Հունիսի 26-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հ1-ի եթերում՝ խոսելով նոր կորոնավիրուսի համաճարակի պատճառով մահերի մասին, հայտարարում է (05:48-ից).

«Մենք կարողացել ենք այնքան զարգացնել մեր առողջապահական ներուժը, որ ունենք նման լավ ցուցանիշներ։ Եւ ես հպարտանում եմ, որ մենք ունենք նման լավ ցուցանիշներ»:

Հարցազրույցի սկզբում՝ 01:40-ից սկսած, նախարարը 2 րոպեում 6 անգամ շեշտում է, որ ամեն ինչ լավ է. «շատ-շատ լավ», «շատ լավ տեղում [ենք]» (մահերի ցուցանիշներով), «Գերմանիայից ու շատ երկրներից լավ տեղում ենք», «ամբողջ Եվրոպայից լավ տեղում ենք», «[Հայաստանում] բուժօգնությունը շատ բարձր որակի է», «մեր մոտ մատուցվում է ամենաբարձրորակ բուժօգնությունը նման պացիենտների համար»։

Որոշեցի՝ օգտագործելով պաշտոնական և այլ բաց աղբյուրների տվյալները համեմատել Թորոսյանի հպարտության առարկա դարձած ցուցանիշներն այլ երկրների հետ, հասկանալու համար, թե ինչքանով է այդ հպարտությունը արդարացված։

Ինչ և ինչպես ենք հաշվել

Տարբեր երկրների տվյալները վերցրել եմ ամեն օր թարմացվող Worldometer կայքից, օգտագործել եմ նաև ՀՀ պաշտոնական աղբյուրը՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքը։ Այն դեպքերում, երբ Հայաստանին վերաբերող թվերը միջազգային աղբյուրում տարբերվում են հայկականից, առաջնությունը կտանք հայկականին։ Ստորև համեմատում ենք հունիսի 27-ին Worldometer-ում հրապարակած տվյալները։

Worldometer-ը համեմատում է նոր կորոնավիրուսի համաճարակը նկարագրող պարամետրեր 215 միավորի համար ՝ երկրների (այդ թվում գաճաճ պետությունների), որոշ կախյալ տարածքների (օր.՝ Ֆրանսիական Գվիանայի), ինչպես նաև «Diamond Princess» և «MS Zaandam» կրուիզային լայներների, որոնք դիտարկվում են որպես համաճարակի առանձին օջախներ։

Մենք հանել ենք հաշվարկներից 100 հազարից քիչ բնակիչ ունեցող երկրներն ու կախյալ տարածքները՝ որպես վիճակագրորեն աննշան (օր.՝ 810 բնակչով Վատիկանը, որտեղ գրանցվել է վարակման ընդամենը 12 դեպք, այսօր աշխարհում 4րդ տեղն է զբաղեցնում 1 մլն բնակչին ընկնող գրանցված վարակակիրների թվով, որը կազմում է՝ 14,981), բնականաբար՝ նաև լայներները։

Ըստ այդմ մեր ցուցակում ընդգրկված են 100 հազար և ավել բնակիչ ունեցող միավորներ՝ պետություններ ու կախյալ տարածքներ, ընդամենը՝ 188 միավոր։

Worldometer կայքի տվյալների հիման վրա հեղինակի ստեղծած աղյուսակը, որտեղից հանված են 100 հազարից քիչ բնակիչ ունեցող միավորները՝ երկրները և կախյալ տարածքները. https://docs.google.com/spreadsheets/d/1PEuWMRHnSOj9RI91zip48ZsGZTm8_zXN20-uH2AvWjc/edit?usp=sharing

Հայաստանն այդ ցուցակում իր բնակչությամբ 135րդ տեղում է։ Հունիսի 27-ի դրությամբ Worldometer-ի հաշվարկներում օգտագործվում էր ՀՀ բնակչության 2,963,208 թիվը, որը մենք նույնպես կօգտագործենք հաշվարկները չբարդացնելու համար։

Եւս մեկ կարևոր նկատառում. ՀՀ-ում կորոնավիրուսի հետ կապված մահերի մասին ամեն օր 2 առանձին թիվ է հայտարարվում. մեկը՝ այսպես կոչված «կորոնավիրուսից մահեր»։ Մահացածների մյուսը խմբին նկարագրում են հետևյալ կերպ. «կորոնավիրուսով վարակված, բայց մահացել է այլ պատճառներով»։

Հունիսի 26-ի դրությամբ Հայաստանում գրանցված էր «կորոնավիրուսից» 420 մահ և առանձին՝ «այլ պատճառներով» 133 մահ։

(Worldometer-ի հունիսի 27-ի թվերում ներկայացված են ՀՀ-ից հունիսի 26 թվերը, քանի որ դրանք հրապարակվում են հաջորդ օրվա առավոտյան ժամը 11-ին)։

Հանրության համար այդպես էլ գաղտնիք է մնում, թե առողջապահության նախարարությունում ինչպես են որոշում տարբերությունը, քանի որ կորոնավիրուսով մահացածներին՝ ըստ մարտի 31-ին ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունված «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխությունների, չեն դիահերձում։

Երբ առողջապահության նախարարը խոսում է Հայաստանում կորոնավիրուսից մահերի թվի մասին, նա նկատի ունի միայն առաջին խումբը՝ անտեսելով երկրորդ խմբի մահերը։

Այնուամենայնիվ, նույնիսկ եթե չհաշվել վարակակիրների բոլոր մահերը, միևնույն է թվերը խիստ մտահոգիչ են, ինչը ցույց կտանք ստորև։

Մինչև Թորոսյանը «հպարտանում է» մահացության ցուցանիշներով, Հայաստանը նոր կորոնավիրուսի վիճակագրության հակառեկորդներ է սահմանում

Նախ՝ հասկանանք, թե որ տեղերում էր հունիսի 27-ի դրությամբ Հայաստանը բացարձակ ցուցանիշներով.

  • Հայաստանի բնակչություն. 2,963,208 մարդ / 135րդ տեղ
  • Գրանցված վարակվածների բացարձակ թիվ. 23,909 մարդ / 49րդ տեղ։
  • Գրանցված ակտիվ վարակվածների բացարձակ թիվ. 10,445 մարդ / 43րդ տեղ (Բրիտանիայի, Իսպանիայի, Նիդերլանդների, Շվեդիայի ակտիվ վարակակիրների թիվը հայտնի չէ, բայց կասկածից վեր է, որ այդ երկրներում դրանք Հայաստանից ավելի շատ են, ըստ այդմ Հայաստանը չենք հաշվում 39րդ տեղում
  • «Կորոնավիրուսից» մահերի բացարձակ թիվ. 420 մահ / 51րդ տեղ։

Անվիճելի է, որ եթե աշխարհում բնակչությամբ 135րդ երկիրը կորոնավիրուսից մահերի բացարձակ թվով 49րդ տեղում է, ապա դա առնվազն շատ լուրջ մտահոգվելու, այլ ոչ թե հպարտանալու առիթ պիտի լինի այդ մահերը կանխելու համար պատասխանատու №1 պաշտոնյայի համար։

Անվիճելի է նաև, որ իրարից անգամներով տարբեր մեծության բնակչություններ ունեցող երկրները բացարձակ թվերով համեմատելն, իհարկե, սխալ է։ Ու երբ դիտարկում ենք համեմատելի մեծությունները՝ այսինքն ըստ 1 մլն շնչի ցուցանիշները, ապա պատկերը դառնում է ոչ թե մտահոգիչ, այլ աղետալի.

  • Գրանցված վարակակիրները 1 մլն բնակչի հաշվով. 8069 վարակված / 8րդ տեղ
  • Ակտիվ վարակակիրները 1 մլն բնակչի հաշվով. 3569 վարակված / 4րդ տեղ

Իր հարցազրույցում Թորոսյանն ընդունում է, որ սա մտահոգիչ ցուցանիշներ են, բայց պնդում է, որ մահացության ցուցանիշներով վիճակը «լավ» է, նույնիսկ «շատ-շատ լավ», ինչի համար, իր խոսքերով, «հպարտանում է»։

Դիտարկենք մահերի հետ առնչվող իր նշած երկու հարաբերական ցուցանիշը.

  1. «Կորոնավիրուսից» մահերի թիվը 1 մլն բնակչի հաշվով. 142 մահ / 20րդ տեղ
  2. «Կորոնավիրուսից» մահերի և բոլոր գրանցված վարակակիրների հարաբերություն՝ 1,76% / 112րդ տեղ

Ակնհայտ է, որ առաջին պարամետրով աշխարհում 20րդը լինելը ոչ թե «լավ» կամ առավել ևս «շատ-շատ լավ», այլ ՇԱՏ ՎԱՏ ցուցանիշ է, հաշվի առնելով, որ մեր ցուցակում 188 երկիր է ընդգրկված։

Այն փաստը, որ որոշ զարգացած երկրներ այդ ցուցակում մեզնից առաջ են, չպետք է արդարացում լինի, է՛լ չասած «հպարտության առարկա»։ Պետք է հասկանալ, որ այդ երկրները Հայաստանից անգամներով ավելի ինտենսիվ ուղևորահոսքերով երկրներ են։ Պետք է նաև հասկանալ, որ այդ երկրներից Բելգիայում, Միացյալ Թագավորությունում, Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում համաճարակը բռնկվել է Հայաստանից մոտ մեկ ամիս ավելի վաղ, այսինքն ի տարբերություն Հայաստանի այդ երկրների ղեկավարները դեռ չունեին լիարժեք ինֆորմացիա պատկերացնելու համար գալիք համաճարակի մասշտաբները, առողջապահական համակարգերը չեն իմացել, թե ինչի են բախվել, դեռևս չեն ունեցել համապատասխան գիտելիք և փորձ։ Վերոնշյալ բոլոր երկրներում առողջապահական համակարգը փլուզվել է։

Այդ երկրների գիտելիքն ու փորձը ձեռք է բերվել սխալների՝ ներառյալ նաև հազարավոր կյանքերի, գնով։

Հայաստանը, բարեբախտաբար, «առաջնագծային» այն երկրների ցանկում չէր, որոնք առաջինն ընդունեցին կորոնավիրուսի ամենածանր հարվածները։ Հայաստանի առողջապահության համակարգն առնվազն մեկ ամսվա առավելություն ուներ։

Ավելին՝ այդ երկրներից մի քանիսում համաճարակի տարածումն այսօր գրեթե դադարել է։ Այս օրերին Իսպանիայում և Իտալիայում օրական մահերի թիվը՝ բնակչության համեմատ, արդեն այնքան փոքր է, որ 1 մլն շնչի հաշվով մահերի ցուցանիշի վրա շատ քիչ է ազդում։ Իսկ այ Հայաստանում այդ թիվը դեռևս աճում է, այսինքն մոտ ժամանակ, եթե կտրուկ չդանդաղի համաճարակի տարածման տեմպը Հայաստանում, ապա վտանգ կա, որ մենք կհասնենք և գուցե նույնիսկ հետևում կթողնենք նաև այդ երկրները։

Կարծում ենք պատահական չէ, որ հաղորդավարի հարցին պատասխանելիս Արսեն Թորոսյանը խուսափում է նշել, թե իր ասած «շատ-շատ լավ տեղը» կոնկրետ որն է, այլ ասում է, որ այն «Գերմանիային մոտ է»։

Այնուամենայնիվ նույնիսկ դա է սխալ համեմատություն. հունիսի 27-ի դրությամբ Գերմանիան Հայաստանից 6 դիրքով ներքև էր՝ 26րդ տեղում, 1 մլն բնակչին 108 մահով։ Այսինքն Հայաստանի նույն ցուցանիշը 31,5%-ով ավելի վատն էր։ Իսկ հունիսի 28-ի դրությամբ Հայաստանի թիվն աճել է 142-ից 144, Գերմանիայինը մնացել է նույնը, տարբերությունը մեկ օրում արդեն 33,3% է։ Սա «մոտ լինել» չէ, ինչպես պնդում է Թորոսյանը։

Եվրոպական երկրներից 1 մլն շնչին մահերի թվով Հայաստանից առաջ է նաև Շվեդիան, որտեղ ընդհանրապես լոքդաուն չի եղել, միշտ շարունակել են աշխատել դպրոցները, հանրային սննդի օբյեկտները և այլն։

Ինչ վերաբերում է 2րդ կետին՝ ապա Արսեն Թորոսյանը դիմում է հետևյալ մանիպուլյացիայի… Հարցն այն է, որ այսօր կորոնավիրուսից մահանում են մարդիկ, որոնք վարակվել են 3–4 շաբաթ առաջ։ Այսօրվա ակտիվ վարակակիրների որոշ տոկոսը, ինչքան էլ ցավալի է դա բարձրաձայնել, իր մահկանացուն կկնքի գալիք 3–4 շաբաթների ընթացքում։ Այդ պարամետրը իմաստ ունի հաշվել միայն համաճարակի ավարտից ՀԵՏՈ։ Սա հենց այն դեպքն է, երբ ճտերին պետք է «աշնանը» հաշվել։

Ավելին, «վիրուսի մահաբերությունն» այդպիսի բանաձևով հաշվելը հայտնի սխալ է, ինչի մասին բազմիցս նշվել է տարբեր հանրամատչելի հոդվածներում (օրինակ

Վերջաբանի փոխարեն

Այսպիսով ակնհայտ է, որ Հայաստանի առողջապահության ոլորտի ղեկավարությունը նոր կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում հպարտանալու որևէ հիմք չունի։

Արսեն Թորոսյանի նշած «պանծալի» առաջին ցուցանիշը՝ 1 մլն շնչին մահերի թիվն, իրականում 188 երկրներից ամենավատ քսանյակի մեջ է և բացասական դինամիկան շարունակվում է։

Երկրորդ ցուցանիշը, ինչպես արդեն բացատրեցինք, մանիպուլյատիվ է և այն պետք է հաշվվի համաճարակը վերջանալուց հետո։

Հ.Գ. Եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ այս անմխիթար պատկերը ստացվում է նույնիսկ չհաշված «այլ պատճառներով» տարօրինակ ձևակերպմամբ մահերը։ Դրանք հաշվի առնելու դեպքում պատկերն է՛լ ավելի մռայլ է դառնում։