Նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխարգելելու նպատակով մարտի 15-ից Թուրքիայի և Ադրբեջանի միջև ցամաքային և օդային ճանապարհով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցվեցին: Հաջորդ օրվանից սկսած համացանցում հայտնվեցին տեսանյութեր Թուրքիայի օդանավակայաններում օրերով իրենց տարհանմանը սպասող ադրբեջանցի հարյուրավոր ուսանողների բողոքի ակցիաների մասին:

Նրանց վանկարկումներից գլխավորը «Բե՛ռ չենք, քաղաքացի՛ ենք» լոզունգն էր: Ավելի ուշ ուսանողներն այս լոզունգը շարունակեցին կիրառել սոցիալական մեդիայի տարբեր հարթակներում՝ Ադրբեջանի իշխանություններից պահանջելով ապահովել իրենց վերադարձի իրավունքը: 

Չնայած բողոքի ակցիաներին՝ պաշտոնական աղբյուրները ամեն օր հայտարարում էին փոխադրված ուղևորների թվի մասին տեղեկություններ․ մարտի 15-ին Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոս Մասիմ Հաջիևը հայտնեց, որ 242 քաղաքացի հատուկ չվերթով տեղափոխվել է Ադրբեջան: Եվս 166 քաղաքացի տեղափոխվել էր մարտի 16-ին:

Միայն չորս օր անց Ադրբեջանի իշխանությունները սկսեցին անդրադառնալ նաև բողոքող ուսանողների խնդրին։ Մարտի 20-ին Անկարայում Ադրբեջանի դեսպանատան տարածած հայտարարության մեջ նշվում էր, որ Թուրքիայում սովորող ադրբեջանցի ուսանողներից տեղեկություններ էին ստացել, թե նրանց վտարել են ուսանողական հանրակացարաններից և բնակության համար այլ վայր չեն տրամադրել:

Դեսպանատան պնդմամբ՝ իրենք Թուրքիայի պաշտոնատար անձանցից ճշտել են, թե «այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, միևնույն ժամանակ այն ուսանողներին, ովքեր պնդում են, որ մնացել են առանց ապաստանի,  կոչ են արել դիմել դեսպանատան Կրթական խորհրդին»։

Մարտի 21-ին տարածվեց ևս մեկ տեսանյութ, որտեղ երևում էր, որ  արդեն 5 օր Ստամբուլի օդանավակայանում սպասող շուրջ 400 ադրբեջանցի ուսանող բողոքի ակցիա էր անցկացնում՝ առանց սոցիալական հեռավորության և կանխարգելիչ միջոցառումների պահպանման: Նրանց բողոքն ուղղված էր «Ադրբեջանական ավաուղիներ» (AZAL) ընկերությանը:

Նույն օրը հայտարարվեց Ստամբուլ-Լենքորան հատուկ չվերթով Ադրբեջանի 248 քաղաքացու վերադարձի, ինչպես նաև Թուրքիայից հատուկ ավտոբուսներով 163 անձի՝ (մեծամասնությունը ուսանող) Նախիջևան տեղափոխվելու, այնտեղից էլ Նախիջևան-Լենքորան չվերթով Ադրբեջան վերադառնալու մասին:

Ուշագրավ էր, որ մարտի 25-ին Ադրբեջանի նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբը հայտարարեց, որ Թուրքիայից ցամաքային ճանապարհով վերադարձած քաղաքացիները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանային  հատվածում տեղակայված դաշտային հոսպիտալներում 14-21-օրյա կարանտինում մնալուց հետո միայն կկարողանան վերադառնալ մայրցամաքային Ադրբեջան: 

Շուտով համացանցում կադրեր հայտնվեցին Թուրքիայից Ադրբեջան տեղափոխված 150 ուսանողների տեղակայման վայրերից։ Տեսանյութերից տեղեկանում ենք, որ ուսանողներին տեղավորել էին Նախիջևանի Դյուզդաղի առողջարանում և Շարուրի շրջանում ԱԻՆ-ին պատկանող զորանոցում։ Թեև վայրը արտաքուստ նման էր զորանոցի, ուսանողները տեսանյութում հայտնում էին, թե իրենց ասել են՝ հոսպիտալ է:

Մեկուսացվածները բողոքում էին ոչ միայն անորակ և քիչ սննդից, ջուր չստանալուց, ջեռուցման բացակայությունից, ժամը 21։00-ից էլեկտրականության անջատումից, այլ նաև ոատիկանների ու զինվորների կիրառած բռնարարքներից։ Ուսանողներն իրենց հրապարակած տեսանյութերում լացակումած պատմում են, թե ինչպես են բողոքողներին ծեծում՝ անկախ սեռից և առողջական վիճակից, ու Թուրքիայում գտնվող համաքաղաքացիներին հորդորում են չվերադառնալ։

Ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV-ի հետ զրույցում ուսանողներից մեկի ծնողը պատմում է, որ իր տեղեկություններով ժամանածների ջերմությունը չափելուց և սովորական դիմակներ տրամադրելուց բացի այլ բժշակական վերահսկողություն չի իրականացվել, և արդեն բավական ժամանակ է՝ չեն կարողանում հեռախոսով կապվել իրենց երեխայի հետ։

Մարտի 26-ին «Ադրբեջանական ավաուղիներ» ընկերությունը հայտարարեց այսուհետ Բաքու-Նախիջևան-Բաքու ուղղությամբ շաբաթական ընդամենը մեկ չվերթ իրականացնելու որոշման մասին:  Թեպետ օպերատիվ շտաբի տվյալներով՝ մարտի 25-ի դրությամբ արտերկրում գտնվող Ադրբեջանի շուրջ 10 հազար քաղաքացի հատուկ չարտերային չվերթով վերադարձել էր երկիր, սակայն երկու օր անց՝ մարտի 27-ին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը արտերկրում (օրինակ՝ Թուրքիայում, Ուկրաինայում) գտնվող իրենց քաղաքացիներին խորհուրդ տվեց մնալ իրենց տեղերում, ոչ թե վերադառնալ Ադրբեջան, քանի որ նրանք կարող են նաև վարակակիր լինել և վերադառնալու դեպքում ստիպված են լինելու կարանտինում մնալ: 


Մարտի 27-ի ուշ երեկոյան Դյուզդաղի առողջարանից հրապարակված տեսանյութում ուսանողներն արդեն պնդում են, իբր թե ավելի վաղ տարածված տեսանյութերում իրենց ձայները խմբագրվել են և դիտավորյալ աղավաղվել: Նրանք շնորհակալություն են հայտնում Ադրբեջանի ու Նախիջևանի ղեկավարությանն ու պատկան մարմիններին՝ պատշաճ պայմաններ ապահովելու համար: Իսկ ուսանողների տեղակայման մյուս հայտնի վայրում՝ Շարուրի ԱԻՆ զորանոցներից մեկում մեկուսացածներից տեղեկություն չկա: