Հուլիսին ներկայացրել էինք ամերիկագետ Արեգ Գալստյանի քննական կարծիքը փոխվարչապետ Արարատ Միրզոյանի ԱՄՆ այցի մասին։ Այն մեծ աղմուկ բարձրացրեց սոցցանցերում, ինչին էլ հաջորդեց Միրզոյան–Գալստյան հեռակա բանավեճը, որին միացավ նաև գրող-հրապարակախոս Նարեկ Մալյանը։ Ի վերջո Գալստյանը ջնջեց Ֆեյսբուքում իր գրառումներից մի քանիսը։
Այնուամենայնիվ այս օրերին, երբ արդեն կասկած չի մնում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն ԱՄՆ նախագահի հետ չի կայանալու (խոսքը, բնականաբար, պրոտոկոլային համատեղ լուսանկարի մասին չէ), արժի ևս մեկ անգամ վերադառնալ երկու ամիս հնության այս վեճին։
Հիշեցնենք վեճի էությունը. Արարատ Միրզոյանը մեկնել էր Նյու Յորք հուլիսի 14–18-ը ՄԱԿ-ի կայուն զարգացման հարցերով քաղաքական նստաշրջանին մասնակցելու համար, իսկ հուլիսի 18–21-ը Վաշինգտոնում հանդիպել էր ամերիկյան մի քանի պաշտոնյաների։
Միրզոյանի ընդդիմախոսները հետևյալ հարցերն էին բարձրացնում.
- Որքանո՞վ էր արդյունավետ այցը ՀՀ շահերի տեսանկյունից։
- Արդյոք տրամաբանակա՞ն էր առաջարկել դեմոկրատ կոնգրեսականներին հանրապետական նախագահի հետ Փաշինյանի հանդիպումը կազմակերպել։
- Միրզոյանի այցը նպաստե՞լ է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում Հայաստանը չընդգրկելու որոշմանը։
- Միրզոյանի կինը պետբյուջե՞ի հաշվին է ուղեկցել ամուսնուն։
Հուլիսի 21–ին, Ֆեյսբուքում, Արեգ Գալստյանը նշեց Միրզոյանի՝ իր կարծիքով սխալները.
- Ելնելով կարգավիճակից՝ ՀՀ փոխվարչապետն առնվազն պետք է հանդիպեր ԱՄՆ փոխնախագահի հետ։ (Գործադիր իշխանության ամենաբարձրաստիճան պաշտոնյան, ում հետ հաջողվել էր Միրզոյանին հանդիպել, ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ուեսս Միթչելն էր)։
- Գալստյանը պնդում էր, որ փոխվարչապետը դեմոկրատ կոնգրեսականներին առաջարկել է ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպել Փաշինյան–Թրամփ հանդիպում, ինչը սխալ է, քանի որ նախ՝ կոնգրեսականները չեն զբաղվում նախագահի հանդիպումների կազմակերպմամբ, երկրորդը՝ դեմոկրատ-կոնգրեսական Ֆրենկ Փալոնին շատ վատ հարաբերություններ ունի Թրամփի հետ։
- Ըստ ամերիկագետի՝ անիմաստ էր նաև առաջարկել հանդիպել ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում, քանի որ այնտեղ մասնակիցներից յուրաքանչյուրը կարող է հանդիպել այլ մասնակիցներին։
Գալստյանի գրառմանն ի պատասխան սոցցանցերում ակտիվ տարածվեց «Ամերիկայի ձայնի» մի նյութ, որտեղ նշվում էր, որ Փաշինյան–Թրամփ հանդիպման առաջարկը կոնգրեսականներինն է, ոչ թե Միրզոյանինը։
Նարեկ Մալյանը այլ պնդումներ արեց.
- Ենթադրաբար Միրզոյանի կինը ամուսնուն ուղեկցել էր պետբյուջեի հաշվին։
- «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում Հայաստանն այս տարի չներառվեց Միրզոյանի այցի պատճառով, քանի որ մինչ այցը՝ մայիսի 17–18-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նամակ էր ուղարկել ՀՀ կառավարությանը՝ հույս հայտնելով, որ այն կկատարի այնպիսի քայլեր, որոնք կնպաստեն «հազարամյակների մարտահրավերներ» ծրագրին»։ Ըստ Մալյանի՝ մինչ հեղափոխությունը Վաշինգտոնում բավական քննարկվում էր այդ ծրագրում Հայաստանն ընդգրկելու հարցը, ինչը կնշանակեր մոտ 120 մլն դոլարի օգնություն ԱՄՆ-ից։
Ի պատասխան Մալյանին Միրզոյանը գրեց Ֆեյսբուքում, որ իր կինը ԱՄՆ այցելել է ընտանեկան բյուջեի հաշվին, իսկ այցի իմաստի, օգուտների և վնասների մասին կարելի է դատել, երբ օրենքով սահմանված կարգով կներկայացնի այցի հաշվետվությունը։ Միրզոյանի կինը ևս հայտարարեց, որ ԱՄՆ այցը եղել է ընտանեկան բյուջեի հաշվին։
Ավելին, փոխվարչապետը տեսագրություն էլ հրապարակեց, որում պնդում էր, որ.
- կոնգրեսականները հայտնել են Փաշինյան–Թրամփ հանդիպում կազմակերպելու մտադրության մասին և ստորագրահավաք են անում նախագահական ուղարկելու համար;
- «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի չափորոշիչներին Հայաստանի չհամապատասխանելը հայտնի է եղել իր այցից առաջ, քանի որ Համաշխարհային բանկը Հայաստանը դասել է բարձր–միջին եկամուտներ ունեցող երկրների շարքին։
Ի հավելումն հոլովակում ներկայացվածի՝ կարևոր հանդիպում ունեցանք հեղինակավոր Կարնեգի հաստատությունում, ուր Հայաստանում…
Posted by Արարատ Միրզոյան – Ararat Mirzoyan on Tuesday, July 24, 2018
Խոսեց նաև ԱՄՆ–ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հարությունյանը։ Նա ասաց, որ նախ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում Հայաստանին 2018–19թթ․ չներառելու մասին զեկույցը իրենք ստացել են դեռ հուլիսի 3-ին, այսինքն փոխվարչապետի այցից 2 շաբաթ առաջ, իսկ Միրզոյանը հանդիպել է ոչ միայն դեմոկրատների, այլև հանրապետականների հետ։
Փաշինյան–Թրամփ հանդիպման առաջարկի մասին դեսպանը նշեց․
«Ես դա կանվանեմ ապատեղեկատվություն։ Այո մենք պետքարտուղարության և մեր գործընկերների հետ քննարկում ենք Փաշինյան–Թրամփ հանդիպման անցկացման հնարավորությունը սեղմ ժամկետներում … այդ հարցը քննարկվել է մինչև առաջին փոխվարչապետի այցելությունը… Ես առաջարկից տեղյակ եմ եղել և այն գալիս է կոնգրեսականներից։ Հանդիպման ժամանակ հենց կոնգրեսականներն են տեղեկացրել առաջին փոխվարչապետին, որ նման դեմարշ պիտի անեն, մի բան, որ նախկինում էլ արվել է, այսինքն օրենսդիրը դիմում է նախագահական աշխատակազմ՝ քաջալերելով նման հանդիպման անցկացումը … նախաձեռնությունը գալիս է Կոնգրեսից»։
Արեգ Գալստյանը շարունակում էր պնդել, որ կոնգրեսականները լիազորված չեն օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչների հետ քննարկել գործադիր իշխանության՝ նախագահի աշխատակազմին վերաբերող որևէ հարց։
Ամերիկագետն անդրադարձավ նաև փոխվարչապետի կարգավիճակի հարցին․
ա) Պարոն Միրզոյանը գցել է Հայաստանի պետական ընկալման ստատուսը։ Ինչո՞ւ։ Հայաստանի նախագահը, ով ունի ավելի քիչ լիազորություններ, քան փոխվարչապետը, հանդիպել էր պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։ Համապատասխանաբար փոխվարչապետը պետք է տար ավելի բարձր չափանիշ՝ ԱՄՆ փոխնախագահը։ Դրա փոխարեն, նա իջեցրել է մակարդակը մինչև միջին օղակի երեք կոնգրեսականի, որոնք Ներկայացուցիչների պալատից են, որը չի զբաղվում արտաքին քաղաքականությամբ (բացառությամբ առաջարկության բնույթի բանաձևերի)։
բ) Ինչքանով հայտնի է, պարոն Միրզոյանը չի հանդիպել հանրապետական կուսակցական մեծամասնության ղեկավարների՝ Միթչ Մաքքոնելլիի և խոսնակ Փոլ Ռայանի հետ։ Նա նաև չի հանդիպել Սենատի համապատասխան՝ միջազգային և ռազմական հարցերով հանձնաժողովների ղեկավարների՝ Քորքերի և Մաքքեյնի հետ։ Արդեն սրանից ես անում եմ եզրակացություն․ Կոնգրեսի մակարդակում ոչ մի լուրջ բան չի եղել։ Փալոնը հայկական հարցերով խմբի անդամ է, որի հետ հանդիպելը հայ քաղաքական գործչի համար մեծ խնդիր չի ներկայացնում։
գ) Ո՞րն էր օրակարգը։ Ես գիտեմ, որ Հայաստանը չունի թարմացված ո՛չ ազգային անվտանգության մարտավարություն, ո՛չ արտաքին քաղաքականության հայեցակարգ։ Շատ բանի հույս չունեմ, գոնե պետք է ընդգրկուն օրակարգ, որը հարկատուների գումարը ծախսելուց օգուտ կտա պետությանը։ Եթե նմանատիպ օրակարգ հենց երկկողմ քաղաքական երկխոսության մասին եղել է, կցանկանայի նայել դրանք և գնահատել այցի արդյունքները։
Չնայած, եթե այն լիներ և լիներ լուրջ, ապա ինչո՞ւ ո՛չ փոխվարչապետը, ո՛չ մեր վարչապետի կուսակցական մեծամասնության ղեկավարները չեն ընդունել…»
Նշենք, որ Արեգ Գալստյանը այս հրապարակումները արդեն ջնջել է իր ֆեյսբուքյան էջից։
Բարձրացած աղմուկից հետո Analitik.am կայքը հարցումներ ուղարկեց կառավարություն՝ այցի ծախսերի հաշվետվությունը, ներառյալ նաև հյուրանոցից տրված ինվոյսները ստանալու համար։
Ըստ կայքի՝ կառավարությունից նշել են, որ ուղարկել են Արարատ Միրզոյանի և նրա խորհրդական Սյուզաննա Ավետիսյանի տվյալները, սակայն թղթերում եղել է միայն խորհրդականինը։
Օգոստոսի 1-ին Միրզոյան խոստացավ Aravot.am-ի լրագրողին իր ֆեյսբուքյան էջում տեղադրել նաև տոմսերի մասին տեղեկատվություն։
Սակայն ֆեյսբուքյան էջի փոխարեն նկարը տրամադրեց Aravot.am-ին։ Ներկայացված փաստաթուղթը ավիաընկերությունից ստացված հաշիվ–ապրանքագիր էր, որտեղ սևով փակված է եղել գումարի առաջին թվանշանը։ Հարցին, թե «ինչո՞ւ գումարի չափը չի նշվում», Միրզոյանը պատասխանել էր, որ դա այդքան էլ էական չէ։
Ուշագրավ է, որ հուլիսի 25-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ «այժմ քննարկվում է Փաշինյան–Թրամփ հանդիպման հնարավորությունը՝ սեպտեմբերին Նյու–Յորքում կայանալիք ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի հանդիպմանը»։
Իսկ օգոստոսի 1-ին հայտարարվեց, որ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը նամակ է ուղարկել Թրամփին Փաշինյանի հետ հանդիպելու առաջարկով։ Նամակին միացել են նաև Ներկայացուցիչների պալատի մի քանի անդամներ և ստորագրել են 48 կոնգրեսականներ։
Այնուամենայնիվ, ինչպես այսօր՝ սեպտեմբերի 26-ին հայտնի դարձավ, Թրամփի հետ Փաշինյանի հանդիպումն այդպես էլ չկայացավ։
Ամփոփենք.
- Փոխվարչապետը իրոք չի ունեցել իր պաշտոնական կարգավիճակին համապատասխան պաշտոնյաների հետ հանդիպում։ Հայտարարված ամենաբարձրաստիճան պաշտոնյան ԱՄՆ պետքարտուղարի օգնականն էր։
- Թրամփ–Փաշինյան հանդիպման առաջարկությունը եկել է կոնգրեսականներից։
- Այնուամենայնիվ ՄԱԿ-ի ասամբլեային այդ հանդիպումն այդպես էլ չկայացավ։
- Ծախսերի վերաբերյալ Արարատ Միրզոյանի ներկայացրած տվյալները կարծես թե ամբողջական չեն, ցանկացած դեպքում լրացուցիչ պարզաբանման կարիք կա։
Այսպիսով Միրզոյանի այցը ԱՄՆ ղեկավարության հետ կապեր հաստատելու առումով իսկապես դժվար է անվանել արդյունավետ, իսկ իր կնոջ ծախսերի հարցն այդպես էլ բաց է մնում։