Այս տարվա ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանը, որն այն ժամանակ դեռ ԱԺ-ում ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավարն էր, Ազատության հրապարակում ելույթ ունենալիս երկու անգամ հիշատակեց «Կարֆուր» սուպերմարկետի անունը։Պատգամավորի խոսքերով այն շաքարավազի ներկրման մենաշնորհի զոհ էր և նա պատրաստ էր այդ մենաշնորհը վերացնել 15 րոպեում․
Դրա համար պետք է զանգել «Կարֆուր» ընկերության տնօրենին և ասել․ ձեր վրա դրված արգելքը հանված է։ Պատկերացնո՞ւմ եք՝ «Կարֆուր» ընկերությունը աշխարհի խոշորագույն շաքարավազի մատակարարներից է, բայց նրան Հայաստանում թույլ են տվել գործել միայն մի պայմանով, որ նա շաքարավազ չի ներկրելու Հայաստան, որպեսզի Սերժ Սարգսյանն այդ մենաշնորհներով հարստանա և մարդկանց 5000 դրամներ բաժանելով ստրկացնի։
Իշխանության գալուց հետո էլ Փաշինյանը մի քանի անգամ հրապարակայնորեն հիշատակեց ընկերության անունը՝ հակադրելով այն «վատ» սուպերմարկետներին։
Նախ՝ հունիսի 1-ին 11 սուպերմարկետների ղեկավարներ բաց նամակով դիմեցին Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով «թանկացումներից խուսափելու և ստեղծված իրավիճակը քննարկելու» համար հանդիպել։
Հունիսի 2-ին Նիկոլ Փաշինյանը նկար հրապարակեց իր ֆեյսբուքյան էջում, որտեղ երևում էր, որ «Կարֆուր» սուպերմարկետում խոզի թիակի 1 կգ գինը 2790 դրամից իջել է 2550 դրամի: Նկարն ուղեկցվում էր հետևյալ տեքստով.
«Պատահական մտա «Կարֆուր» և տեսա այսպիսի վիճակ. ոչ մի թանկացում»:
Հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ՝ խոսելով սուպերմարկետների հայտարարությունից, նույնպես մի քանի անգամ հիշատակեց «Կարֆուրի» անունը․
․․․ երբ որ սուպերմարկետների ցանցերը հայտարարություն էին տարածել, … «Կարֆուրը» ինչի՞ էդ հայտարարությանը չէր միացել։ Ի՞նչ է նշանակում «բանավոր պայմանավորվածություն ա եղել»։ Իսկ ինչի՞ «Կարֆուրին» չեն տեղեկացրել այդ պայմանավորվածության մասին … Եվ մենք հասկանում ենք, թե սա ինչ ազդեցություն ա ունենում Հայաստանի տնտեսության վրա։ Դրսում մարդիկ լսում են, որ «Օրանժը» էս երկիր եկավ չկարողացավ աշխատել, «Կարֆուրը» եկել ա չի կարողանում աշխատել։ Բա եթե «Կարֆուրն» ու «Օրանժը» չեն կարողանում աշխատել, էդ գիգանտ կազմակերպությունները, էլ ուրիշ ո՞վ կմտածի էս երկրում գալ աշխատելու մասին»։
Այս թեմայով խոսեցինք երկու PR մասնագետի հետ, որոնցից մեկը սուպերմարկետի մասին պարբերաբար հիշատակումները համարեց պարզապես իրական խնդրի կոնտեքստում «հաջողակ պատմության» արդարացված մեջբերում։
Մյուս մասնագետը նշեց, որ դժվար է եզրակացություն անել միայն մի քանի ելույթով։ Այդ հիշատակումները կարող են համարվել թաքցրած գովազդ, եթե քաղաքական գործիչը բացի տվյալ բրենդից որևէ այլ բրենդի անուն չի հիշատակում։