Հայաստանի հարավային տարածքը՝ Մեղրին, հյուսիսայինի՝ Բավրայի հետ կապող մայրուղին մոտ 556կմ է։ Դրա կառուցման ծախսերը կատարվում են Ասիական զարգացման, Եվրոպական ներդրումային և Եվրասիական զարգացման բանկերի տրամադրած վարկերով: Ծրագրի հաշվարկային արժեքը կազմում է մոտ 1,5 միլիարդ ԱՄՆ դոլար, այն բաժանված է 5 տրանշերի: 

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը լրագրողներին ասել էր, որ ինքը հակված է հյուսիս–հարավ ճանապարհի վճարովի լինելուն․

«Ես հակված եմ, որ այդ ճանապարհը պետք է լինի վճարովի: Վճարովի ճանապարհներ միայն Հայաստանում չեն, բազմաթիվ երկրներում ևս կան այդպիսիները: Կոնկրետ այդ հատվածում ճանապարհի վճարովի լինելն արդարացված է: Այն վճարովի է լինելու բոլորի՝ թե ՀՀ քաղաքացիների, թե օտարերկրացիների համար: Վճարը չի գերազանցելու ներկայիս ճանապարհով երթևեկելու դեպքում ծախսված վառելիքի արժեքը»

Հուլիսի 18-ին էլ նախարարը հայտնել էր, որ կառավարությունը քննարկում է Սիսիան–Քաջարան ճանապարհահատվածի վճարը, քանի որ դա ամենադժվար տարածքն է:

Սակայն, պետք է նշել, որ ավելի վաղ էլ տրանսպորտի նախկին նախարար Վահան Մարտիրոսյանը նշում էր, որ այստեղ կարող է լինել նաև մասնավոր ներդրում, ինչը կարող է ենթադրել ճանապարհի որոշ հատվածների, մասնավորապես թունելների և կամուրջների վճարովի լինելը։

Նախարարը նշում էր, որ միայն Մեղրի–Արտաշատ ճանապարհահատվածի կառուցման համար պետք է 1,5 մլրդ դոլար, իսկ ամբողջ ճանապարհի կառուցումը՝ մոտ 2 մլրդ դոլար։

Այնուամենայնիվ, ճանապարհի որոշ հատվածների վրա վճար սահմանելը նորություն չէ, դրա մասին խոսվել է նաև նախկին իշխանությունների ժամանակ։

Հյուսիս–հարավ ճանապարհը՝ բաժանված 5 տրանշերի։ Քարտեզը northsouth․am–ի, արցախյան մասն ավելացրել է Ditord.am–ը։

Հյուսիս–հարավ ճանապարհը՝ բաժանված 5 տրանշերի։ Քարտեզը northsouth․am–ի, արցախյան մասն ավելացրել է Ditord.am–ը։

[Լրացում] Նախարարի հայտարարությունում նորությունն այն էր, որ Հյուսիս–հարավ ճանապարհի Տրանշ 3–ում եվրոպական ներդրումային բանկի կողմից ֆինանսավորվող Ազատան–Բենյամին 6կմ հատվածի հողերը չեն օտարվել, ինչը պայմանավորված է նախագծային փոփոխությամբ՝ կապված այդ տարածքում հնագիտական պատմամշակութային արժեք ներկայացնող օբյեկտի բացահայտման հետ։