Ադրբեջանական «Հագն» քարոզչական լրատվակայքը օգոստոսի 23-ին հրապարակել է հոդված, որում պնդում է, թե իրենց ձեռքն է ընկել «Փաշինյանի գաղտնի զեկույցը»: Մենք փորձեցինք հասկանալ, թե իրականում ինչ փաստաթուղթ է ներկայացված ադրբեջանական լրատվամիջոցում:
Նախ՝ այն, ինչ ադրբեջանական կայքը ներկայացնում է որպես «Փաշինյանի գաղտնի զեկույց», ըստ իրենց իսկ հրապարակման՝ սոցիալ-տնտեսական ոլորտներում մինչև 2050 թվականը Հայաստանի զարգացման տեսլականի մասին ցուցադրություն է (պրեզենտացիա):
Ադրբեջանական հոդվածից կարող է տպավորություն ստեղծվել, թե իրենց ձեռքն է ընկել այն գաղտնի փասթաթուղթը, որի մասին խոսում էր Փաշինյանը օգոստոսի 4-ի լայվում, սակայն, դատելով հոդվածին կից ցուցադրությունից, այն նախ՝ նոր փաստաթուղթ է, երկրորդը՝ թեև տարածման ենթակա չէ, բայց հասանելի է մասնագիտական շրջանակների համար:
Հենց ադրբեջանական կողմին հասանելի դարձած ցուցադրությունը ունի Armenia Transformation Strategy 2050 վերնագիրը, թվագրվում է 26.07.2019 և նախատեսված է Հայաստանի զարգացման աջակցող գործընկերներին ներկայացնելու համար:
2019թ. հուլիսի 26-ին ՀՀ կառավարությունում Հայաստանի զարգացման աջակցող գործընկերների հետ եղել է քննարկում, որտեղ և տեղի է ունեցել ցուցադրությունը: Այս մասին հայտնել է ՀՀ կառավարության կայքը:
Քննարկումը նախագահել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփը: Ցուցադրություն/զեկուցը ներկայացրել է ՀՀ վարչապետի խորհրդական Լևոն Մազմանյանը՝ այսինքն «Հագնը» ստում է, թե իրենց ձեռքում հայտնված «գաղտնի զեկույցը» Փաշինյանինն է:
Ինչպե՞ս կարող էր ցուցադրությունը հայտնվել ադրբեջանական կողմում:
Ինչպես արդեն նշեցինք, ցուցադրությունը թեև տարածման ենթակա չէր, այնուամենայնիվ, այն հասանելի էր խորհրդատուների: Հուլիսի 26-ին կառավարությունում կայացած վերոնշյալ քննարկմանը մասնակցել նաև Հայաստանի գործընկեր պետությունների դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այսինքն՝ բավականին լայն շրջանակ: Հավանական է, որ ցուցադրությունը ադրբեջանական կողմին է հասել ներկաներից մեկի միջոցով:
Հատկանշական է նաև, որ, դատելով «Հագնի» հոդվածին կից ցուցադրության մեջ եղած նկարների վիզուալ առանձնահատկությունից, դրանք համացանց են վերբեռնվել թղթի վրա տպված տարբերակից, ինչից կարելի է ենթադրել, որ նրանց ձեռքն է ընկել տպագիր տարբերակը: Չի բացառվում նաև, որ ադրբեջանական կողմը «հետքերը խառնելու» ու հայկական կողմին մոլորեցնելու համար կարող էր միտումնավոր թվային տարբերակը տպեր թղթի վրա, ապա սքան աներ ու լրացուցիչ մշակումից հետո վերբեռներ համացանց: