Մեր մեդիաիրականությունը լի է մեկը մյուսին հաջորդող սկանդալներով։ Ու չեզոք դիտորդի համար հաճախ դժվար է լինում հասկանալ՝ արդյոք բարձրաձայնված խնդիրն իսկապես գոյություն ունի, թե ուղղակի ինչ-որ մի ուժ փորձում է սեփական օրակարգը փաթաթել հանրության վզին։
Մյուս կողմից քիչ չեն դեպքերը, երբ լուրջ խնդիրներին մեդիաոլորտը գրեթե չի անդրադառնում (օր․՝ նախորդ տարի ջրամբարների դատարկումը, ևն)։
Ditord.am-ում պարբերաբար կանդրադառնանք ամենաաղմկոտ կամ էլ հույժ կարևոր, բայց անտեսված թեմաներին, ընդ որում ամեն թեմայի ուսումնասիրությունը կսկսենք հարցերի ձևակերպումից։
Այնուհետև կփորձենք ինչքանով հնարավոր է պատասխանել այդ հարցերին, եթե պետք է՝ նոր հարցեր ձևակերպել (նաև ընթերցողների առաջարկներով)։
Առաջինն անդրադառնում ենք մեծ աղմուկ հանած «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությանը, որի անդամները 2018 թ․ հունիսի սկզբից բողոքի ակտիվ գործողություններ են սկսել Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականի պահանջով։
Ստորև ներկայացնում ենք հարցերի շարքը, որը ենթակա է լրացման և խմբագրման։
- Որո՞նք են նախաձեռնության հայտարարված նպատակները։
- Նախաձեռնության առաջնորդները․
- Ովքե՞ր են նախաձեռնության առաջնորդները։
- Կա՞ն արդյոք նրանց թվում գործող հոգևորականներ։
- Կա՞ն արդյոք կարգալույծ հոգևորականներ։ Եթե այո, ապա ինչո՞ւ են աստիճանազրկվել։
- Ի՞նչ տարբեր խմբեր են աջակցում նախաձեռնությանը։
- Կա՞ն արդյոք ֆինանսավորողներ, եթե այո, ապա ովքեր են։
- Ի՞նչ կոնկրետ մեղադրանքներ և դրանք հիմնավորող փաստեր են ներկայացնում նախաձեռնության անդամները։
- Օրինակա՞ն է արդյոք հրաժարականի պահանջը դավանաբանական առումով։
- Ինչպիսի՞ն են նշանակալից դերակատարների դիրքորոշումները, օր․՝ կառավարություն, ոստիկանություն, ՀԱԵ պաշտոնյաներ, կրոնական կազմակերպություններ։
- Գարեգին Բ-ի հրաժարականի դեպքում ո՞վ է լինելու նախաձեռնության թեկնածուն։
- Գարեգին Բ–ի հրաժարականի դեպքում ի՞նչ ռեֆորմներ են պատրաստվում անել ՀԱԵ-ում։
- Փոխզիջման ի՞նչ հնարավոր տարբերակներ են տեսնում կոնֆլիկտի կողմերը։