Հունիսի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների վարքի մասին, ասաց. «Աշխարհում չկա որևէ ուժային կառույց կամ որևէ վարչական համակարգ, որ այս մասշտաբի հարցը կարողանա լուծի»։ Վարչապետը նաև հավելեց, որ ոստիկանությունն ու ազգային անվտանգության ծառայությունը խնդրի մասշտաբն իրեն ճիշտ չեն ներկայացրել։

Հունիսի 8-ին ԱԱԾ և ոստիկանության պետերը ազատվեցին զբաղեցրած պաշտոններից։

Գուցե իրավապահներն իսկապես «ճիշտ չեն զեկուցել», բայց արդյո՞ք վարչապետն ինքը հանրությանը ճիշտ է ներկայացնում երկրում համաճարակի անկառավարելի դառնալու ու կատաստրոֆայի առաջ կանգնելու խնդիրը և այդ ամենի պատճառները։ Արդյոք լիարժեք հասկանո՞ւմ է խնդիրը։

Վերջիվերջո աշխարհում հաղթահարել են և՛ համաճարակներ, և՛ բնական ու տեխնոլոգիական աղետներ, հաղթել են պատերազմներ։ Արդյո՞ք նոր կորոնավիրուսի դեմ պայքարն այնքան բարդ է, որ որևէ երկրի պետական ինստիտուտ ի վիճակի չէ պայքարել, եթե քաղաքացիները բարձր գիտակցություն չունեն։

Ակնհայտ է, որ այդպես չէ։ Համաճարակի տարածումը հաջողությամբ կասեցրած երկրների օրինակները քիչ չեն, և հեռու գնալու կարիք չկա․ հարևան Վրաստանը, որի քաղաքացիները մտածելակերպով ու կարգապահությամբ շատ չեն տարբերվում մեզնից, այնուամենայնիվ, կարողացել է բավականին տպավորիչ արդյունքների հասնել։

Հաջող են պայքարում համաճարակի դեմ նաև Չեռնոգորիայում, Հունաստանում։ Սա էլ երկրներ են, որոնց բնակիչները նույնպես աչքի չեն ընկնում «գերմանական կարգապահությամբ», և որտեղ մարդիկ ակտիվ շփվում են իրար հետ։ Ինչևէ, համեմատությունների վրա շատ չսևեռվենք։

Փորձենք հասկանալ. գուցե խնդիրն ա՞յլ է։ Գուցե Հայաստանի իշխանություններն ուղղակի հնարավորություն ու բավարար ժամանակ չե՞ն ունեցել, որ կազմակերպեին արդյունավետ պայքար։ Փորձենք վերհիշել Հայաստանում համաճարակի առաջին փուլի ժամանակագրությունը։

Հայաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը պաշտոնապես գրանցվում է մարտի 1-ին, իսկ դրանից 1 ամիս առաջ՝ հունվարի 31-ին, կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով էր ստեղծվել։

Փետրվարի 3-ին Գևորգ Եղիկյանը, ով համաճարակի տարածման մաթմոդելավորմամբ զբաղվող իտալական հետազոտական խմբի անդամ է, իր նախաձեռնությամբ մոդելավորում է Երևանում համաճարակի հավանական զարգացումը և հրապարակում արդյունքները։ Դա շատ կոպիտ մոդելավորում էր տվյալների անբավարարության պատճառով, սակայն հավանական ռիսկերի մասին նախնական պատկերացում տալիս էր։ Ըստ մոդելի՝ վատագույն սցենարի դեպքում Երևանում վարակվածների քանակը կարող էր հասնել մինչև 70%-ի։

Փետրվարի 17-ին Հայաստանում մեկնարկում է ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի քարոզարշավը։

Փետրվարի 19-ին հայտնի է դառնում նոր կորոնավիրուսի դեպքերի մասին Իրանում, ընդ որում, խոսքը միանգամից 2 մահացածի մասին էր։ 

Փետրվարի 20-ին Իրանի հետ հաղորդակցության սահմանափակումներ են մտցնում Իրաքը և Քուվեյթը։

Փետրվարի 23-ին Իրանի հետ սահմանը փակում են Թուրքիան, Աֆղանստանը և Պակիստանը։ Նույն օրը հարևան Վրաստանը դադարեցնում է Իրանի հետ ավիահաղորդակցությունը։ 

Փետրվարի 24-ին Հայաստանը փակում է Իրանի հետ ցամաքային սահմանը ուղևորահոսքերի համար։ Այդ պահին Իրանում բացահայտված էր վարակման 43 դեպք։ 

Ըստ ՀՀ կառավարության նույն որոշման՝ Իրանից մտնող բեռնատարերի վարորդների հանդեպ պիտի սահմանվեր հատուկ հսկողության ռեժիմ։ Սակայն այդ հատուկ հսկողության արդյունավետությունը հարցականի տակ է, քանի որ, օրինակ՝ մարտի 2-ին իրանցի 39-ամյա հարբած վարորդի մասնակցությամբ վթարի մասին է հայտնի դառնում։

Փետրվարի 25-ին ՀՀ ՊՆ-ն մտցնում է մի շարք սահմանափակումներ։ Արգելվում են այցելությունները զորամասեր, ժամկետային զինծառայողների արձակուրդներն ու ազատ արձակումները։

Փետրվարի 27-ին Արսեն Թորոսյանը հայտարարում է, որ «կորոնավիրուսը, որպես էդպիսին, շատ վտանգավոր վիրուս չի համարվում և շատ հատուկ միջոցառումների կարիք չկա»։ Նույն հարցազրույցում Թորոսյանն ասում է, որ «կորոնավիրուսը ռեսպիրատոր հիվանդություն է, որոնք որ հիմնականում տարածվում են ձմեռային շրջանում, ինչպես օրինակ նույն գրիպի վիրուսը»։ Չնայած դրան՝ նույն օրը ԱԳՆ-ն կոչ է անում ժամանակավորապես խուսափել մի շարք երկրներ այցելելուց, որոնց թվում Իրանն ու Իտալիան։

Սակայն հենց հաջորդ  օրը՝ փետրվարի 28-ին, Առողջության Համաշխարհային Կազմակերպությունը հայտարարում է, որ նոր կորոնավիրուսի «տարածման և ազդեցության ռիսկայնությունը» այժմ գնահատում է որպես շատ բարձր։ ԱՀԿ կոչում նշված էր․

«Սա մոլորակի յուրաքանչյուր կառավարության համար իրականությունից չկտրվելու կոչ է. զարթնե՛ք, պատրաստվե՛ք։ Այս վիրուսը գուցե արդեն «ճանապարհ է ընկել» և դուք պետք է պատրաստ լինեք։ Դուք պատրաստ լինելու պարտավորություն ունեք ձեր քաղաքացիների առջև, պարտավորություն ունեք աշխարհի առջև»։

Մարտի 1-ին Հայաստանում պաշտոնապես գրանցվում է կորոնավիրուսով առաջին հիվանդը։ Այդ դեպքն «իրանական ծագման» էր։ Ուշագրավ է, որ Իրանից եկած այդ քաղաքացին իր նախաձեռնությամբ էր դիմել բժիշկներին՝ օդանավակայանից տուն գնալուց հետո։ Հիվանդության առաջին դեպքի պատճառով չեղյալ է հայտարարվում մարտի 1-ի հիշատակի երթը։

«Շանթ» հեռուստաընկերության հյուրն է ՀՀ-ում առաջինը կորոնավիրուսից բուժված Վարանդ Պետրոսյանը
«Շանթ» հեռուստաընկերության հյուրն է ՀՀ-ում առաջինը կորոնավիրուսից բուժված Վարանդ Պետրոսյանը

Արսեն Թորոսյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնում է, որ վարակակրի հետ շփում ունեցած 32 քաղաքացի մեկուսացված են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում:

Այնուամենայնիվ, դեռ բավականին երկար ժամանակ Իտալիայից և ռիսկային այլ երկրներից ժամանող քաղաքացիները պարտադիր չէին մեկուսացվում և թեստավորվում և գրեթե առանց վերահսկողության վերադառնում էին սովորական կյանքին։ (Օրինակ՝ «Սիվիլնեթի» մարտի 10-ին հեռարձակած ռեպորտաժում Իտալիայից ժամանած, հարբուխով քաղաքացին պատմում է, որ արդեն տնից զանգել է թեժ գիծ, պատմել է ախտանիշների մասին, սակայն իրեն հեռախոսով վստահեցրել են, որ իր մոտ կորոնավիրուս չէ, ընդ որում հարցազրույցն անցնում է առանց դիմակի)։

Իտալիայից ժամանած, հարբուխով քաղաքացին պատմում է, որ արդեն տնից զանգել է թեժ գիծ։ Լուսանկարը՝ «Սիվիլնեթ» հեռուստաընկերության տեսանյութից
Իտալիայից ժամանած հարբուխով քաղաքացին պատմում է, որ արդեն տնից զանգել է թեժ գիծ։ Լուսանկարը՝ «Սիվիլնեթ» հեռուստաընկերության տեսանյութից

Մամուլի ասուլիսին Արսեն Թորոսյանը հայտարարում է նաև, որ նոր է վերադարձել Հարավային Կորեայից (որտեղ այդ պահի դրությամբ 3000-ից ավել հաստատված վարակակիր կար), իրեն լավ է զգում և որ պատրաստ է իր զավակներին․ «ուղարկել դպրոց, որովհետև չի համարում հանրային առողջապահական վտանգը բարձր է, որ անհրաժեշտ լինի դպրոցական երեխաների տեղաշարժը սահմանափակել»։

Ժամեր անց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարում է հանրակրթական հաստատությունները 1 շաբաթով փակելու մասին։

Մարտի 6-ին Իտալիայում արդեն կար 4636 հաստատված դեպք։ Այդ հանգամանքը նկատի ունենալով՝ հարևան Վրաստանը դադարեցնում է Իտալիայի հետ ավիահաղորդակցությունը։

Մարտի 8-ին Արայիկ Հարությունյանը հայտարարում է դասերը վերսկսելու մասին։

Մարտի 10-ին Հայաստան–Իտալիա և հակառակ ուղղությամբ չվերթներն իր նախաձեռնությամբ դադարեցնում է «Ryanair» ավիաընկերությունը։ Իտալիայում այդ պահին կար գրանցված արդեն 10149 հիվանդ։ Հայաստանի իշխանություններն, այնուամենայնիվ, բավարարվում են միայն Իտալիա չայցելելու մասին հերթապահ հորդորներով։ Իր հերթին առողջապահության նախարարությունն էլ հորդորում է խուսափել Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ճապոնիա, Չինաստան, Իրան, Հարավային Կորեա ճամփորդելուց։

Մարտի 11-ին Հայաստանում գրանցվում է «իտալական ծագմամբ» հիվանդության առաջին 3 դեպքը։ Փաշինյանը Իտալիա թռիչքները չդադարեցնելը պատճառաբանում է այսպես.

Կանխատեսելով քննադատությունները, թե ինչու Իտալիայից թռիչքները դադարեցնելու որոշում չկայացրինք, ասեմ, որ նման հնարավորությունը մի քանի անգամ քննարկել ենք և եկել ակնհայտ եզրակացության, որ պոտենցիալ վարակակիրները կարող են Հայաստան գալ Իտալիայի հարևան երկրներից՝ Ֆրանսիա, Ավստրիա, քանի որ ԵՄ ներսում սահմանափակուներ չեն կիրառվել:

Վերոնշյալից ակնհայտ է, որ նախորդ օրը ոչ թե ՀՀ իշխանություններն են ձեռնարկել կանխարգելիչ գործողություններ, այլ ավիաընկերություններն իրենք են գնացել այդ քայլին։

Ի դեպ, օրեր անց՝ մարտի 15-ին, նույն պատմությունը կրկնվեց, երբ Երևանի խոշորագույն առևտրային կենտրոններից մի քանիսը սեփական նախաձեռնությամբ դադարեցրին աշխատանքը․ սկզբից «Երևան մոլը», ապա հաջորդաբար «Դալման», «Ռոսիա մոլը» ևն։

Վերադառնալով մարտի 11. ԱՀԿ-ն պաշտոնապես հայտարարում է, որ աշխարհում նոր կորոնավիրուսի պանդեմիա է (համավարակ), թեպետ պանդեմիա լինելն ակնհայտ էր դրանից մի քանի շաբաթ վաղ, պարզապես ԱՀԿ-ն զգուշավորություն էր դրսևորում իր հայտարարություններում։

Այնուամենայնիվ, հաջորդ օրը՝ մարտի 12-ին, Նիկոլ Փաշինյանը «Այո» քարոզարշավի ժամանակ կրկնում է Արսեն Թորոսյանի երկու շաբաթ առաջ ասածը․ «Սա վիրուս է, գրիպի նման վիրուս է, ոչ մեկ չի ասում այդ վիրուսը հաճելի է, բայց ավելորդ խուճապ պետք չէ տարածել»։

Իր հերթին Արսեն Թորոսյանն էլ կարծիք է հայտնում, թե Հայաստան եկող բոլոր ուղևորներին հնարավոր չէ մեկուսացնել։

Սակայն նույն օրվա՝ մարտի 12-ի երեկոյան Փաշինյանն անսպասելիորեն հայտարարում է արձակուրդից վերադառնալու և հանրաքվեի քարոզարշավը հետաձգելու մասին։ Այդ անսպասելի քայլի պատճառները պարզ են դառնում հաջորդ օրը, երբ Փաշինյանն իր կնոջ հետ ֆեյսբուքյան լայվով հայտնում են, որ ինքնամեկուսացել են Սևանում ու կորոնավիրուսի թեստ հանձնել։ Ըստ Փաշինյանի՝ պատճառն այն էր, որ հայտնի է դարձել Բրազիլիայի նախագահի վարակման մասին, ում կնոջ հետ օրեր առաջ հանդիպել էր Աննա Հակոբյանը։ 

Մարտի 13-ին՝ դասերը վերսկսելու մեկ շաբաթը չլրացած, նորից դադարեցվում են հանրակրթական հաստատությունների աշխատանքը։

Մարտի 14-ին Վրաստանը 10 օրով փակում է Հայաստանի հետ սահմանը։ Այդ պահին Հայաստանում կար հաստատված 20 վարակակիր։

Մարտի 15-ին Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ չնայած իրենց թեստերի պատասխանը բացասական է, իրենք ընտանիքով շարունակում են մեկուսացված մնալ, քանի որ ինքը քարոզարշավի ժամանակ ինքը շփվել է վարակակրի հետ ու այդ պատճառով որոշել են երկրորդ անգամ թեստ հանձնել։

Վարչապետը վերադառնում է Երևան միայն երկրորդ թեստի բացասական պատասխանից հետո՝ մարտի 16-ի առավոտյան։

Նույն օրը կառավարության որոշումով Հայաստանում մեկ ամսով մտցվում է արտակարգ դրություն։

Մարտի 17-ին դադարեցվում են հանրաքվեի հետ կապված բոլոր գործընթացները։ 


Ինչպես տեսնում ենք, Հայաստանում համաճարակի սկզբնական (մինչև արտակարգ դրություն մտցնելը) փուլում իշխանությունները ունեին բավականաչափ տվյալներ և ժամանակ՝ ճիշտ ու չուշացած որոշումներ ընդունելու համար։ Խոսքն այլ երկրներում համաճարակի տարածման ընթացքի, այդ ընթացքում առաջացած խնդիրների (մասնավորապես Իրանում ու Իտալիայում), հարևան երկրների, այդ թվում՝ Վրաստանի կատարած քայլերի, Երևանում հավանական իրավիճակի մոդելավորման արդյունքների ևն մասին է։

Ավելին՝ մի քանի ճիշտ որոշումներ (թեպետ և ուշացմամբ) ընդունվել էին, սակայն միաժամանակ թույլ տրվեցին ճակատագրական ու հանցավոր սխալներ։ Օրինակ՝ որևէ տրամաբանություն չկա Իրանի հետ սահմանը փակելու, երբ այնտեղ 43 դեպք էր հայտնի, ու չդադարեցնել Իտալիայի հետ հաղորդակցությունը, երբ այնտեղ արդեն 10000-ից ավել դեպք կար։

Անտրամաբանական այդ քայլը, հավանաբար, բացատրվում է այդ օրերին «Ryanair»-ի էժան թռիչքների իշխանական քարոզչական խաղաքարտերից մեկը լինելով՝ հատկապես սպասվող սահմանադրական հանրաքվեի ֆոնին, որից իշխանությունները չէին ցանկանում հրաժարվել։

Վերադառնանք կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովին, որի մասին համոզված ենք ընթերցողն արդեն հասցրել է մոռանալ։

Հանձնաժողովը «խաղաղ պայմաններում» գործելու առնվազն մեկ ամիս ուներ։ Աչքի տակ ունենալով միջազգային փորձը՝ հանձնաժողովը պիտի այդ ժամանակն օգտագործեր հնարավորինս մեծ ծավալով անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ, արտահագուստ, ախտահանիչներ) ներկրելու, հիվանդանոցներում և դրանց վերակենդանացման բաժանմունքներում մեծ թվով լրացուցիչ տեղեր, մեծ մեկուսարաններ ստեղծելու, անհրաժեշտ մասնագիտացումներով բուժաշխատողներ, կամավորներ հավաքագրելու ու նախապատրաստելու համար։ Եվ, ինչո՞ւ ոչ, նաև որոշ անհրաժեշտ միջոցների տեղական արտադրության հարցերով։

Առանձին և շատ կարևոր խնդիր էր նոր կորոնավիրուսի մեծ թվով թեստերի ձեռք բերումը և ախտորոշող լաբորատորիաների հզորությունների ավելացումը։ Թեստավորման խնդիրը մինչև այսօր էլ սուր է Հայաստանում, ինչի մասին դեռ կխոսենք այս հոդվածաշարի հաջորդ մասերում։

Նկատի ունենանք նաև, որ սովորական բժիշկները հազվադեպ են այդպիսի վտանգավոր վարակի հետ առնչվում ու դրանցից անհատապես պաշտպանվելու անվտանգության կանոնների ու տեխնիկայի մասին նրանց գիտելիքները տեսական են՝ մնացած (ու մոռացված) դեռ ուսանողական տարիներից։ Իսկ փետրվարին այլ երկրների փորձից արդեն հայտնի էր այս խնդրի մասին, ուստի անհրաժեշտ էր բուժանձնակազմի, այդ թվում և ոչ ինֆեկցիոն բաժանմունքների, համար անցկացնել ինտենսիվ վարժանքներ, նախապատրաստել ուղեցույցներ։

Ակնհայտ է, որ այս ամենը չարվեց կամ արվեց խիստ ուշացումով և ոչ անհրաժեշտ ծավալով։

Մի շարք կարևոր՝ կենսական կարևորության թեմաներով ուղեցույցներ առողջապահության նախարարը հաստատել է միայն ապրիլի վերջին, օրինակ՝ բժշկական կազմակերպություններում N95 դիմակների օգտագործման կարգի մասին մեթոդական ուղեցույցը հաստատվել է ապրիլի 21-ին։

Ուշագրավ է նաև պարետի հունիսի 2-ին ընդունված №104 որոշումը։ Այդ որոշումով արգելվում է կորոնավիրուսի ախտորոշում իրականացնել այն լաբորատորիաներում, որոնք չունեն բավարար տեխնիկական հագեցվածություն և մասնագետներ։ Տեխնիկական հագեցվածության, մասնագետների քանակի և որակավորման, ինչպես նաև կենսաանվտանգության չափորոշիչներ սահմանելը հանձնարարվում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։ Այսինքն՝ Հայաստանում համաճարակի պատճառով արտակարգ դրության ռեժիմի հռչակելուց 2.5 ամիս անց միայն իշխանությունները քայլեր են ձեռնարկում կենսալաբորատորիաների անվտանգ աշխատանքը կազմակերպելու և չափորոշիչներ սահմանելու համար։ Մինչդեռ դրանք պիտի սահմանվեին ամենաուշը արտակարգ դրություն մտցնելուց անմիջապես հետո։

Է՛լ ավելի ուշագրավ մի փաստ ևս․ հունիսի 7-ին առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածում, որ կորոնավիրուսի դեմ պայքարին միանալ ցանկացող բժշկական հաստատություները դիմեն իրենց ու դիմելուց հաշվի առնեն շենքային պայմաններն ու բուժանձնակազմի առկայությունը։ Բուժհաստատություններին այսպիսի հայտարարությամբ դիմելը հիմնավոր կասկածներ է առաջացնում, որ առողջապահության նախարարությունում այս ամիսներին անգամ լիարժեք «գույքագրում» չեն արել, թե որ բուժկենտրոնում ինչ ռեսուրսներ կան։

Եվ վերջապես ամենաթարմ օրինակը։ Առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանն անդրադառնալով ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունու ֆեյսբուքյան գրառմանը, որ 1-ին կլինիկական հիվանդանոցի covid-բաժանմունքը մարտից պատրաստ է ու դատարկ է, ասել էր հետևյալը․ «ինձ համար նոր պարզ է դարձել, որ փաստացի ԵՊԲՀ-ն ունի երկու տարածք` մեկը այն մեկուսարանը, որտեղից հոսպիտալացված COVID-19 հաստատված պացիենտները տեղափոխվել են երկու ամիս շարունակ և դրանից զատ ևս մեկ տարածք, որի լուսանկարները հրապարակվել են դեռևս մարտին»։

Համաճարակի դեմ այս առաջին փուլում միջգերատեսչական հանձնաժողովի ու կառավարության այսպիսի անգործության, իսկ երբեմն նույնիսկ վտանգը ծաղրելու, հանրությանը հակասական տեղեկություններ տալու հետևանքով երկիրը բախվեց համաճարակին լիովին անպատրաստ։

Բռնկման առաջին իսկ օրերից ակնհայտ էր դիմակների ու ախտահանիչների դիֆիցիտը, իսկ այսօր մահճակալների ու բուժաշխատողների պակասը կառավարությանը ստիպում է ասիմպտոմ հիվանդներին թողնել տնային բուժման՝ պոլիկլինիկաների աշխատակիցների հսկողությամբ։ Նախարարը մայիսի 21-ին անգամ հաստատել է «Արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը», սակայն թե որքանով է այդ կարգն արդյունավետ աշխատում, բաց հարց է։ Համենայն դեպս լրատվակայքերում և սոցիալական ցանցերում բազմաթիվ են տեղեկությունները այն մասին, որ վարակվածները տնային պայմաններում ի վիճակի չեն ինքնուրույն պայքարել վիրուսի դեմ, սակայն որևէ անմիջական օգնություն չեն ստանում։ Հարցականի տակ է նաև, թե որքանով են արդյունավետ հսկում, որ հիվանդները տանը իսկապես ինքնամեկուսանան։

Այսպիսով, իշխանությունները տապալեցին կորոնավիրուսի դեմ պայքարի առաջին փուլը, երբ հնարավոր էր վիրուսը վերահսկողության տակ վերցնել դեռ սահմանին։ Դրա համար անհրաժեշտ էր․

  1. Սահմանափակել օտարերկրյա, այդ թվում՝ Եվրոպայից, ժամանող քաղաքացիների մուտքը Հայաստան, առաջին հերթին համաճարակային բարդ իրավիճակով երկրներից։
  2. Արտասահմանից վերադարձող ՀՀ քաղաքացիներին պարտադիր մեկուսացնել 2 շաբաթով՝ խստորեն վերահսկելով այդ մեկուսացումը։
  3. Իրականացնել առկա ռեսուրսների գույքագրում։
  4. Նախապատարտաստել բուժհաստատությունների անձնակազմերին։
  5. Կուտակել թեստերի, բժշկական դիմակների ու այլ անհրաժեշտ պարագաների ու պաշտպանիչ միջոցների, սարքավորումների պաշարներ։

Այսպիսով՝ առնվազն առաջին փուլում համաճարակն այնպիսի մասշտաբի խնդիր չէր, որ լիներ անկառավարելի վարչական համակարգի համար։ Խնդրի մասշտաբները բազմապատկվեցին հենց իշխանության ժամանակավրեպ, անվճռական կամ ուղղակի սխալ քայլերի պատճառով։ Ու ինչպես կտեսնենք, սա վերաբերվում է ոչ միայն առաջին, այլև հետագա փուլերին։

Սկսվեց համաճարակի դեմ պայքարի երկրորդ փուլը, որում պիտի կանխվեր ու վերահսկվեր վիրուսի տարածումն արդեն երկրի ներսում։ Այս մասին կխոսենք մեր հոդվածի երկրորդ մասում։