2010 թվականի մայիս-հունիսը թեժ էր. հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտության» անփառունակ երկու տարիներից հետո իշխանություններն առաջ քաշեցին օրենսդրական փոփոխություն, որով հնարավոր էր դառնում Հայաստանում օտարալեզու դպրոցների հիմնում։
Բնական էր, որ միանգամից ծնվեց այդ օրինագծի դեմ շարժում, որի կարգախոսներն էին. «Ո՛չ օտարալեզու դպրոցներին», «Հայաստանում՝ հայերեն», «Լեզվի հարցում ոչ մի զիջում» ևն։ Քննարկումներ, ցույցեր, ժողովներ, հոդվածներ, ջղայն գրառումներ ու ֆլեշմոբեր Ֆեյսբուքում և Կենդանի Մատյանում (որտեղ այն ժամանակ քաղաքակասն քննարկումները շատ ավելի թեժ էին, քան ՖԲ-ում)։ Ես էլ էի որոշ ժամանակ մասնակցում այդ ցույցերին, քննարկումներին, խիստ քննադատական գրառումներ գրում։
Այնուամենայնիվ մայիսի կեսերից արդեն պարզ էր, որ օտարալեզու դպրոցների դեմ շարժումն ըստ էության դառնում է իշխանությունների դեմ քաղաքական պայքարի գործիք ընդդիմադիր զանազան խմբերի ձեռքում։
2010 թվականի մայիսի վերջերին գրել էի բլոգումս.
Հունիսի երկուսին «Թեքեյան» մշակույթի կենտրոնում տեղի կունենա համաժողով՝ նվիրված օտարալեզու դպրոցների խնդրին։ Հրավիրել են մասնակցել այդ համաժողովին … Սխալ չեմ համարում համաժողովի անցկացումը։ Բայց չեմ գնա։ Նախ՝ որովհետև հոգնել եմ խոսակցություններից։ Երկրորդը՝ օտարալեզու դպրոցների կռվի մեջ արդեն խցկվել են բազմաթիվ «սպեկուլյանտներ»՝ սկսած ռուսատյացներով, վերջացրած «ինչքան վատ իշխանություններին, այնքան լավ ՀԱԿ-ին» սկզբունքով առաջնորդվողներով։ Նաև համոզված եմ, որ համագումարներն ու համաժողովներն ամենաարդյունավետ ուղին չեն հայերենի կայուն զարգացումն ապահովելու համար։
Այո, անձնական շփումներից ու քննարկումներից բավականին արագ ակնհայտ էր դարձել, որ օտարալեզու դպրոցների դեմ շարժման ակտիվիստներից շատերին հայոց լեզուն քիչ է հետաքրքրում։ Երբ մի քանի «միամիտներով» փորձում էինք բացի իշխանությունները քննադատելուց խոսել հայոց լեզվի զարգացման համար անհրաժեշտ երկարաժամկետ ծրագրերից, մեզ, մեղմ ասած, ցրում էին. «Թողե՛ք պայքարենք, իսկ այդ երկարաժամկետը՝ հետո»…
Չնայած բողոքներին օրենքն ընդունվեց, իսկ օտարալեզու դպրոցների դեմ շարժման ամենաշոշափելի արդյունքը «Մայրենի լեզվի դասեր» ֆեյսբուքյան բազմահազարանոց խումբն էր, որը գործում է առ այսօր (ի դեպ, այն կարծես թե առաջին մեծ հայկական խումբն էր, որում հայերեն գրառումները պարտադիր հայատառ լինելու պահանջ դրվեց)։ Եւս մեկ արդյունք էր, երևի, նույն խմբում շատ ակտիվ լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանի կազմակերպած լեզվաբանական ամառային դպրոցները (կամ գուցե դրանք որևէ կապ չունեն շարժման հետ և զուտ իր անձնական նախաձեռնությունն են)։ Որպես մեկ այլ ձեռքբերում կարելի է նշել նաև այն, որ նախկինում հիմնականում ռուսերեն գրող բլոգերներից ոմանք անցան հայերենի, թեպետ դժվար է ասել արդյոք մեծ էր այդ մարդկանց թիվը։
Հատկանշական է, որ 2010 թվականի այդ շարժման ակտիվիստներից Արայիկ Հարությունյանը, ով իշխանափոխությունից հետո հարմարավետ տեղավորվել է ԿԳՄՍ նախարարի բազկաթոռում, այսօր որոշում է բուհերում հայերենի և հայ ժողովրդի պատմության դասավանդումը ոչ պարտադիր դարձնել, ինչն իր բնույթով չի տարբերվում այդքան ատելի «նախկինների»՝ 2010 թվականի քայլերից։ Հատկանշական է նաև այն, որ օտարալեզու դպրոցների դեմ շարժման այն ժամանակվա ակտիվիստներից շատերն այսօր լուռ են, քանի որ պակաս հարմարավետ չեն տեղավորվել տարբեր պաշտոններում։
Այսօր արդեն ակտիվիստների նոր սերունդն է պայքարում այդ որոշման դեմ, իսկ երեկվա ակտիվիստ Արայիկ Հարությունյանն այսօրվանների դեմ ոստիկանություն է փողոց հանում։
Այդ կռվում ես որոշման դեմ պայքարողների կողմից եմ, քանի որ հասկանում եմ, որ նախարարի որոշումը ոչ միայն չի լուծում հայերենի դասավանդման առկա խնդիրները, այլ ավելի է դրանք խորացնում։
Այնուամենայնիվ 9 տարի առաջ բարձրաձայնած հարցը մնում է և ավելի արդիական է քան երբևէ. ի՞նչ է պետք անել հայոց լեզվի դիրքերը ոչ միայն պահպանելու, այլ լեզուն զարգացնելու համար, հաշվի առնելով անգլերեն և ռուսերեն՝ օրեցօր ուժեղացող, օր օրի ավելի ագրեսիվ դարձող տեղեկատվական, մշակութային հոսքերի ճնշումը։
2010-ին քննարկվող երկարաժամկետ ծրագրերի առաջարկներից էր, օրինակ՝ «հայկական ակումբների» ցանցի ստեղծումը, որոնցում ցանկացած մարդ, անկախ տարիքից կկարողանար բանավոր և գրավոր հայերենը կատարելագործել, ստեղծագործական ինչ-որ դասընթացների, քննարկումների, լեզվի մասին հետաքրքիր քննարկումների մասնակցել։
Մի քանի անգամ տարբեր առիթներով քննարկել ենք նաև հայոց լեզվի, պատմության, տարածաշրջանային աշխարհագրության «ժողովրդական դասագրքեր» ստեղծելու գաղափարը։
Ցավոք, մի շարք՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, այդ գաղափարներն այդպես էլ մնացին խոսակցությունների մակարդակում։ Բայց անկախ մեր զբաղվածության աստիճանից և արդարացումներից (լինեն դրանք հարգելի կամ ոչ հարգելի) հայոց լեզվի դիրքերի պաշտպանության, զարգացման, դասավանդման խնդիրները կան և խորանում են։
Իհարկե, սոցցանցերի բուռն աճի պատճառով իրականությունն այսօր այլ է, քան 9 տարի առաջ. ինֆորմացիայի ստացման ու տարածման ձևերն են փոխվում, այն ընկալելու կարողություններն են փոխվում մարդկանց մոտ, ինչպես նաև փոխվում է «ուշադրության տևողությունը» (attention span)։ Մասնագիտություններ են վերանում և նոր մասնագիտություններ առաջանում։ Միաժամանակ լեզվագիտության ոլորտում շատ հետաքրքիր զարգացումներ կան, օրինակ՝ արհեստական բանականությունն է մտել այդ ոլորտ։ Նախկինում չտեսնված արագությամբ են լեզուները փոխվում․ թե՛ խոսակցական, թե՛ սոցցանցերում շփման մակարդակներով, և այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում լեզվաբանները, բանասերները այդ ամենը չեն նկատում, շարունակում են ապրել ինչ-որ անշտապ զուգահեռ իրականության մեջ՝ տարիներով սահմանափակվելով միայն «ա» օժանդակ բայի օգտագործման հարցի շուրջ կռիվներ տալով։
Գուցե սխալվում եմ, բայց վերոնշյալ հարցերը, սրընթաց փոփոխությունները գրեթե չեն քննարկվում մեր ակադեմիկ կամ մեդիա շրջանակներում։ Այլ լեզուների դեպքում առանց հատուկ փնտրելու պարբերաբար շատ հետաքրքիր քննարկումներ, հոդվածներ, ֆիլմեր, դասախոսություններ եմ հանդիպում, օրինակ՝ ռուսական հարթակներում (ПостНаука, Арзамас և այլն), իսկ անգլալեզու տիրույթի համապատասխան հարթակները նույնիսկ անիմաստ է թվարկել, այնքան շատ են։ Իսկ Հայաստանում հայոց լեզվի, և ընդհանրապես կրթության հարցերը հիշում ենք միայն իշխանությունների հերթական ինչ-ինչ «ոտնձգությունների» ժամանակ։
Ընդ որում անվիճելի է, որ լեզվի զարգացման համար անհրաժեշտ է նաև ենթակառուցվածք, որը պետք է սպասարկել և նույնպես զարգացնել։
Իմ համոզմամբ, պետությունն այսօր լավագույն դեպքում զբաղվում է այդ ենթակառուցվածքներով զուտ այնքանով, որքանով պետք է, որ իրեն չմեղադրեն հակահայկականության համար։ Հասարակությունը (կամ, ավելի ճիշտ՝ մտավորականությունը) հազվադեպ է հիշում այդ ենթակառուցվածքի մասին, հիշելիս էլ հուզական պոռթկումներից հեռու չի գնում։ Հասարակական կազմակերպություններն ու մասնավոր հիմնադրամներն էլ նույնպես համակարգված ձևով չեն զբաղվում լեզվի հարցերով։
Կամ գուցե ե՞ս եմ չափից վատատես և/կամ անտեղյակ։ Գուցե սխալվո՞ւմ եմ։ Այդ դեպքում, հարգելի ընթերցող, խնդրում եմ պատմիր, գրի մեր լեզվի մասին հետաքրքրագույն գիտական ու գիտահանրամատչելի քննարկումների, դասախոսությունների, նոր գրքերի մասին։ Իսկ եթե լուրջ, ապա եկեք զրուցենք այդ մասին, քննարկենք, գուցե նաև դուրս գալով համացանցային տիրույթից, անջատելով անդադար մեր ուշադրությունը շեղող հեռախոսները։
Առաջին հերթին փորձենք հասկանալ եղած խնդիրները, հնարավոր զարգացումները իրական և թվային աշխարհում ու դրանցից բխող սպառնալիքները և հնարավորությունները։ Փորձենք հասկանալ. արդյոք մենք՝ շարքային կրթված քաղաքացիներս, ունենք որևէ անելիք այս ոլորտում, եթե այո, ապա ինչ անելիքներ։ Փորձենք մտածել սթափ, լինենք ռացիոնալ և գուցե այս անգամ կարողանանք հասնել խնդիրները ճիշտ որոշելու, լուծումներ փնտրելու, դրանք գտնելու և իրականություն դարձնելու փուլերին։
Ի՞նչ կասեք։