2019 թ. դեկտեմբերին Չինաստանի Ուհան քաղաքում հայտնաբերված նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) մասին ահազանգը տարբեր երկրներում դարձավ օրակարգային, իսկ 2020 թ. հունվարի 13-ին հայտարարվեց կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը: Հետզհետե վարակի տարածումը պետություններին ստիպեց կանխարգելիչ միջոցառումների դիմել:

Մեր տարածաշրջանում Իրանը փետրվարի 19-ին պաշտոնապես հաստատեց երկրում կորոնավիրուսով երկու վարակակրի առկայության փաստը: Նույն օրն այդ անձանց մահը անհանգստությունների տեղիք տվեց տարածաշրջանի երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում, որը շատ արագ դիմեց կանխարգելիչ միջոցների։ Փորձել ենք ուսումնասիրել և ներկայացնել կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Թուրքիայում իրականացվող միջոցառումները: 

Պաշտոնական տվյալներ 

Դեռևս հունվարի 14-ին Թուրքիայի առողջապահության նախարարության հանրային առողջության գլխավոր վարչությունում ստեղծվեց Կորոնավիրուսի օպերատիվ կենտրոն և համապատասխան գիտական հանձնաժողով: 

Հունվարի 20-ին Պեկինը հաստատեց վիրուսի՝ մարդուց մարդուն փոխանցվելու փաստը: Դրանից հետո՝ հունվարի 21-ին, Թուրքիայի սահմանային և առափնյա տարածքների առողջապահության գլխավոր վարչությունը Ստամբուլի օդանավակայանից Չինաստան չվերթներ իրականացնող ընկերություններին կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու կոչ արեց, իսկ հունվարի 22-ին դադարեցվեցին Ուհան-Ստամբուլ չվերթները: Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտարարեց, որ երկրի 25 հիվանդանոցներում, որոնցից երկուսը՝ մայրաքաղաք Անկարայում, առանձնացրել են բացասական ճնշմամբ մեկուսացման համակարգ ունեցող հիվանդասենյակներ, որոնց ներսի՝ վիրուսով աղտոտված օդը դուրս չի թափանցում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հունվարի 30-ին հայտարարեց «հանրային առողջության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակի» մասին: Թուրքիայի նախագահ Էրդողանի հանձնարարությամբ՝ Ուհանում գտնվող Թուրքիայի քաղաքացիներին երկիր վերադարձնելու համար ռազմական ինքնաթիռը հունվարի 31-ին մեկնեց Չինաստան: Փետրվարի 1-ին Թուրքիայի 32, Ադրբեջանի 6, Վրաստանի 3 և Ալբանիայի 1 քաղաքացու տեղափոխող ինքնաթիռը վերադարձավ Անկարա, և տեղափոխող անձնակազմի հետ միասին 61 անձի նկատմամբ սահմանվեց 14-օրյա կարանտին: Հետագայում Թուրքիայի առողջապահության նախարարը հայտնեց, որ վերոհիշյալ 61 անձանց մոտ կորոնավիրուսի եռակի թեստերը բացասական են եղել:

Փետրվարի 4-ին հայտարարվեց, որ ջերմային տեսախցիկով դիտարկվելու են ոչ միայն Չինաստանից, այլ նաև Ճապոնիայից, Մալայզիայից, Թայվանից, Թաիլանդից, Հոնգ Կոնգից, Սինգապուրից և Հարավային Կորեայից Թուրքիա ժամանող ուղևորները: 

Ուղևորների ստուգում ջերմային տեսախցիկներով
Ուղևորների ստուգում ջերմային տեսախցիկներով

Փետրվարի 5-ին պաշտոնապես դադարեցվեցին Չինաստանից Թուրքիա իրականացվող բոլոր չվերթները: Իսկ փետրվարի 7-ից Թուրքիայում գործող միջազգային օդանավակայաններում ջերմային տեսախցիկներով հսկողություն սահմանվեց արտերկրից ժամանող բոլոր ուղևորների նկատմամբ:

Փետրվարի 10-ին Թուրքիայի ԱԳՆ-ն տարածեց նախազգուշացնող հայտարարություն կորոնավիրուսի տեսանկյունից ռիսկային համարվող Մոնղոլիա այցելությունների վերաբերյալ: 

Առողջապահության նախարար Ֆ. Քոջան փետրվարի 11-ին մամուլի ասուլիսում հայտնեց կորոնավիրուսի արագ ախտորոշման՝ տեղական արտադրության սարքավորման մասին, որը թեստի պատասխանները տրամադրում է 90-120 րոպեում (ներկրվածների դեպքում տևողությունը 4֊ից 24 ժամ է): Իսկ փետրվարի 14-ին նախարարն ասաց, որ հնարավոր համաճարակի համար հիվանդանոցներում ստեղծվել են մեկուսացման սենյակներ, բացի այդ իրենք պատրաստ են 24 ժամվա ընթացքում բացազատել 50 տեղանոց 48 դաշտային հիվանդանոց։ 

Թուրքիայի ԱՆ նախարար Ֆահրեթթին Քոջան՝ ասուլիսի ժամանակ

Փետրվարի 21-ին արգելվեց Իրանում վարակի օջախ հանդիսացող Ղոմ քաղաքից եկող ուղևորների մուտքը Թուրքիա: Իրանի և Նախիջևանի հետ սահմանային անցակետերում իրականացվող խիստ հսկողության արդյունքում էլ արգելվեց մրսածության ախտանիշներով 26 օտարերկրյա քաղաքացու մուտքը: Փետրվարի 21-ից 23-ը Իրանից վերադարձած Թուրքիայի 16 քաղաքացի, հսկողության տակ առնվելով, ստուգվել են նոր տեսակի կորոնավիրուսի առկայության համար, սակայն բոլորի թեստերն էլ բացասական են եղել

Փետրվարի 23-ին Թուրքիայի առողջապահության նախարարը տեղեկացրեց Իրանում ահագնացող վարակի հետևանքով թուրք-իրանական ցամաքային սահմանը ժամը 17:00-ից փակելու, իսկ թռիչքները՝ 20:00-ից միակողմանի դադարեցնելու մասին: Նույն օրը փակվեց նաև Թուրքիա-Նախիջևան Դիլուջու սահմանային անցակետը, որը, սակայն, Էրդողանի՝ Ադրբեջան կատարած այցից հետո փետրվարի 26-ին վերաբացվեց

Փետրվարի 25-ին Իրանից Թուրքիայի 132 քաղաքացիներին տեղափոխող ինքնաթիռը որոշ ուղևորների մոտ նկատված բարձր ջերմության, հազի և մրսածության այլ ախտանիշների պատճառով Ստամբուլի փոխարեն արտակարգ վայրէջք կատարեց Անկարայի օդանավակայանում, որից հետո ուղևորներն ու անձնակազմը տեղափոխվեցին հիվանդանոց՝ 14 օր հսկողության տակ պահվելու նպատակով: Նշվում էր, որ ուղևորների մի մասն այցելել էր Ղոմ և Մաշհադ քաղաքներ: Առողջապահության նախարարությունը հետագայում վստահեցրեց, որ այդ քաղաքացիների թվում կորոնավիրուսով վարակվածներ չեն եղել: 

Արագորեն տարածվող կորոնավիրուսի պատճառով փետրվարի 26-ին Թուրքիայի ԱԳՆ-ն քաղաքացիներին կոչ արեց առանց ծայրահեղ անհրաժեշտության չմեկնել Իտալիայի և Իրաքի այն շրջաններ, որտեղ ի հայտ են եկել կորոնավիրուսով վարակվածության դեպքեր: Նույն օրը Ֆ. Քոջան հայտարարեց, որ բացի Թուրքիայի քաղաքացիներ տեղափոխող ինքնաթիռներից Իրանից այլ ուղևորափոխադրող չի կարող վայէջք կատարել Թուրքիայում: Մուտքն ազատ էր միայն բեռնափոխադրող ինքնաթիռների համար, իսկ դատարկ ինքնաթիռներին թույլատրվեց տեղափոխել Իրան վերադարձող ուղևորներին: 

Այդ ընթացքում Իտալիայում ահագնացող կորոնավիրուսի տարածման ֆոնին «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը փետրվարի 29-ին նախ հայտարարեց Իտալիա ավիափոխադրումների փոփոխության մասին. երկկողմանի դադարեցվում էին «Սաբիհա Գյոքչեն» օդանավակայանից Միլան և Հռոմ իրականացվող չվերթները, իսկ Ստամբուլի օդանավակայանը նվազեցնում էր Իտալիա ուղևորափոխադրումների հաճախականությունը: Սակայն ուշ երեկոյան Թուրքիայի առողջապահության նախարարը հայտնեց, որ որոշում է կայացվել կեսգիշերից սկսած դադարեցնել Թուրքիայից Իտալիա, Հարավային Կորեա, Իրաք (այդ թվում՝ Իրաքյան Քրդստան) ուղևորատար բոլոր չվերթները: 

Մարտի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ առողջապահության նախարար Ֆ. Քոջան կրկին պնդեց, որ Թուրքիայում դեռևս կորոնավիրուսով վարակվածության դեպք չի գրանցվել, տարվա սկզբից 940 անձանցից վերցված բոլոր նմուշներն էլ բացասական են եղել:  

Ոչ պաշտոնական պնդումներ 

Չնայած Թուրքիայի առողջապահության ոլորտի պատասխանատուները վստահեցնում են, թե երկրում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածներ չկան, այնուամենայնիվ սոցցանցերում, տեղական լրատվամիջոցներում ու հասարակության շրջանում որոշակի մտահոգություններ կան: 

Մասնավորապես, տարվա սկզբից Ստամբուլի Բյույուքչեքմեջե թաղամասում, Աքսարայ, Իզմիր, Դողուբայազիտ քաղաքներում Չինաստանից եկած տասնյակ բանվորներ ու զբոսաշրջիկներ վատ ինքնազգացողությամբ ու գրիպանման երևույթներով հոսպիտալացվել էին: Այդ ընթացքում Թուրքիան դեռ չէր դադարեցրել Չինաստանի հետ ուղևորափոխադրումները, իսկ հիվանդության՝ 14-օրյա գաղտնի  շրջան ունենալու մասին տեղեկությունը հաստատեց, որ ջերմային տեսախցիկներով ստուգումներն այնքան էլ արդյունավետ չեն: Այս մասին լրագրող Մեհմեթ Ալի Օնելի թվիթերյան գրառմանը միացան բազմաթիվ օգտատերեր՝ արտահայտելով իրենց անհանգստությունը երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ: Մարդկանց մոտ խուճապային տրամադրություններ էին ստեղծվել՝ կապված նաև ներկրվող ապրանքներից վարակվելու մասին կեղծ լուրերի հետ: Սոցցանցերում շրջանառվում էին վարակի հաստատված դեպքեր ունեցող երկրների հետ ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները դադարեցնելու վերաբերյալ կոչեր

Մինչ թուրք-իրանական սահմանի փակվելը Դիարբեքիրի տեղական Tigris Haber լրատվամիջոցը նյութ էր տարածել Իրանից ապօրինի կերպով և առանց բուժզննման Դիարբեքիր ներթափանցած այլազգիների մասին: Այս լուրը չէր հերքվել, և դրանից հետո սոցիալական մեդիայում Իրանի հետ սահմանը փակելու քարոզարշավ էր սկսվել: 

Փետրվարի 26-ին ընդդիմադիր T24 լրատվականի լրագրող Շիրին Փայզինը Twitter-ում գրել էր, որ Ստամբուլի օդանավակայանում կորոնավիրուսի դեմ ոչ մի ստուգում չի իրականացվում, աշխատակիցները դիմակ չեն կրում, մինչդեռ ինքը վերադառնում էր վարակակիրների թվով 3-րդը հանդիսացող Իտալիայից: Հաջորդ գրառման մեջ լրագրողը նշում է, թե անձնագրային հերթում ոստիկանն ասել է, որ չգիտի ինչ անել այնտեղ գտնվող՝ հավանաբար Չինաստանից ժամանած անձի հետ ու դիմել է վերադասին: 

Մյուս կողմից, մարտի 3-ին Թուրքիայի բժշկական ասոցիացիայի կենտրոնական խորհրդի նախագահ Սինան Ադըյամանը հայտարարել է, որ «վաղ թե ուշ կորոնավիրուսը հասնելու է Թուրքիա: Դա չի նշանակում, որ միլիոնավոր մարդիկ են մահանալու: Ակնկալվում է, որ կլինի վարակի 300-400 դեպք»:  ՄԵկ այլ պնդում կա, որ «Թուրքական ավիաուղիներ» ընկերության օդանավերով Նիգերիա, Իսրայել, Սինգապուր և Էստոնիա իրականացված չվերթներում կորոնավիրուսով վարակված անձինք են հայտնաբերվել։ Սակայն առողջապահության նախարարը վստահեցրել է, որ օդանավերի անձնակազմը հետևել է կանխարգելիչ բոլոր միջոցառումներին, և նրանց նախնական թեստերը բացասական են եղել։

Երկրի ղեկավարության կողմից իրականությունը կեղծելու մասին շրջանառվող լուրերում «կեղծման հնարավոր մոտիվները» տարբեր են․ Մտավախություն կա, որ եթե տարվա սկզբից երկրում տեղի ունեցած երկրաշարժերի, ձնաբքի, Սիրիայում ու Լիբիայում իրականացվող ռազմագործողությունների հետևանքով ունեցած կորուստների մասին լուրերին գումարվի նաև համաճարակի մասին տեղեկությունը, ապա շատ հավանական է Թուրքիայում լուրջ խուճապ ու անկարգություններ կսկսվեն:  


Այսպիսով, թեև մինչ օրս Թուրքիայում կորոնավիրուսով վարակման դեպք պաշտոնապես չի արձանագրվել, երկրում դեռ հունվարի կեսից սկսել և շարունակում են կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել։ Չի բացառվում նաև, որ անկախ բոլոր միջոցառումներից երկրում վարակի բռնկման հավանականություն կա։