–Ո՞նց եք։

-Ահ ու սարսափի միջին ապրում ենք,– պատասխանում է Ազատամուտի բնակիչ Լենա տատը, որ Լոռուց այստեղ է տեղափոխվել 1978 թվականին, երբ դեռ հայն ու ադրբեջանցին սովետական միության կազմում այս տեղանքում ապրում էին կողք կողքի։

Այսօր Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի մի հատված GPS–ով կիսվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև, եթե ՀՀ կառավարությունը Ադրբեջանին հանձնի Բարխուդարլու և Սոֆուլու անկլավները։

Այսպիսի իրավիճակ է ստեղծվելու, եթե Տավուշում կիրառվի GPS քարտեզը

Քաղաքագետ Էլբակյան Էդգարը պատմում է, որ Ազատամուտը 1970–ականներին ստեղծվել է որպես բանավան՝ գործարանի շուրջ, պատճառներից մեկը եղել է, որ երկու ադրբեջանական գյուղեր կոմպակտ իրար կողք չլինեն ապագա խնդիրներից խուսափելու համար (ազգայնական քաղաքականության շրջանակներում)։ Իսկ գյուղի վերածվել է ԽՍՀՄ փլուզումից հետո, գյուղի մարդիկ եկամտի հիմնական աղբյուր են ծառայեցնում «անկլավների» այգիները։

Ազատամուտի բնակիչները հիշում են՝ խորհրդային տարիների իրենց կյանքը ադրբեջանցիների հետ, լավ էին ապրում, անգամ կինո ու թատրոն կար, բայց հետո պատերազմ եղավ, իրենց գյուղը զոհեր տվեց ու ամեն ինչ անդառնալիորեն փոխվեց։

–Հնարավո՞ր է թուրքի հետ էլի խաղաղ ապրել։ –Ա, դժվար հարց ես տալիս, չէ, ես որ չեմ հավատում, որ տենց բան կլինի, որ նախկինի պես նորից իրար հետ ապրենք, բայց ապրել են էլի 100 տարի ապրել են, մենակ հայը մի մեքենայով Ղազախով էր չէ՞ Թիֆլիս գնում-գալիս, քանի հետ եմ գնացել, մերnնք կանգնացնում էին, ասում էին՝ արագ ես քշում , հինգ մանեթի պակաս, ասում էր՝ էս ինչ ես տալիս, իսկ թուրքը մի մանեթ թող էիր տալիս չայի փող, ասում էր՝ «չոխ սաղոլ»՝ շատ ապրես, նրանք հայերովն էին ապրում, ինչ–որ տեղով հայերն էլ նրանցից էին օգտվում․․․։ Էն ինչ կատարվում ա սեպտեմբերի 27-ից հետո, ահավոր ա, գալիս մեր տնից 6 հոգու են տանում։․․․ Շատ վատ ա, ընկերներ, վիճակը շատ վատ ա,– ասում է Սուրիկ պապն ու վրդովված հեռանում։

Լենա տատն ասում է՝ չի պատկերացնում, որ կհարմարվեն թուրքի հետ կրկին կողք–կողքի ապրելուն․ Արցախյան երկրորդ պատերազմին էլ են գյուղից զոհեր եղել, վիրավորներ․

«Մեկ էլ որ նայում եմ 18 տարեկաններին, 20 տարեկաններին, ասում եմ՝ լավ ա՝ իմ երեխեն գոնա մի երեխա ունի, իսկ նրանք ընդհանրապես չամուսանացան էլ, դա ինձ ավելի ա ցավեցնում»,– իր մահացած որդուն է հիշում ազատամուտցի կինը։

Սուրիկ պապ․ Էս երեխեքը ի՞նչ անեն, որ թուրքը գա ստեղ, ծնողը էլ չի թողելու խաղան, կարող ա գան գողանան նույնիսկ, երեխեքին տանեն, նրանցից ամեն ինչ սպասելի ա։

–Կյանքում չենք քինալու, մենակ մենք խնդրում ենք էդքան հրացաններ, իմ հրացաններն էլ են վերցրել, զենքերը հետ տան, ասենք ստիա կյանքում հետ չեմ քինա, գոնե իմ բակում եկող թուրքին ախոտնիչիով կրակեմ, – նշում է Սուրիկ պապի ընկերը՝ Հրանտը պապը, որը ժամանակին աշխատել է Բարխուդարլուի կայարանում՝ որպես կռունկավար։
–Մինչև ինքը մեզ խփի, մենք մի քանիսին խփենք,– ընդհատում է Սուրիկ պապը։
–Հա, ա մենակ էդ, զենք տան, ամենքին էլ չտան, ալկոհոլիկ ա, ինչ ա։

Սուրիկն ու Հրանտը

Գյուղում լսել են, որ խոսակցություններ կան ադրբեջանցիներին որոշ տարածքներ հանձնելու մասին, բայց չեն հասկանում՝ ճիշտ են դրանք, թե ոչ։

–Հուսանք լավ կլինի։ –Կապրենք կտեսնենք։ Հույսը, ասում են, վերջում ա մեռնում, հույսով ապրում ենք։

Հաջորդ կանգառը Կայան գյուղն է, որտեղ տանող ճանապարհների որոշ հատվածներ նույնպես GPS–ային Ադրբեջանում են։ Ըստ ԽՍՀՄ ԳՇ քարտեզի՝ գյուղի մի հատված խորհրդային Ադրբեջանի կազմում է։ Մեզ հանդիպած կայանցիները ժխտում են իրենց տներին սպառնացող որևէ վտանգի առկայություն։

–GPS, տենց բան չկա, սաղ սուտ զրիցներ են, էս պահին տավուշի սահմանը շատ խախանդ ա, վաբշե խնդիր չունենք։
–Իսկ մտահոգություն չունեք, որ իրավիճակը…։
–Չէ, վաբշե չունենք։

–Չի ստորագրելու,– ասում է իր պատշգամբից տղամարդն ու ավելացնում,– նա կարող է Երևանի համար ստորագրի, բայց ստիին համար չի ստորագրելու։

Գյուղի այս հատվածում տեղադրված է 2013-ի հոկտեմբերի 17-ին մարտական առաջադրանք կատարելիս ականի պայթյունից զոհված կապիտան Գևորգ Գագիկի Մնացականյանի հիշատակի ցայտաղբյուր։

Ինչպես նաև Խաչքար՝ նվիրված զոհված ազատամարտիկների հիշատակին, պատերազմին նվիրված հուշահամալիր․

Կայանը սահմանակից է հայկական Այգեհովիտ և Ազատամուտ գյուղերին, ինչպես նաև Ադրբեջանին։ 

բենզալցակայան

Կայանից ուղևորվեցինք Գոմաձորի եկեղեցի, որը բանավոր խոսքով թվագրվում է որպես 13-րդ դարի կոթող։ Թեև այս եկեղեցուց կանգուն է մնացել երկու պատ միայն, այն վկայում է այս տարածաշրջանում հայերի վաղ բնակության մասին։

Էլբակյանի խոսքով՝ այն, որ եկեղեցին ամբողջությամբ չի պահպանվել կարող է հետևանք լինել այստեղ ժամանակին այլոց ունեցած վերահսկողության։

Եկեղեցու պահպանված պատը

Այս տարածքում հայերի հնակեցության մասին է վկայում նաև Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է 7-րդ դարում։ Այն անմիջապես հայ–ադրբեջանական սահմանին է և թշնամու ուղիղ դիտարկման տակ։

Հուշարձանագետ Սասուն Դանիելյանը ներկայացնում է Ոսկեպար գյուղի հին գերեզմանոցը՝ պահպանված 18-19–րդ դարի տապանաքարերով և 16-17-րդ դարի խաչքարերով։ Նրա խոսքով՝ գերեզմանոցը հիմնականում ավերվել է տեղում հաստատված քոչվորների ձեռքով։

Այստեղով անցնող ճանապարհի տրամադրումը ադրբեջանցիներին վտանգելու է Ոսկեպար գյուղը և դրան հարակից բոլոր պատմական հուշարձանները։


Եթե Տավուշում վերոնշյալ (և ոչ միայն) տարածքները հանձնվեն թշնամուն, ապա Այգեհովիտ, Դիտավան, Կիրանց և Աճարկուտ գյուղերը կհայտնվեն «կիսապաշարված» իրավիճակում, որոշ գյուղեր կզրկվեն իրենց արոտավայրերից, կվտանգվի Հայաստանը Վրաստանին կապող Իջևան–Նոյեմբերյան միջպետական ճանապարհը։

Այցը կազմակերպել էր «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպությունը։