Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հունիսի 10-ին ֆեյսբուքում ուղիղ եթեր մտավ՝ վերնագրելով իր խոսքը. «Ազնվության, անկեղծության և սխալները ընդունելու մասին…»։

Եթերը նվիրված էր «կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում գործած սխալներին», ինչպես նաև կառավարության հասցեին հնչած քննադատությանը։ Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ Թորոսյանը պատասխանում էր նաև իր ելույթից 2 օր առաջ մեր կայքում հրապարակված «Հայաստանի կորոնավիրուսային պատերազմը. Մաս Ա. Ինչու տապալվեց պաշտպանության առաջին փուլը» հոդվածին, քանի որ իր խոսքում կային մեր որոշ քննադատությունների պատասխաններ, ընդ որում մեր հոդվածի սպեցիֆիկ բառապաշարի օգտագործմամբ։

Նախ արձանագրենք, որ ի տարբերություն իր ղեկավարի՝ Թորոսյանն այս ելույթում ընդդիմախոսներին ու քննադատներին չի հայհոյում, չի անվանում «բացիլներ», չի սպառնում միջնադարին վայել էկզեկուցիաներով։ Սա շեշտում ենք առանց սարկազմի․ ցավոք՝ գործող իշխանությունները հասարակական-քաղաքական քննարկումների բովանդակություն ու բառապաշարտ իջեցրել գռեհիկ հայհոյախոսության մակարդակի, և հիմա մենք ստիպված ենք զարմանքով ու գոհունակությամբ արձանագրել այն դեպքերը, երբ պետական պաշտոնյան հրապարակային խոսքում դուրս չի գալիս քաղաքավարության ու բարեկիրթ դաստիարակության գոնե տարրական նորմերի սահմաններից։

Անցնենք Արսեն Թորոսյանի ելույթի բովանդակությանը։ Խմբավորենք այն ըստ թեզերի․

  • Իշխանություններն անկեղծ են եղել, տրամադրել են լիարժեք տեղեկություններ ու պատրաստ են ընդունել իրենց սխալները։
  • Միգուցե ինքը պիտի ներողություն խնդրի։
  • Վիրուսի մասին շատ հարցեր բաց էին, անորոշությունը մեծ էր, իրավիճակն անընդհատ փոփոխվում էր, և այդ պայմաններում կայացված որոշումները չէին կարող միշտ անսխալ լինել։

Անցնենք այս թեզերով։ Սկսենք սխալներն ընդունելու հարցից։ «Մենք պատրաստ ենք ընդունել մեր սխալները» տիպի զրույցները նորմալ կդիտվեին, եթե սխալների գինը կորցված կյանքերը չլիներ։ Հունիսի 12-ի դրությամբ Հայաստանում մահացել է կորոնավիրուսով վարակված 344 մարդ։ Նրանցից 86-ին առողջապահության նախարարությունը համարում է «այլ պատճառով» մահացած, թեպետ հասկանալի չէ՝ ինչպես են տարբերում, թե վիրուսը որ դեպքում է հանգեցրել մահվան, իսկ որ դեպքում՝ ոչ (առավել ևս, որ մահացած վարակակիրները չեն ենթարկվում դիահերձման, ըստ առողջապահության նախարարի որոշման)։

Երբ Թորոսյանն իր խոսքում ասում է. «Խուսափել անհնար էր, դա բացառվում է, հիվանդությունները սահմաններ չեն ճանաչում», նա, անշուշտ, ճիշտ է։ Այո, ամենայն հավանականությամբ վիրուսը Հայաստանում կհայտնվեր։ Սակայն արդյոք հնարավոր չէ՞ր համաճարակը հենց սահմանին խեղդել և թույլ չտալ, որ այն տարածվեր։ Այո, հնարավոր էր։ 

Դրա լավագույն, բայց ոչ միակ ապացույցն է հարևան Վրաստանը, որը բնակչության կարգապահության աստիճանով, սոցիալական կապերի սերտությամբ, մտածելակերպով ու բազմաթիվ այլ պարամետրերով հավանաբար մեզ ամենամոտ երկիրն է։ Հունիսի 12-ի դրությամբ այնտեղ կորոնավիրուսից մահացել է 13, իսկ Հայաստանում՝ 344 մարդ։ Մեկ միլիոն բնակչի հաշվով Վրաստանում գրանցվել է մահվան 3, իսկ մեր երկրում՝ 116 դեպք։ Գրեթե 40 անգամ ավելի շատ։ Այլ բառերով ասած, եթե մեր կառավարությունը համաճարակի դեմ պայքարեր նույն արդյունավետությամբ, ապա Հայաստանում 344 զոհի փոխարեն այսօր ունենալու էինք մոտ 1-1.5 տասնյակ զոհ, գուցե մի քիչ ավել։ Սակայն կարգերի տարբերություն հաստատ չպիտի լիներ։ Այնպես որ դրանից շատ բոլոր մնացած զոհերը՝ 300-ից ավել մարդ, այս պահի դրությամբ, բացառապես կառավարության սխալների զոհերն են։

Կարևոր է հաշվի առնել նաև այն, որ Հայաստանն աչքի չի ընկնում մեծ ուղևորահոսքերով։ Հայաստանի տնտեսական այս թուլությունը համաճարակի պարագայում կարող էր դառնալ առավելություն և աշխատել մեր երկրի օգտին՝ հեշտացնելով կանխարգելիչ գործողությունները, որոնք սակայն չարվեցին։

Այս պայմաններում ի՞նչ է ասել․ «միգուցե ես պիտի ներողություն խնդրեմ»։ Այդ 300+ զոհերի հարազատներից ոմանք միգուցե ներեն, ուրիշները՝ ոչ։ Գուցե հանրությունն էլ՝ որպես ամբողջություն, ներողամիտ լինի երբեմնի սիրված իշխանության նկատմամբ, բայց այսօր ճիշտը պատասխանատվության մասին խոսելն է։ Առաջին հերթին քրեաիրավական, բայց նաև քաղաքական պատասխանատվության։

Ու էլ չասած, որ Հայաստանը անգամ չի էլ հասել հիվանդության գագաթին, ու զոհերի այս ցավալի վիճակագրությունը դեռ աճելու է։ Էլ չասած երկրի կրած տնտեսական ու սոցիալական ահռելի վնասների մասին։ Իսկ նախարարը դեռ անգամ վստահ չէ ներողություն խնդրելու բան ունի, թե ոչ։

Ինչ մնում է անկեղծության և տեղեկություններ չթաքցնելու հարցին, ապա ասենք, որ իշխանությունների հասցեին մինչև այսօր հնչած հիմնավոր քննադատությունը վերաբերվել է սխալ ու ոչ կոմպետենտ որոշումներին։ Նախարարի հավաստիացումը, թե ոչինչ չեն թաքցրել, ոչինչ չեն կեղծել, այս պահի դրությամբ անստուգելի է, բայց հաշվի առնելով, որ առողջապահության նախարարությունն անարձագանք է թողել, օրինակ՝ «Հետքի» հարցումները, Թորոսյանին վստահելու հիմքեր էլ առանձնապես չկան։

Մինչև այսօր դեռ հրապարակված չեն համաճարակի մասշտաբների մասին բազմաթիվ կարևոր տվյալներ, ինչպիսիք են.

  1. Վարակվածների ու զոհվածների բախշվածությունն՝ ըստ մարզերի ու ժամանակագրության։
  2. Վարակվածների ու զոհվածների սեռատարիքային կազմը՝ ըստ ժամանակագրության։
  3. Վարակվածների ու զոհվածների բախշվածությունն՝ ըստ զբաղվածության ոլորտների։
  4. Վարակվածների ու զոհվածների քաղաքացիությունը։
  5. Վարակման քանի դեպք է ստույգ բերովի ու քանի դեպք է ստույգ տեղական՝ ըստ ժամանակագրության։
  6. Չկան հստակ տեղեկություններ օջախների/կլաստերների՝ ըստ ժամանակագրության։

Սրանցից բացի առնվազն լայն հանրությանն անհայտ են նաև բազմաթիվ այլ հարցերի պատասխաններ․ ինչ դեղամիջոցներ են գործածվում, ո՞ր երկրներից քանի թեստ է ստացվել և ինչ պայմաններով, ո՞ր ընկերությունների արտադրության թեստեր են օգտագործվում, վիճակագրության մեջ թեստերի ո՞ր մասն են կազմում PCR-թեստերը, իսկ որը հակամարմինների ևն։

Այս տվյալների հանրայնացումը միայն հնարավորություն կտա անկախաբար վերլուծել, մոդելավորել և ստուգել։ Ու միայն այդ ժամանակ հնարավոր կլինի նաև պարզել, թե որքանով են իրականությանը համապատասխանում նախարարի հավաստիացումները։ Առանց վերոնշյալ լիարժեք տվյալների՝ Արսեն Թորոսյանի հավաստիացումները երիցուկի թերթիկներով գուշակությունից․ «անկեղծ են-անկեղծ չեն» ավելի արժեքավոր չեն։

Անցնենք առաջ… Այո, փետրվար-մարտին վիրուսի հետ կապված կային բազմաթիվ բաց հարցեր։ Ասենք ավելին՝ հիմա էլ կան։ Այն հիմնական հարցադրումները, որոնք նախարարն իր խոսքում նշում է․ ինկուբացիոն շրջանի, ասիմպտոմ հիվանդների վտանգավորության, ջերմաստիճանի ազդեցության, դեղերի ևն մասին … այս բոլոր հարցերի վերաբերյալ մինչ այսօր վերջնական եզրահանգումներ չկան։ Մասնագիտական կոնսենսուս չկա։ Եվ փետրվար–մարտին էլ, այսօր էլ սա է COVID-19-ի մասին հիմնական գիտելիքն այն է, որ բազմաթիվ կարևորագույն հարցերի պատասխանները գիտնականները դեռևս չգիտեն։

Ուստի պատասխանատու ղեկավարները պիտի ելակետ ընտրեին հենց այն, որ վտանգի մասշտաբի մասին ամեն ինչ չէ, որ հայտնի է, և որ ավելորդ ինքնավստահությունն անթույլատրելի է։

Անորոշությունը չի նշանակում նաև, թե ընդհանրապես ոչինչ հայտնի չէր վտանգի մասին։ Չինաստանի օրինակով արդեն հայտնի էր, որ կարանտինային միջոցառումները կարող են արդյունավետ կանխարգելիչ միջոց լինել, եթե խիստ են։ Հարավային Կորեայից և Իրանից արդեն հայտնի էր, որ զանգվածային հավաքները լուրջ վտանգ են ներկայացնում։ Իրանում համաճարակը բառացիորեն հաշված օրերի ընթացքում տարածվեց ամբողջ երկրով ու Մերձավոր Արևելքով։ Ի՞նչ որոշում կայացրեց Հայաստանի իշխանությունն այս գիտելիքի հիման վրա, որը, ընդգծենք, արդեն հայտնի էր փետրվարի վերջին։ Չեղարկեց մարտի 1-ի երթը, բայց նախաձեռնեց սահմանադրական հանրաքվեի քարոզարշավ՝ ամբողջ երկրով մեկ հանրահավաքներով։

Այո, վիրուսի մասին եղան նաև ենթադրություններ, որ հերքվեցին։ Այո, ԹԱՕ սարքերի կարևորությունը գերագնահատված էր այն պահին, սակայն եթե նախարարն ասում է, որ իրենք որոշումները կայացնում էին առկա գիտելիքի հիման վրա, լավ կանի նաև հանրությանը ներկայացնի, թե փետրվարին ինչ քայլեր ձեռնարկվեցին ԹԱՕ սարքերի քանակն ավելացնելու ուղղությամբ։ Ենթադրում ենք, որ այդ քայլերը բավականին ուշ են արվել, քանի որ մարտի 29-ին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ստիպված էր կոչ անել քաղաքացիներին, որ եթե իրենց նկուղներում (!!!) հին անսարք ԹԱՕ սարքեր ունեն, հայտնեն նախարարությանը։

Եւ վերջապես թերևս ամենակարևոր խնդրի մասին, որին Թորոսյանն անդրադարձավ։ Նա իրավացիորեն նշեց, որ կար անորոշության մեծ չափ ու որ որոշումները կայացվում էին անընդհատ փոփոխվող իրավիճակի պայմաններում։

Շատ լավ, ընդունում ենք։ Սակայն ի՞նչ անորոշությամբ է բացատրվում այն, որ նախարարությունն, ինչպես վերջերս պարզվեց, նույնիսկ նորմալ չէր ցուցակագրել հիվանդանոցներն ու դրանց ռեսուրսները։ Ի՞նչ անորոշության պատճառով է, որ արտակարգ դրություն հայտարարելուց միայն 2.5 ամիս անց են իշխանությունները հիշել թեստավորման լաբորատորիաների համար կենսաանվտանգության չափորոշիչներ սահմանելու անհրաժեշտության մասին։

Առհասարակ այս թեզի շուրջ խոսելու ժամանակ նախարարի բառապաշարից զգացվում էր, որ նա խնդրի վերաբերյալ շփվել է տնտեսագետների, մաթեմատիկոսների ու հնարավոր է՝ նաև զինվորականների հետ։ Ու դա անշուշտ լավ է, բայց լավ չէ, որ այս իրողությունը նախարարն իր համար կարծես թե նոր է բացահայտում։ Պետական կառավարումը ըստ սահմանման ենթադրում է աշխատանք աղետների ու ճգնաժամերի պայմաններում։ Առավել ևս առողջապահության ոլորտում։ Առավել ևս Հայաստանի դեպքում, որտեղ պետական բարձրագույն պաշտոններին հավակնող ցանկացած ոք պիտի իրեն հաշիվ տա, որ մեր երկիրը լայնամասշտաբ պատերազմի, ինչպես նաև բնական աղետների ամենօրյա սպառնալիքով ապրող երկիր է։ Իսկ այդպիսի հավանական պատերազմը նաև առողջապահական համակարգի համար է ծանրագույն փորձություն, հաշվի առնելով, որ ընդամենը մի քանի օրում վիրավորների քանակը կարող է տասնյակ հազարների հասնել։ 

Ընդ որում, այս հարցի վերաբերյալ քննադատություն Արսեն Թորոսյանի հասցեին հնչել է անգամ կորոնավիրուսի համաճարակից առաջ, երբ նախարարը զբաղվում էր հիվանդանոցներն «օպտիմալացնելով» (բյուրոկրատերենից թարգմանելով մարդկային լեզվի՝ տեղերը կրճատելով, իսկ որոշ հաստատություններ ընդհանրապես փակելով)։ Բայց և այդ քննադատությունները, և համաճարակի հետ կապված հնչող քննադատություններն ու խորհուրդները իշխանությունները «բարեհաջող» հեգնում և ծաղրում էին, քննադատներին պիտակավորում։

Այս թեզերն ամփոփելով նշենք, որ անորոշության ու անընդհատ փոփոխվող իրավիճակի պայմաններում որոշումները պիտի կայացվեն ոչ միայն այդ պահին հայտնի ինֆորմացիայի հիման վրա, այլև՝ հաշվի առնելով հավանական ռիսկերը ու վատագույն սցենարները գնահատելով։ Ու եթե կան մեծ ռիսկեր՝ անհրաժեշտ են կանխարգելիչ քայլեր դեռ մինչև նոր տվյալների ի հայտ գալը։

Վերջում արձանագրենք նաև, Կովիդ-19-ի ճգնաժամը Հայաստանում ոչ թե զուտ բժշկական, այլ նախևառաջ կառավարման ճգնաժամ է։