Ամերիկագետ Արեգ Գալստյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի՝ ԱՄՆ կատարած այցին՝ մատնանշելով այցի ընթացքում թույլ տված սխալները: Ըստ ամերիկագետի՝ այցը էական ոչինչ չի տվել, բացի Հայաստանի պետական ընկալման մակարդակի նվազումից:

Արեգ Գալստյանը ամերիկագետ է, պատմական գիտությունների թեկնածու: Համագործակցում է The National Interest , American ThinkerForbes Russia ամսագրերի հետ:

Հեղինակի հրապարակման հայերեն թարգմանությունը, նրա թույլտվությամբ, ներկայացնում ենք ստորև:


Իմ կողմից հարգված Արթուր Մարտիրոսյանը ժողովրդի ծառային՝ փոխվարչապետ Արարատ Միրզոյանին ճիշտ ու տեղին հարցեր է տալիս և ես նույնպես կուզենայի ստանալ դրանց պատասխանը: Սակայն բացի ֆինանսական բնույթի հաշվետվությունից, ես՝ որպես ամերիկագետ, կուզեյի ուշադրություն հրավիրել բովանդակային բնույթի մի շարք խիստ անթույլատրելի բաների վրա:

Առաջինը. նա չանցկացրեց բարձր մակարդակի և ոչ մի լուրջ հանդիպում: Բարձր նշաձողը՝ պետքարտուղար Մայք Պոմպեոյի մակարդակով, ում ավելի վաղ հանդիպել էր նախագահ Արմեն Սարգսյանը, նա [Միրզոյանը] իջեցրեց մինչև [ԱՄՆ Կոնգրեսի] ստորին պալատի միջին օղակի կոնգրեսականների մակարդակի, որոնք արտաքին քաղաքականության համար պատասխանատու չեն: Եթե Դուք փոխվարչապետի կարգավիճակով Վաշինգտոն եք գնում, ապա պետք է հանդիպեք առնվազն ԱՄՆ փոխնախագահի հետ: Ամերիկյան կողմի՝ հայկական պետության ընկալման մակարդակն ինչո՞ւ իջեցնել պետքարտուղարից կոնգրեսականների: Մայք Պենսի հետ խոսելու բան չկա՞ր: Այդ դեպքում ինչո՞ւ եք հարկատուների փողը ծախսել պետականության տեսակետից անօգուտ այցի վրա:

Երկրորդ. արտաքին քաղաքականության վրա որևէ կերպ չազդող կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ ժողովրդի ծառան խոսել է ՄԱԿ-ի տարածքում Փաշինյանի և Թրամփի հանդիպման անհրաժեշտության մասին: Արդյոք դա վա՞տ է: Պատասխանեմ.

ա) Օրենսդրական համակարգին վիրավորանք, քանի որ կոնգրեսականները նախագահի քարտուղարներ չեն և նրա հետ հանդիպումներ չեն կազմակերպում: Կոնգրեսը գործադիրից անկախ իշխանության ճյուղ է, իսկ դրա անդամները հաշվետու են ոչ թե նախագահին, այլ իրենց ընտրողներին՝ շրջաններում և նահանգներում: ԱՄՆ սահմանադրությունն ընթերցեք, որ գոնե թեթևակի պատկերացում կազմեք, թե ինչ է ամերիկյան պետությունը և ինչպես են այնտեղ ընդունվում քաղաքական որոշումները։

բ) Վիրավորանք Դեմոկրատական կուսակցությանը: Կենտրոնում նստած էր հայկական շահերի վաղեմի լոբբիստ Ֆրենկ Փելլոունը, ով Թրամփի ոչ միայն կուսակցական հակառակորդն է, այլև նրա անձնական թշնամին: Տեսա, թե ինչ թերահասկացությամբ նա ընդունեց ժողովրդի ծառայի խոսքը, իսկ վերջում պարզապես լայն ժպտաց: Դե հա, դեմոկրատին՝ հանրապետական նախագահի հետ Փաշինյանի հանդիպման կարևորության և անհրաժեշտության մասին ասելը քաղաքական «բարձրագույն» պիլոտաժ է:

գ) ՄԱԿ-ի շրջանակներում… Ժողովրդի թանկագին ծառա´, Թրամփին ՄԱԿ-ի շրջանակներում տեսնել կարող է յուրաքանչյուրը, դրա համար մեծ ջանքեր չեն պահանջվում՝ առավել ևս պետք չէ այդ մասին ասել կոնգրեսականներին, որոնք այդ կառույցի հետ համակարգային ոչ մի կապ չունեն:
Ավելի լավ կլիներ ԱՄՆ բերեիք քաղաքական օրակարգ, քննարկեիք փոխնախագահի հետ և ռեալ աշխատանքի հիման վրա էլ պատրաստեիք վարչապետ Փաշինյանի այցը Սպիտակ Տուն: ՄԱԿ-ի պատրվակով փորձել Վաշինգտոնում հանդիպում հաջողացնել, որը պիտի կայանա Նյու-Յորքում… բարդ սխեմա եք ընտրել: Եվ այո, Հայաստանը ՄԱԿ-ում կարծես թե ունի մշտական ներկայացուցիչ, որը լիազորված է նմանատիպ հարցերով զբաղվելու:

Երեկ ես խոսում էի Ամերիկայից իմ կոլեգաների, ինչպես նաև մոտ ընկերոջս հետ, որը Սենատում ազդեցիկ մի հանրապետականի աջ ձեռքն է: Ոչ ոք այդպես էլ չհասկացավ ո´չ այդ այցի իմաստը, ո´չ էլ օրակարգի բովանդակությունը: Առավելագույնը ինչին հասավ [Միրզոյանը]՝ Հայաստանի պետական ընկալման մակարդակի նվազումն էր, ինչից հերթական անգամ անպայման օգտվելու է Ադրբեջանը: Նրանց արտգործնախարար Մամեդյարովը արդեն հանդիպել է պետքարտուղար Պոմպեոյին, պաշտպանության նախարար Մատիսին և նախագահի խորհրդական Ֆիոնա Հիլլին։ Իսկ սեպտեմբերին սպասվում է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և նախագահ Իլհամ Ալիևի աշխատանքային այցերը Վաշինգտոն: