարի 27-ին, Վրաստանում պաշտոնապես հաստատվեց նոր կորոնավիրուսի վարակման առաջին և առայժմ միակ հայտնի դեպքը։ Վրաստանի 50-ամյա մի քաղաքացի Իրանից Ադրբեջանի տարածքով մեկնել էր Վրաստան, նրան անմիջապես տեղափոխել էին Թբիլիսիի ինֆեկցիոն կենտրոն։

Ditord.am֊ի հետ զրույցում վրացագետ Հասմիկ Մելիքսեթյանը ասաց, որ այժմ ապատեղեկատվություն է շրջանառվում, թե կորոնավիրուսի հաստատման պատճառով Ադրբեջանի ու Վրաստանի սահմանը փակվել է, սակայն իրականում անցակետերում միայն խստացված հսկողություն է, իսկ սահմանի փակման մասին պաշտոնական տեղեկություն չկա։

«Կեղծ ինֆորմացիան միջնորդավորված տարածվել է․ վրացական ռուսալեզու լրատվամիջոցներից մեկը [սխալ ֊ Դիտորդ խմբ․] թարգմանել է Վրաստանի առողջապահության նախարարի ճեպազրույցը և գրել է, թե սահմանը փակվել է։ Վրացական կայքերից այդ հայտարարությունն անցել է ադրբեջանական ռուսալեզու կայքերին, որտեղից էլ թարգմանել են հայկական լրատվամիջոցները»,֊ ասաց վրացագետը։

Մելիքսեթյանը նշեց, որ Վրաստանի սահմանը հարևաններից ոչ մեկի հետ փակ չէ, իսկ նախարարը ճեպազրույցի ընթացքում հայտարարել է միայն 2 շաբաթով Վրաստանի ու Իրանի փոխայցելությունների դադարեցման մասին, ինչպես արվել էր Չինաստանի դեպքում։ Նաև խստացվել է հսկողությունը Թուրքիայի հետ սահմանային անցակետերում։

Ցանկացած դեպքում, ըստ վրացագետի, այժմ Վրաստանում խուճապի ալիք չկա։ Կառավարությունը մարդկանց հորդորում է ուղղակի զերծ մնալ այն երկրներ գնալուց, որտեղ արդեն վիրուսը տարածվել է, կամ շփվել այդ երկրներից եկած մարդկանց հետ։

Ադրբեջան

Ադրբեջանում, առողջապահության նախարարության տվյալներով, այս պահին կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացվել է 186 մարդ, սակայն նրանցից որևէ մեկի մոտ վիրուսի առկայությունը հաստատված չէ։

Ադրբեջանից ևս պաշտոնական հայտարարություն չկա Իրանի կամ Վրաստանի հետ սահմանային անցակետերի փակման մասին։ Մի քանի օր առաջ ադրբեջանական ընդդիմադիր «Թուրան» լրատվական գործակալությունը տեղեկություն տարածեց, թե Իրանը փակել է Նախիջևանի հետ սահմանը, սակայն այս տեղեկությունը պաշտոնական աղբյուրներում չհաստատվեց։ Ավելին՝ սոցցանցերի ադրբեջանական տիրույթում օգտատերերը գրում են, որ Նախիջևան֊Իրան սահմանը շարունակում է բաց մնալ։

Ադրբեջանական իշխանամետ «Report» լրատվական գործակալությունը գրում էր անորոշ ժամանակով Իրանի սահմանակից Բիլեսուվարի (Biləsuvar) և Աստարայի անցակետերի փակման մասին, որտեղ, ըստ աղբյուրի, թողնում էին միայն Ադրբեջանի քաղաքացիներին։ Այս տեղեկությունները ևս դեռ հաստատված չեն պաշտոնական աղբյուրներից։