Նոր կառավարության ձևավորումից հետո երկրում հարուցվեցին տարբեր քրեական գործեր և եղան ձերբակալություններ։ Ներկայացնում ենք այդ իրադարձություններից մեր առանձնացրած ամենաաղմկահարույցները։
«Մարտի 1»

Միքայել Հարությունյանը, Ռոբերտ Քոչարյանը և Յուրի Խաչատուրովը
- Հուլիսի 3-ին 2008թ․ մարտի 1-ի դեպքերի առթիվ քրեական գործ հարուցվեց Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ։ Հարությունյանը մեղադրվում էր երկրում զինված ուժերին ցուցարարների դեմ դուրս բերելու համար։
Նշվում էր, որ Միքայել Հարությունյանը 2008թ․ ստորագրել է գաղտնի 0038 հրամանը, ըստ որի ստեղծվել են զինված ուժերի նոր ստորաբաժանումներ և ցուցարարները համարվել են «․․․իրավիճակը ապակայունացնող քաղաքական ուժեր»։ Ըստ մեղադրանքի՝ Հարությունյանը խախտել էր 2008թ․ գործող սահմանադրության այն կետը, որ «զինված ուժերն ապահովում են ՀՀ անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»։
ՀՔԾ–ն հայտնում էր, որ Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որոշում է ընդունվել նրան կալանավորելու մասին։
(Հարուցված քրգործ՝ 300.1 հոդվածի 1-ին մաս՝ Սահմանադրական կարգի տապալում (պատժվում է 10-15 տարի ժամկետով))
- Հուլիսի 26-ին ՀՔԾ–ում մարտի 1-ի գործով որպես վկա հարցաքննության էր կանչվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ինչպես հայտնում էր Քոչարյանի փաստաբանը, նրա քննչական ծառայություն ներկայանալուց հետո քննիչները ասել են, որ նա պետք է հարցաքննվի արդեն որպես մեղադրյալ, այլ ոչ վկա։ Հարցաքննությունից առաջ Քոչարյանին առաջադրվել է մեղադրանք։
Դատախազը միջնորդություն էր ներկայացրել Քոչարյանին կալանավորելու մասին և հենց նույն օրը, երեկոյան ժամը 22.00–ին հայտարարվել էր արտահերթ նիստ։ Նիստը հետաձգվեց մինչև առավոտյան ժամը 11.00–ը, քանի որ Ռոբերտ Քոչարյանին արտահերթ նիստի մասին, ինչպես պատմում էին փաստաբանները, պատշաճ չէր ծանուցվել, և վերջինս չէր ներկայացել։
Հուլիսի 27-ի գիշերը դատարանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել 2 ամսով կալանավորումը։
Օգոստոսի 1-ին Քոչարյանի փաստաբանները բողոքարկել էին առաջին ատյանի դատարանի որոշումը։ Օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանը ազատ արձակվեց: Իսկ օգոստոսի 22-ին Գլխավոր դատախազությունը Վճռաբեկ դատարան է բողոքարկել վերաքննիչի որոշումը։
(Հարուցված քրգործ՝ 300.1 հոդվածի 1-ին մաս՝ Սահմանադրական կարգի տապալում (պատժվում է 10-15 տարի ժամկետով))
- Նույն գործով հուլիսի 27-ին մեղադրվել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, որը 2008թ․ եղել է Երևանի կայազորի պետը։ Հուլիսի 27-ին դատարանը որոշեց Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց նշանակել կալանավորումը, որի դիմաց նշանակվեց 5 մլն դրամ գրավ։ Այն վճարելուց հետո Խաչատուրովը ազատ արձակվեց։
Օգոստոսի 4-ին փաստաբանների դիմումի հիման վրա դատարանը Խաչատուրովին թույլ էր տվել վերադառնալ Մոսկվա՝ ՀԱՊԿ գործերը կարգավորելու համար։
(Հարուցված քրգործ՝ 300.1 հոդվածի 1-ին մաս՝ Սահմանադրական կարգի տապալում (պատժվում է 10-15 տարի ժամկետով))

2008թ․ մարտի 1-ին նախագահի աշխատակազմի ղեկավար՝ Արմեն Գևորգյանը
- Մարտի 1-ի քրգործի շրջանակում օգոստոսի 4-ին ՀՔԾ պետ Սասուն խաչատրյանը Հ1-ի եթերում հայտարարեց, որ մեղադրանք է առաջադրվել նաև այն ժամանակ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին։
Վերջինս մեղադրվում էր 2008թ․ ընտրությունների արդյունքների վիճարկումը մերժելու նպատակով ՍԴ նախկին դատավոր Վալերի Պողոսյանի վրա ճնշում գործադրելու համար։ Նշվում էր, որ մեղադրանքն առաջադրվել է հենց դատավորի ցուցմունքից ելնելով, սակայն դատավոր Պողոսյանը հայտարարել էր, որ այդպիսի ցուցմունք չի տվել։ Այժմ քննությունը շարունակվում է, Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
(Հարուցված քրգործ՝ 332-րդ հոդվածի 3-րդ մաս՝ Արդարադատության իրականացմանը եւ քննությանը խոչընդոտելը (պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից 500-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով))

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը և նրա եղբայր Հենրիկ Աբրահամյանը
- Օգոստոսի10-ին մեղադրանք առաջադրվեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանին՝ ապօրինի ռազմամթերք պահելու համար։ Ռազմամթերքը հայտնաբերվել էր հենց մարտի 1-ի դեպքերի քրեական գործի շրջանակներում արված քննության ժամանակ։
Պարզվել էր, որ Աբրահամյանը զենքը պահել է իր եղբոր՝ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, սակայն Ամբիկ Գրիգորյանի անվամբ գրանցած Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում։ ԱԱԾ–ն հայտնում էր նաև, որ քննվում է այդ ռազմամթերքի մարտի 1-ի դեպքերին հնարավոր օգտագործումը։
Միջնորդություն է ներկայացվել դատարան Աբրահամյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։ Հենրիկ Աբրահամյանը այժմ կալանավորված է։
Օգոստոսի 20-ին նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել նաև Հենրիկ Աբրահամյանի հետ ձերբակալված Ամբիկ Գրիգորյանին։
(Հարուցված քրգործ՝ 235-րդ հոդվածի 2-րդ մաս՝ Ապօրինի ռազմամթերք պահելը (պատժվում է 2-6 տարի ժամկետով))։
«Սերժ Սարգսյանի շրջապատում»

Վաչագան Ղազարյանը և Բարսեղ Բեգլարյանը
- Հունիսի 21-ին քննչական կոմիտեն հայտնել է, որ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի ընտանիքին պատկանող «Սելենա» ՍՊԸ-ի «Յանս» ռեստորանային համալիրում բացահայտվել են յուրացումներ, ըստ որոնց՝ ռեստորանում պատվերների գումարները և ծավալները փոխելով աշխատակազմի մի քանի ներկայացուցիչ ընկերությանը հասցրել էին 25.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս, որից 6.000.000 ՀՀ դրամը հաշվապահը 2017թ. հունիս ամսին վերադարձրել է տնօրեն Ս.Կարապետյանին՝ որպես պատճառված վնասի վերականգնում։
Հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում հաշվապահը ամբողջությամբ վճարել էր հասցված վնասը։
(Հարուցված քրգործ՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ՝ Յուրացնելը կամ վատնել)
- Հունիսի 25-ին ԱԱԾ–ն հայտնեց Վաչագան Ղազարյանի ձերբակալության մասին, որը մեղադրվում էր ապօրինի հարստանալու և բանկային հաշիվներում խոշոր չափերի գումարը սահմանված կարգով էթիկայի հանձնաժողովին տրամադրած հայտարարագրում չներկայացնելու համար։ (Տեսանյութ)
Որոշում էր կայացվել Վաչագան Ղազարյանին կալանավորելու, սակայն վերջինիս փաստաբանը բողոքել էր Վերաքննիչ դատարան, որից հետո որոշվել էր նրան ազատ արձակել 1 մլրդ դրամ գրավի դիմաց։ Գրավը վճարվեց հուլիսի 24-ին և Ղազարյանը ազատ արձակվեց։
Հուլիսի 25-ին «Այսօր» լրատվակայքը հայտնում էր, որ Ղազարյանի փաստաբանը պատրաստվում է Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկել Վճռաբեկ դատարան՝ առանց գրավի համար բողոքարկելու։
(Հարուցված քրգործ՝ 310.1 հոդվածի 1-ին մաս՝ ապօրինի հարստացում (պատժվում է 3-6 տարի ժամկետով) և 314.3 հոդված 2-րդ մաս՝ կեղծ հայտարարագրում (պատժվում է 2-4 ժամկետով))։
- Հունիսի 28–ին մեղադրանք առաջադրվեց «Ֆլեշ» ՍՊԸ ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին՝ «Ֆլեշ Մոտորս» ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին սպառնալու և գումար պահանջելու համար՝ անհիմն մեղադրելով նրան գույքին վնաս պատճառելու մեջ։ Նշվում էր, որ տնօրենը ստիպված գրավ է դրել իր բնակարանը և որոշակի գումար փոխանցել ընկերությանը։
Բարսեղ Բեգլարյանը հարցաքննվել էր, այնուհետև ստորագրությամբ ազատ արձակվել։
Նույն մեղադրանքով քրեական գործ էր հարուցվել նաև «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հ.Հովսեփյանին։
(Հարուցված քրգործ՝ 332–րդ հոդվածի 2-րդ մաս՝ արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը, ինքնիրավչություն)

Սբ․ Գր․ Լուսավորիչ հիվանդանոցի նախկին տնօրեն Արա Մինասյանը
- Հուլիսի 31-ին հարուցվեց քրեական գործ Գր․ Լուսավորիչ հիվանդանոցում չարաշահումների դեպքի առթիվ։
Մինչ այդ՝ հուլիսի 27-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը աշխատանքից հեռացրեց հիվանդանոցի տնօրեն, Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանին, պատճառաբանելով, որ վերջինս պետպատվերների հաշվին չարաշահումներ է կատարել։
Տնօրենի հեռացման օրը հիվանդանոցի աշխատակիցները ցույցեր արեցին հենց հիվանդանոցի բակում՝ պահանջելով Թորոսյանին հանդիպել և քննարկել տնօրենի հարցը։ Սակայն Արսեն Թորոսյանը չեկավ հանդիպման և ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով հայտարարեց, որ ոչինչ չի ստիպի փոխել իր որոշումը։ Հուլիսի 30-ին հիվանդանոցն արդեն նոր տնօրեն ուներ։
Արսեն Թորոսյանի որոշումով հիվանդանոցում ուսումնասիրություններ էին կատարվել, որոնց արդյունքները ուղարկվել էին քննչական կոմիտե, որտեղ էլ հենց հարուցվել է քրեական գործ։
Ըստ քննչական կոմիտեի նախնական տվյալների պետությանը պատճառված վնասը 519.073.350 ՀՀ դրամ է։
Դեռ պարզ չէ՝ Արա Մինասյանը ներգրավված է այս գործում որպես մեղադրյալ, թե՝ ոչ։
(Հարուցված քրգործ՝ 214-րդ հոդվածի երկրորդ մաս՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունների չարաշահում, )
«Ընտանիքը»

Ալեքսանդր Սարգսյանի երկու որդիներ՝ Նարեկ և Հայկ Սարգսյանները
- Մեծ աղմուկ բարձրացրեց նաև Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանի նկատմամբ հունիսի 25-ին հարուցված քրգործը։ Սարգսյանին առաջադրվել էր մեղադրանք թմրանյութ և զենք պահելու, նկարիչ Մ․ Սարյանի ժառանգներից մեկից խաբելով նկարչի նկարները 280 հզ դոլլարի փոխարեն 28 հզ դոլլարով գնելու համար։ Քրեական գործով մեղադրվում էր նաև Սարգսյանի թիկնազորի պետ Արտեմ Պողոսյանը։
Ավելի ուշ Նարեկ Սարգսյանը մեղադրվեց նաև մարդ առևանգելու և նրան խոշտանգելու համար։
Պարզվել էր, որ Նարեկ Սարգսյանը և Արտեմ Պողոսյանը քրեական գործի հարուցումից առաջ՝ հունիսի 22-ին, մեկնել էին Մոսկվա, այնտեղից որևէ եվրոպական երկիր մեկնելու նպատակով։ Արտեմ Պողոսյանը շուտով հետ վերադարձավ և կամովին հանձնվեց ոստիկանությանը, իսկ Նարեկ Սարգսյանի նկատմամբ այժմ հայտարարված է հետախուզում։ (տեսանյութ)
Օգոստոսի 21-ին, իր մամուլի ասուլիսին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ Նարեկ Սարգսյանին գտնելու համար ոստիկանությունը համագործակցում է «Ինտերպոլի» հետ և որ շուտով Սարգսյանը իրենց տեսադաշտում կլինի։
(Հարուցված քրգործ՝ 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ՝ Խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով)։
- Հուլիսի 11-ին ձերբակալվեց նաև Ալեքսանդր Սարգսյանի մյուս որդին՝ Հայկ Սարգսյանը։ Հայկը մեղադրվում է 2007թ․ Երևանի բնակիչ Դավիթ Սիմոնյանին կրակելու համար։ Գործը դեռևս 2007թ․ կարճվել էր, սպանության փորձի համար ձերբակալվել էր մեկ այլ անձ, որը կամովին էր ներկայացել ոստիկանություն և հայտնել, որ կրակողը եղել է ինքը։ Սակայն, ինչպես հայտնում է քննչական կոմիտեն, կան նոր բացահայտումներ, ըստ որոնց մահափորձը իրականում կատարել է Հայկ Սարգսյանը։ Այժմ գործը վերաբացվել է և ընթացքի մեջ է։
Օգոստոսի 17-ին ՔԿ–ն հայտնեց, որ դեպքի առթիվ նախաքննությունն ավարտվել է և Հայկին առաջադրվել է մեղադրանք։
Ի դեպ, օգոստոսի 23-ին Հայկի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ եթե նույնիսկ Հայկն է կրակել, միևնույնն է սպանության փորձի մեղադրանքը անհիմն է, քանի որ հանգամանքները վկայում են, որ կրակոցները եղել են պատահական։ Ըստ պաշտպանի՝ նույնիսկ տուժողը հայտնել է, որ որևէ խնդիր չի ունեցել Հայկի հետ, ինչի համար նա կուզենար սպանել իրեն։ Իսկ սպանության փորձից ավելի մեղմ ցանկացած մեղադրանքով գործը արդեն վաղեմության հիմքով պետք է կարճված լիներ։
(Հարուցված քրգործ՝ 34-104–րդ հոդված 1-ին կետ՝ սպանության փորձ, և 235-րդ հոդվածի 1-ին մաս՝ ապօրինի զինամթերք պահելը, փոխադրելը կամ կրելը )

Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը։ Լուսանկարը՝ Hetq.am կայքի
- Հունիսի 29-ին քրեական գործ էր հարուցվել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Լյովա Սարգսյանի, նրա երեխաներ՝ Նարեկ և Անի Սարգսյանների նկատմամբ։ Վերջիններս մեղադրվում էին ապօրինի հարստացման և իրենց ունեցվածքը պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովում ամբողջությամբ չհայտարարագրելու համար։ Հուլիսի 6-ին երեք Սարգսյանները ներգրավվեցին գործում որպես մեղադրյալներ։
Լյովա Սարգսյանին այժմ հայտարարվել է հետախուզում, իսկ Անի և Նարեկ Սարգսյանները ստորագրությամբ ազատ էին արձակվել։
(Հարուցված քրգործ՝ 310.1 հոդվածի 1-ին մաս՝ ապօրինի հարստացում (պատժվում է 3-6 տարի ժամկետով)և 314.3 հոդված 2-րդ մաս՝ կեղծ հայտարարագրում (պատժվում է 2-4 ժամկետով))։
«Էջմիածնում»

Մանվել Գրիգորյանը և Արթուր Ասատրյանը
- Հունիսի 16-ին ԱԱԾ–ն դեռ 2017թ․ հարուցված մի քրգործի շրջանականերում խուզարկել էր Էջմիածնի «Դոն պիպո» մականունով հայտնի Արթուր Ասատրյանի տունը, որտեղ գտել էր ապօրինի զենք և ռազմամթերք։ 2017թ․ մի քանի հոգի մահափորձ էին արել Արթուր Ասատրյանի դեմ, վերջինս էլ նրանց առևանգել էր պահանջել պատասխանել իր հարցերին թե ով է սպանության պատվիրատուն։ Այժմ Ասատրյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։ (տեսանյութ)
(Հարուցված քրգործ՝ 131-րդ հոդված 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով․ «մարդուն գաղտնի կամ բացահայտ առեւանգելը մի խումբ անձանց կողմից, և 235–րդ հոդվածի 2-րդ մաս․ ապօրինի զինամթերք պահելը, փոխադրելը կամ կրելը»)
- Ձերբակալություններից ամենաքննարկվածը թերևս ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունն էր։ ԱԱԾ–ն հունիսի 17-ին տեսանյութ հրապարակեց, նշելով, որ գեներալ Գրիգորյանին պատկանող տանը և տարբեր այլ տեղերում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ռազմամթերք, «Զինվորի բաժին» սնունդ, ինչպես նաև ապրիլյան պատերազմի ժամանակ քաղաքացիների կողմից զինվորներին ուղարկած օգնություն, այդ թվում՝ ՊԲ–ի համար նախատեսված մեքենաներ։ Հունիսի 19–ին Մանվել Գրիգորյանը 2 ամսով կալանավորվեց։
Մոտ 10 օր անց ձերբակալվեց նաև Մանվել Գրիգորյանը կինը՝ Նազիկ Ամիրյանը, որը մեղադրվում էր ապօրինի ռազմամթերք պահելու համար։ Մանվել Գրիգորյանի կնոջը հունիսի 30-ին բաց թողեցին՝ երկրից չհեռանալու ստորագրությամբ։
Հուլիսի 24-ին պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք վերոնշյալ մեքենաները նախատեսված են եղել Արցախի ՊԲ–ի համար, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը ասաց, որ «Դրանք նվիրել են հենց ԵԿՄ–ին և ՊԲ–ի հետ որևէ կապ չունեն»։
Գեներալի և նրա կնոջ նկատմամբ հարուցված քրեական գործերը ընթացքի մեջ են։ Օգոստոսի 17֊ին Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է երկու ամսով։
(Հարուցված քրգործ՝ 235 հոդվածի 2-րդ մաս՝ ապօրինի զինամթերք պահելը, փոխադրելը կամ կրելը, և 179–րդ հոդվածի, 3-րդ մասի, 1-ին կետ․ Յուրացնելը կամ վատնելը»)։
«Ազգային Ժողով»

ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և Առաքել Մովսիսյանը
- Մայիսի 30-ին բացահայտվել էր, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ–ն «Երևան սիթի» սուպերմարկետներում որոշ ապրանքներ վաճառել էր տարբեր մարդկանց անվամբ ստեղծված ԱՁ–ներով և այդ միջոցով կարողացել էր օրինական 20 % ԱԱՀ–ի փոխարեն պետությանը վճարել 2 % ԱԱՀ։
Ընկերության նկատմամբ սահմանվել էր 5,2 մլրդ դրամի հարկային պարտավորություն, որը օգոստոսի 1-ի դրությամբ վճարվել է։
Հետաքրքիր է, որ հաջորդ օրը՝ հունիսի 1-ին, կառավարությունը արտոնություն տվեց «Ալեքս հոլդինգ»–ին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերությանը։
(Հարուցված քրգործ՝ 205-րդ հոդվածի 2-րդ մաս. «Գանձվող հարկերը վճարելուց խուսափելը» և 189-րդ հոդվածի 3-րդ մաս. «Կեղծ ձեռնարկատիրություն»)
- Հունիսի 22-ին ԱԱԾ–ն հայտնեց, որ խուզարկվել է ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) տունը, որտեղ գտել էին ենթադրաբար օրինական զենք և ռազմամթերք՝ գրանցման փաստաթղթերով։ Մովսիսյանին տարել էին ԱԱԾ քննչական վարչություն, որտեղ իրեն ներկայացվել էր իր ապօրինի զենք ունենալու մասին տվյալներ։ Մովսիսյանը ինքնակամ հանձնել էր իր ունեցած ապօրինի ռազմամթերքը և ազատ արձակվել։ (տեսանյութ)
(Հարուցված քրգործ՝ 235-րդ հոդվածի 2-րդ մաս․ապօրինի զինամթերք պահելը, փոխադրելը կամ կրելը )

ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը և իր թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը
- Հուլիսի 3-ին ոստիկանությունը հայտնեց, որ «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել վնասվածքներ ստացած մի տղամարդ, որը ասել է, թե ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը և իր անվտանգության պետ՝ Էդուարդ Բաբայանը հարվածել և վնասել են իրեն։ Նշվում էր, որ դեպքը եղել է հուլիսի 2-ին «Օլիմպավան» մարզասրահում։
Հուլիսի 5-ին, ինչպես հայտնում էր ՀՔԾ–ն, Բաբայանի նկատմամբ, որը անձամբ էր ներկայացել կոմիտե, հարուցվել էր քրեական գործ։ Էդուարդ Բաբայանը կալանավորվել էր։
Այնուհետև տուժած տղամարդու կինը հայտարարել էր, որ ամուսինը պարզապես «կանգնել է ջրի վրա և սայթաքել, դրա համար էլ կոտրվածք է ստացել»։ Սակայն բողոքը ոստիկանությունում չէր փոխվել։
Նշվում էր, որ այդ ընտանիքը որոշել էր Գագիկ Ծառուկյանի օգնությամբ ազատել իրենց որդուն զինծառայությունից, և երբ ընտանիքի հայրը գնացել է այդ հարցով խոսելու, նրան ծեծել են։
ՀՔԾ–ն հաղորդում էր նաև, որ տվյալներ կան Գագիկ Ծառուկյանի հնարավոր մասնակցութան մասին, և որ հարուցվել է քրեական գործ, սակայն այդ մասին մանրամասն տվյալներ չստացվեցին։
Օգոստոսի 21-ին Էդուարդ Բաբայանը դատարանի որոշմամբ 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։
(Հարուցված քրգործ՝ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը)։

ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը և նրա քույր Անահիտ Ֆարմանյանը
- Օգոստոսի 10-ին մեղադրանք առաջադրված ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քրոջը՝ Անահիտ Ֆարմանյանին։ Վերջինս Շիրակի համալսարանի նախկին պռոռեկտորն է և մեղադրվում է ուսանողներից 4 տարվա ընթացքում մոտ 20 մլն դրամ անօրինական վերցնելու համար։ Նշվում էր, որ Ֆարմանյանը գումարի դիմաց կազմակերպել է մեկ զորակոչիկի անվճար ուսուցումը, փոխարենը վճարովի համակարգում նստեցնելով մեկ այլ ուսանողի և խոստանալով վճարել նրա վարձը։ Սակայն այդ ուսանողի վարձը ևս չի վճարել։
Որոշում է կայացվել Ֆարմանյանին կալանավորելու մասին և հայտարարվել է հետախուզում։ Ֆարմանյանի փաստաբանները հայտնել են, որ վերջինս արտերկրում արձակուրդում է։ Մինչև նրա վերադառնալը փաստաբանները բողոքարկելու են և՛ կալանքի, և՛ մեղադրանք առաջարդելու որոշումը։ Անահիտ Ֆարմանյանը պնդում է, որ անմեղ է և իրեն մեղավոր են «նշանակել» իր ազգանվան համար։
(Հարուցված քրգործ՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ՝ Խարդախություն, որը կատարվել է՝ առանձնապես խոշոր չափերով)։
«Հիմնադրամ»

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը
- Հուլիսի 3-ին ձերբակալվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը, որը մեղադրվում էր հիմնադրամի գումարները առցանց խաղատներում ծախսելու, այնուհետև անձնական միջոցներից այդ գումարները հիմնադրամի հաշվեհամարին վերադարձնելու համար։ (տեսանյութ)
Հուլիսի 6-ին Արա Վարդանյանը վճարել էր դատարանով սահմանված 1 մլն գրավը և ազատ արձակվել։ Նա նաև իր դիմումի համաձայն ազատվել էր հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից։
(Հարուցված քրգործ՝ 214-րդ հոդված` առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը)
Նշենք, որ այս քրգործերին շարունակելու ենք հետևել և ուսումնասիրել։ Հարկ եղած դեպքում հարցումներ կուղղենք գերատեսչական մարմիններին՝ որոշ մանրամասներ ստանալու համար։