Երեկ՝ օգոստոսի 14-ին, Հանրապետության հրապարակի սրճարաններից մեկում մամուլի այսօրվա խնդիրների մասին զրուցում էինք Aravot.am–ի խմբագիր Աննա Իսրայելյանի հետ։ Նույն ժամանակ մեզնից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա ՀԱԿ և ՔՊ ակտիվիստները ներխուժել էին «Էրեբունի պլազա», որտեղ պետք է կայանար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը։

Աննա Իսրայելյանը «Առավոտի» առցանց  տարբերակի խմբագիրն է։ Աշխատել է «Հայք», «Ազգ», «Լրագիր» թերթերում, «ԱՐ», «Արմենիա», «Ա1+ » հեռուստաընկերություններում, «Ազատություն» ռադիոկայանում: 1999թ. ստացել է Երևանի մամուլի ակումբի մրցանակը՝ «Հոկտեմբերի 27-ի իրադարձությունների լավագույն լուսաբանման համար»։


— Իշխանափոխությունից հետո առաջատար լրատվամիջոցների խմբագիրները երկու անգամ համատեղ հայտարարությամբ  (1, 2) հանդես եկան, այդ թվում նաև Դուք։ Մտահոգություն էիք հայտնում, որ լրագրողների, լրատվամիջոցների գործունեության նկատմամբ կան բացահայտ և վտանգավոր անհանդուրժողական, ատելության վերաբերմունքի, թշնամանք հրահրող խիստ ագրեսիվ դրսևորումներ՝ և՛ հասարակության մի հատվածի, և՛ իշխանական քաղաքական ուժի ներկայացուցիչների ու համակիրների կողմից։ Ինչպիսի՞ն է պատկերն այսօր։ Այս մտահոգությունները դեռ արդի՞ են։

— Ասեմ, որ հայհոյանքները պակասել են, քանի որ հոսքը մի քիչ թուլացել է կամ էլ քանի որ արձակուրդային սեզոն է։ Ինչ-որ տեղ նաև մենք իմունիտետ ձեռք բերեցինք. «երեխային կեղտաջրի հետ շպրտելով»՝ ուղղակի դադարեցինք հետևել, թե սոցիալական ցանցերում ինչպես են մեկնաբանում [«Առավոտի» նյութերը], որովհետև անկեղծ ասեմ, ինչ–որ պահից տեսնելով, թե ինչ աստիճանի անհասկացողություն կա ընթերցողների կողմից, եթե դրանք իրոք ընթերցողներ են, ուղղակի կորում էր լրագրությամբ զբաղվելու ցանկությունը։

Ամենաանհեթեթ մեղադրանքներ կային, օրինակ՝ մամուլի տեսության համար, որտեղ հենց վերնագրում գրված է, որ այլ լրատվամիջոցից մեջբերված հրապարակում է, կամ պաշտոնական հաղորդագրության համար, անընդհատ վիրավորում էին, թե «դուք ծախու եք», «դուք նախկին ռեժիմի ներկայացուցիչ եք», «դուք տենչում եք հակահեղափոխության հաղթանակը Հայաստանում»։ Եթե չէիր սկսելու արդարանալ (իսկ նման ցանկություն բացարձակ չկար), եկավ կարմիր գիծ, որ ուղղակի սկսեցիր բացարձակապես անտեսել այդ մեկնաբանությունները։ Եթե իրենք ուզում էին, որ ուղղակի ընդհատվի լսարան-լրատվամիջոց կապը, կարող եմ ասել՝ դրան հասան։

Մենք հատուկ աշխատակից ունենք, որը հետևում է մեկնաբանություններին, կարդում նամակները, փորձում էինք մեր ամենօրյա աշխատանքում հաշվի առնել [ընթերցողների կարծիքը], իսկ հիմա, քանի դեռ այս մասնակի խելահեղությունը չի դադարել, քանի մարդիկ չեն վերգտել համարժեք դատելու և կարդացածը հասկանալու ունակությունը, երևի ուղղակի առժամանակ պետք է ատամները սեղմած սպասել մինչև այս հետհեղափոխական ցնցումները կդադարեն։

Ասում եմ՝ մի քիչ մեղմացել է, բայց միևնույն է շարունակվում է, էլի կոչեր են արվում ինչ–որ կերպ սահմանափակելու մեր ներկայությունը սոցցանցերում։ Դրանք գուցե նորմալ են, քանի դեռ միայն խոսքերի մակարդակով են, բայց խնդիրն այն է, որ հայտարարությունն անելու առիթ հանդիսացավ նաև այն, որ ուղղակի փորձ էր արվում խափանել լրատվամիջոցների աշխատանքը։

Գործընկերներիցս մեկի դեպքում շարքից հանեցին Ֆեյսբուքում Instant Article գործիքը, մյուսի՝ «Հրապարակի», դեպքում ուղեցույցներ էին տարածում, թե ինչպես արգելափակել ՖԲ-էջը և գրում էին, որ ՖԲ-էջից հետո կանցնեն կայքին։ Մեր դեպքում անընդհատ փորձում էին վարկանիշը իջեցնել, մինչև ստիպված չեղանք փակել գնահատելու հնարավորությունը։

Հայտարարության մեկ այլ կետով կարևորում էիք «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի պարտադիր կիրառումը նաև լրատվական օնլայն հարթակների համար: Մտահոգություն չկա՞, որ սա կարող է դառնալ լրատվամիջոցներին սահմանափակելու գործիք:

— Ճիշտ նման հակափաստարկ ժամանակին ներկայացրել էր մարդ, որը հիմա ԱԱԽ քարտուղարն է, երբ դեռ «Սիվիլնեթի» սյունակագիրն էր, երբ մենք ուզում էինք, որ մի հարթության մեջ չդիտարկվեին լրատվամիջոցներ, որոնց՝ օրենքով պահանջվող բոլոր տվյալները հայտնի են. հրատարակիչ, հասցե, հեռախոսի համար, որոնց կարելի է պատասխանատվության կանչել; երբ խնդիր կա կարգավորելու, գիտես ում դիմել։ Իրենք ունեին մտավախություն, որ նման լծակը իշխանությանը հնարավորություն կտա համացանցում ավելի շատ «բոլտերը ձգել»։

Ես հիմա նույնը կառաջարկեի, քանի որ իրենք էլ են սկսել նույն խնդրին բախվել, [զգում են] թե ինչի կարող են հանգեցնել անանուն, ֆեյքային հրապարակումները։ Եթե իրենք իրենց վստահում են ու գիտեն, որ ի տարբերություն նախկին իշխանության, իրենք չեն փորձի այդ լծակը ի չարս գործադրել, այդ խնդիրը այսօր էլ է մնում, որովհետև դաշտը ուղղակի հեղեղված է անանուն, անհասցե, որևէ ձևով չնույնականացվող սուբյեկտներով։ Լրատվական դաշտում թացն ու չորը լրիվ խառնվել են իրար։ Վաղ թե ուշ այդ հարցը պետք է կարգավորվի։

Լուսանկարը՝ Արթուր Պապյանի

— Ֆեյսբուքում ֆեյքերի թվի աճ է տեսանելի, որոնք հաճախ ուղղորդվում են նաև ԶԼՄ–ների դեմ։ Նույնը գրանցել էին նաև հայտարարության տակ ստորագրած խմբագիրները։ Փորձե՞լ եք պարզել՝ որտեղ է թելի կծիկի ծայրը։

— Ֆեյքերի մասով ինքս այդքան չեմ էլ ուսումնասիրել՝ արդյոք անուն-ազգանունով հանդես եկողի հետևում իրական մարդ է, թե ոչ։ Բայց շատ անգամ ենք տեսնում, որ լրատվամիջոցների դեմ հարձակումներ հրահրողները ներկա իշխանության համակիրներ են, մարդիկ, որոնք շատ արագ պաշտոններ ստացան. մեկը դարձավ Սփյուռքի նախարարի օգնական, մյուսը՝ փոխնախարար, մարդիկ որոնք ուղղակի գլխավորում էին այդ քարոզչությունը։

Ես մտածում էի, որ այդպիսով իրենք փորձում էին պաշտպանել իրենց նոր իշխանությունը՝ ենթադրելով , որ կա հակահեղափոխության վտանգ, բայց ինձ համար մի բան է զարմանալի․ մի կառավարությունում, որտեղ այդքան շատ են առնվազն նախկին լրագրողները, այսքան թողտվություն կա անհանդուրժող խոսքի, լրատվամիջոցների աշխատանքը խափանելու նկատմամբ և անգամ այն պայմաններում, երբ կոչեր հնչեցին Նիկոլ Փաշինյանից և Աննա Հակոբյանից՝ «թողեք մամուլը աշխատի»։

— ԶԼՄ–ների դեմ հարձակումների, քննադատությունների ֆոնին ընթերցումների նվազում կա՞։

Կոնկրետ մեզ մոտ՝ չկա։ Անգամ կարող եմ ասել, որ ավելի շատ է, քան նախկինում։ Ապրիլի համեմատ մի քիչ նվազել է, այդ օրերին միջինը 200 հազար ընթերցող էինք ունենում, այսօր 70–80 հազար։ Սակայն միևնույն է, կարող եմ կրկնել, որ ավելի վաղ ժամանակահատվածի համեմատ աճել է։

— Ինչպե՞ս լրագրողները հասկացան Նիկոլ Փաշինյանի «պարզապես մի´ արեք» արտահայտությունը։

Ծայրահեղ անհաջող, վատ ձևակերպում է։ Տարբեր կարծիքներ հնչեցին. որ դա վերաբերում է «Կենտրոն Թիվիին», «Երկիր Մեդիային», Հ1-ին։ Երեքն էլ կարող էին իրենց հասցեին ընդունել, ու թերեւս մնացածներն էլ: Սակայն նշեմ նաև, որ հեռուստաոլորտում աշխատող գործընկերներիցս մեկը նկատեց, որ ի տարբերություն նախկին ժամանակների, եթե առաջ ուղղակի ասում էին՝ ինչ ցուցադրել կամ ոչ, հիմա նման կոպիտ միջամտություններ չկան։ Սա դրական միտում է։ Միայն այդ գրառումն է եղել, կարծես թե, և այն, իհարկե, շատ վատ է ընկալվում։

— «Նոր կառավարության ղեկավարին և անդամներին կոչ ենք անում նաև զերծ մնալ ԶԼՄ-ների մասին անզգույշ, երբեմն՝ անպատասխանատու հայտարարություններից, որոնք կարող են անդրադառնալ նրանց հեղինակության և հետագա գործունեության վրա», — մեջբերում եմ հայտարարությունից։ Կառավարության ներկայացուցիչներից սպասելի՞ք կա, որ կփորձեն զսպել իրենց համակիրներին՝ ԶԼՄ-ներին չքարկոծելու հարցում։

Կառավարությունից սպասելիք չկա, այդպիսի հույս չունեմ։ Նրանք են երբեմն դա հրահրում, իրենց ֆեյսբուքյան էջերում գրում են ԶԼՄ-ների դեմ, թեկուզ նույնիսկ եթե գրառումը թեթև քննադատական ոճով է՝ մեկ է, դրանց տակ սկսվում են ավանդական հայհոյանքները։ Թեեւ էլի նշեմ՝ եղել է նաեւ Աննա Հակոբյանի հայտարարությունը, թե «Հիմա մամուլն էլ ավելի քննադատող եւ հետեւողական պետք է լինի կառավարության աշխատանքի հանդեպ»: Սակայն նոր կառավարության կողմնակիցներն անտեսում են նման կոչերը՝ փորձելով բնում լռեցնել ցանկացած քննադատական խոսք:

— Այսօր ի՞նչ խնդիրներ ունի մամուլը՝ առցանց և տպագիր։

Այսօր խնդիր կա կառավարության հետ մեր աշխատանքը հստակեցնելու։ Նախկինի համեմատ բացարձակ տարբեր է վերաբերմունքը։ Մեզ հետ աշխատանքը ուղղակի վերացել է, ոչ թե փոխվել է, այլ դեռ պետք է ձևավորվի, «միս ու արյուն» ստանա։ Ի վերջո, ֆեյսբուքով, թվիթերով մարդկանց հետ շփվելը, տեղեկատվություն փոխանցելը իրենց հայտնագործությունը չէ։ Թրամփը թվիթերյան գրառումներ է անում, բայց միաժամանակ Սպիտակ տան մամուլի ծառայությունը չի դադարում գործել։ Կարիք կա մեզ հետ խաղի կանոնների հստակեցման։

Կան հարկերից սնվող մամուլի ծառայություններ, որոնք երեք ամիս է՝ ֆեյսբուքում գրելուց բացի, իրենց աշխատանքը չեն արել:

Եթե ասեն, որ այսուհետ տեղեկություններ ստանալու եւ ճշտելու միակ աղբյուրը Ֆեյսբուքն է, պատրաստ ենք նաեւ այդպես աշխատել: Բայց այդ դեպքում թող լուծարեն այդ վարչությունները, խնայեն հարկատուների միջոցները:

Չնայած նաև ասեմ, որ մեր երկրորդ հայտարարությունից հետո որոշակի փոփոխություն կա, որոշ գերատեսչությունների ծառայություններ փորձում են աշխատել։

— Որոշ լրատվամիջոցներ մտահոգված են, որ խնայողության նպատակով կառավարությունը կրճատել է թերթերի բաժանորդագրությունը։ Արդյոք դա իսկապե՞ս լուրջ խնդիր է։

Տպագիր մամուլն առանց այդ էլ կիսամեռ է, հազիվ է շնչում։ Իսկ թերթերի հիմնական բաժանորդները պետական կառույցներն են։ Սա էլ կարող է ընկալվել որպես լրատվամիջոցների հանդեպ վերաբերմունքի փոփոխության ևս մի արտահայտություն։

— Ի՞նչ կցանկանաք ավելացնել։

Ավելացնեմ նաև, որ քիչ են մնացել կազմակերպություններ, որոնց մենք կարող ենք նման խնդիրներով դիմել։ Լրագրողական կազմակերպությունները,  այլ կառույցներ, որ մեր կողքին պետք է լինեին, որպեսզի մամուլ – կառավարություն աշխատանքները կանոնակարգվեին, «խախտեցին» անկողմնակալությունը՝ նախապես հայտարարելով կառավարությանն իրենց աջակցության մասին: Եվ այժմ հակված են մատների արանքով նայելու բոլոր այն խնդիրներին, որոնց առնչությամբ մտահոգություն ենք հայտնում:

Ասենք, խոսում ենք անհանդուրժողականության սաստկացած մթնոլորտի մասին՝ նրանք փաստացի փորձում են արդարացնել այն, պնդելով, թե նման բողոքներով հանդես են գալիս այն ԶԼՄ-ները, որոնք առաջ հրահանգներ էին ստանում, իսկ հիմա շփոթահար չգիտեն ինչ անել…

Ի դեպ, մենք առաջինը չենք, որ արձանագրեցինք այդ անհանդուրժողականության մթնոլորտը։ Մարդու իրավունքների պաշտպանը դեռևս այն օրերին, երբ հայտարարում էին սիրո և  հանդուրժողականության մասին, արձանագրեց սոցցանցերում այդ վիճակը, մենք երկրորդել ենք ընդամենը։ Երեկ այդ հայհոյալից տարափն ուղղվում էր ընդդեմ նաեւ քննադատական խոսք հրապարակող ԶԼՄ-ների, այսօր՝ փաստաբանների դեմ, երբեմն անգամ յուրայիններ են հայտնվում «կրակի տակ» ու հարկադրված հրաժարական տալիս: Հետաքրքիր կլիներ, եթե թիրախում հայտնվեին նաեւ նրանք, ովքեր մերժում են, թե խոսքի ազատության նկատմամբ ոտնձգությունները նոր դրսեւորում են ստացել՝ ի՞նչ կասեն նրանք այնժամ: