Մերկելը Երևանում և Բաքվում հայտարարեց, որ Գերմանիան պատրաստ է «քաղաքական պատասխանատվություն ստանձնել» Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում, իսկ Ալիևը պահանջում է առանց նախապայմանների Արցախից անմիջապես դուրս բերել հայկական զորքը։ Օրեր են անցել, բայց Երևանում այդ հայտարարությունները կարծես թե ընդհանրապես «չեն նկատել»։
Եթե դատենք լրատվական հիմնական հարթակների հրապարակումներով՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը տարածաշրջան հակիրճ կարելի է ձևակերպել 3 կետով․
- 193 մլն եվրո Վրաստանին՝ գազի պահեստ կառուցելու և Աջարիայում ջրմուղի և կոյուղու վերակառուցման համար;
- Զբոսանքներ ու սելֆիներ Հայաստանում;
- «Հարավային գազային միջանցքի» կառուցման ընթացքի քննարկում Ադրբեջանում։
Վրաստանին տրված վարկերը, բնականաբար, բանակցվել են այցից շատ առաջ, ուղղակի 193 մլն եվրոյից գազի պահեստի կառուցման տրվող 150 միլիոնի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվեց Մերկելի այցի ժամանակ։ Մնացած գումարը՝ 40 մլն եվրոյի արտոնյալ վարկը և 3 միլիոնի դրամաշնորհը, տրամադրելու են Աջարիային։
Հայաստան այցից 5 օր անց՝ օգոստոսի 28-ին, ՀՀ ԱԳՆ-ն վերջապես որոշ մանրամասներ հայտնեց այն մասին, թե ինչ է քննարկվել Մերկելի հետ․
«Այս ուղղությամբ [ներդրումների և համատեղ ծրագրերի, Կ․Վ․] հայկական կողմը ներկայացնելու է հստակ առաջարկություններ և ծրագրեր, հանձնառու է եղել այս գործին։ Այցի շրջանակներում քննարկվել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի հարցը, վիզաների ազատականացման հարցը, և ստացել ենք գերմանական կողմի հստակ հավաստիացումները։»
Ասվեց նաև, որ քննարկվել է Արցախի հիմնախնդիրը։ Այնուամենայնիվ առանց որևէ պաշտոնական մեկնաբանության մնաց Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից անմիջապես հետո Մերկելի հայտարարությունը արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում Գերմանիայի մասնակցության մասին․
Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Գիտեք, Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, և մենք խոսել ենք այն մասին, որ լավ կլինի, իհարկե, լուծել հակամարտությունները, բայց այն պետք է լուծվի այնպիսի մթնոլորտում, որտեղ բոլոր կողմերը պատրաստ են դրան, և Գերմանիան պատրաստ է նաև այստեղ քաղաքական պատասխանատվություն ստանձնել:
Ադրբեջանում էլ «Հարավային գազային միջանցքի» մասին լրիվ սպասելի քննարկումից զատ (նոր չէ, որ հայտնի է ԵՄ համար դրա կարևորությունը) Մերկելը կրկին հայտարարեց Արցախի հարցի կարգավորմանը մասնակցելու ցանկության մասին։
Մերկելի սույն հայտարարությունը բավականին ուշագրավ է, քանի որ նախկինում նա խոսել է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբին աջակցելու, բայց ոչ «քաղաքական պատասխանատվություն ստանձնելու» մասին։
Ընդհանրապես, Հայաստանը նախկինում միշտ հաջողությամբ կասեցրել է Արցախի հիմնախնդրի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբից այլ հարթակ (օրինակ՝ ՄԱԿ) տեղափոխելու կամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ինստիտուտի ձևաչափը փոխելու Ադրբեջանի փորձերը։ Ըստ այդմ առավել տարօրինակ է, որ պաշտոնական Երևանը որևէ կերպ չի արձագանքել, նույնիսկ կասեի՝ չնկատելու է տվել Մերկելի այս հայտարարությանը։
Ավելին հայկական կողմը նաև չի նկատել (?!) Մերկելի Բաքու այցից 2 օր էլ չանցած՝ օգոստոսի լույս 27-ի գիշերը Twitter-ում Իլհամ Ալիևի պաշտոնական էջում արված շատ կոշտ հայտարարությունը․
Armenian armed forces must withdraw from the occupied lands immediately and unconditionally.
— Ilham Aliyev (@presidentaz) August 27, 2018
«Հայկական զինված ուժերը պետք է անմիջապես դուրս բերվեն օկուպացված տարածքներից առանց նախապայմանների»
Համեմատության համար, դեռ օգոստոսի 2-ին գրեթե նույն թեմայով հայտարարությունը ձևակերպված էր այսպես․
If Armenia wants peace, Armenian troops must unconditionally withdraw from Azerbaijani lands.
— Ilham Aliyev (@presidentaz) August 2, 2018
«Եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, ապա հայկական ուժերը պետք է առանց նախապայմանների դուրս բերվեն ադրբեջանական տարածքից»։
Ցանկացած դեպքում հարց է առաջանում, թե ինչու է հայկական կողմն անարձագանք թողնում Մերկելի և Ալիևի հայտարարությունները։ Չի՞ հասկանում դրանց իմաստը, թե՞ չի հասկանում, որ նման լռությունն ինչ-որ պահից որպես լուռ համաձայնության նշան է ներկայացվելու։