Ֆեյսբուքի ադրբեջանցի օգտատերերը տարածում են երկրում նոր կորոնավիրուսից մահացած բժիշկների ցուցակ՝ 34 բժիշկների անուններով։ Մենք ստուգեցինք ցուցակում նշված անունները և կարողացանք 34-ից 33-ի՝ կորոնավիրուսից մահանալու փաստը հաստատող այլ աղբյուրներ գտնել։ Այսպիսով, տվյալ ցուցակը կարող ենք համարել հավաստի։ Մահացածներից 2-ը գլխավոր բժիշկներ են, 2-ն էլ՝ բաժնի վարիչներ։ Մահացած բժիշկներից մեկը ՀՀ Տավուշի մարզին սահմանակից Ղազախի շրջանից է։

Ցուցակը ստուգելիս պարզեցինք, որ նշված բժիշկներից մեկն ապրում և աշխատում էր Թուրքիայում, որտեղ էլ մահացել է կորոնավիրուսից։ Մյուս կողմից՝ ցուցակում ընդգրկված չէ մայոր, ռազմաբժիշկ Ջաֆարով Թեյմուր Օքթայ օղլուն, որն Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր կլինիկական հոսպիտալում աշխատում էր որպես ռեանիմատոլոգ-անեսթեզիոլոգ։

Ավելորդ չի լինի նշել, որ ցուցակում միայն բժիշկների անուններ են, այլ բուժանձնակազմ (բուժքույրեր, սանիտարներ և այլն) չկա։

Ըստ պաշտոնական տվյալների՝ օգոստոսի 4-ի դրությամբ Ադրբեջանում կորոնավիրուսից մահացել է 473 մարդ։ Այսինքն ստացվում է, որ մահացած բժիշկները (և սա՝ չհաշված մնացած բուժանձնակազմը) կազմում են այդ թվի շուրջ 7%-ը։

Ստեղծված իրավիճակը պարզաբանելու համար կարող ենք ենթադրել, որ

  • Ադրբեջանում բժիշկները չափազանց խոցելի ու անպաշտպան են, այդ պատճառով շատ են մահերը;
  • Կորոնավիրուսից մահվան իրական թվերը շատ ավելի մեծ են, քան Ադրբեջանը պաշտոնապես է հայտարարում։

Նշենք, որ կորոնավիրուսից մահացած բուժաշխատողների հիշատակի նմանատիպ ցուցակ կա Ռուսաստանում։ Այն կազմում են մահացածների ծանոթները, գործընկերները, այդ պատճառով ցուցակի տվյալները որոշակիորեն տարբերվում են երկրի առողջապահության նախարարության տվյալներից։ Ըստ այդ ցուցակի՝ օգոստոսի 4-ի դրությամբ ՌԴ-ում COVID-19-ից մահացել է 620 բուժաշխատող։

Եթե անգամ համեմատում ենք այս ոչ պաշտոնական տվյալների հետ (որտեղ ընդգրկված են ոչ միայն բժիշկների, այլ ընդհանրապես բուժաշխատողների անուններ), Ռուսաստանում կորոնավիրուսից բուժաշխատողների մահվան ցուցանիշը կազմում է ընդամենը 4,3%։

Մեկ այլ համեմատություն․ ապրիլի 27-ին, այդ ժամանակ համաճարակի խոշոր կենտրոններից մեկը համարվող Իտալիայում, կորոնավիրուսից մահացել էր շուրջ 26 921 մարդ, որոնցից 151-ը՝ բժիշկ։ Այսինքն՝ բժիշկների մահացության ցուցանիշն ընդամենը 0,6% էր։

Հավելենք, որ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից կորոնավիրուսից մահացած ռազմաբժշկի մասին տեղեկությունը չթաքցնելը ևս կարող է հուշել երկրի զինված ուժերում իրական պատկերի՝ առավել մտահոգիչ լինելու մասին։


Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացած առաջին բուժաշխատողի մասին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է հունիսի 23-ին։ Հուլիսի 22-ին գրանցվել է բուժաշխատողների մահվան երկու դեպք (1, 2): Վերջին՝ չորրորդ դեպքը գրանցվել է հուլիսի 30-ին։ Սա նշանակում է, որ պաշտոնական տվյալներով Հայաստանում COVID-19-ից բուժաշխատողների մահացության ցուցանիշը 0,5% է։