Մարտի 11-ին Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հաստատեց երկրում նոր տեսակի կորոնավիրուսով վարակի առաջին դեպքի առկայությունը, իսկ մարտի 17-ին գրանցվեց կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը: Առողջապահության նախարարության տվյալներով մարտի 31-ին վարակակիրների թիվը 13531 էր, մահացածներինը՝ 214, իրականացվել էր գրեթե 92 հազար թեստավորում: Վարակակիրների թվում կան նաև բուժաշխատողներ, որոնցից 24-ը Ստամբուլից են, 18-ը՝ Անկարայից:
Վարակի տարածումը կանխելու նպատակով երկրի ղեկավարության որոշմամբ մարտի 15-ից Մեդինա կատարած ուխտագնացությունից վերադարձողներին, իսկ հետագայում՝ ռիսկային բոլոր գոտիներից ժամանողներին սկսեցին մեկուսացնել տարբեր քաղաքների ուսանողական հանրակացարաններում: Չնայած մեկուսացվածների նկատմամբ իրականացվող հսկողությանը՝ մամուլում պարբերաբար նյութեր էին հայտնվում կարանտինը խախտած անձանց փախուստի փորձերի մասին:
Կանխարգելիչ միջոցառումների շրջանակում ներքին գործերի նախարարության որոշմամբ մարտի 16-ից արգելվեցին գիշերային զվարճանքի վայրերի, բարերի, դիսկոտեկների գործունեությունը: Մարտի 21-ի դրությամբ ուղևորափոխադրումների արգելք էր սահմանվել 68 երկրի նկատմամբ: Իսկ մարտի 27-ին ժամանակավորապես դադարեցվեցին միջազգային բոլոր չվերթները, ներքին չվերթների իրականացման համար էլ սահմանվեց հատուկ թույլտվություն:
Թեև մարտի 16-ին երկրում վարակակիրների՝ պաշտոնապես հաստատված թիվը դեռևս 47 էր, Անկարայի Հաջեթթեփե համալսարանական հիվանդանոցի ղեկավարությունը որոշում կայացրեց ոչ հրատապ վիրահատությունները հետաձգելու, ոչ պարտադիր պոլիկլինիկական այցերը չեղարկելու և ստացիոնար բուժում չպահանջող հիվանդներին դուրս գրելու մասին: Իսկ բարձրագույն կրթական խորհրդի որոշմամբ չեղարկվեց համալսարանական հիվանդանոցների, բժշկական ֆակուլտետների առողջապահական, հետազոտական կենտրոնների անձնակազմներին տրվող տարեկան արձակուրդը:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մարտի 17-ին հայտարարեց բանակում կանխարգելիչ միջոցառումների ցանկը: Որոշման համաձայն՝ մինչև ապրիլի 13-ը ռազմական ուսումնարանների և բարձրագույն սպայական ինստիտուտների կուրսանտներին արձակուրդ էր տրվում, արգելվում էին այցերը բանակային ստորաբաժանումներ և շտաբներ, հետաձգվում էին տեղական և միջազգային բոլոր զորավարժությունները, իսկ սահմանային ստորաբաժանումների անձնակազմին պաշտպանիչ հագուստ և դիմակներ էին տրամադրվելու: Մարտի 27-ին որոշվեց, որ զորակոչն ու զորացրումը իրականացնելիս զինվորականները ենթարկվելու են 14-օրյա կարանտինի կանոնին: Իսկ Ազգային պաշտպանության համալսարանի կուրսանտների թեկնածուների քննությունները հետաձգվեցին մինչև հունիսի 14 (մարտի 29-ի փոխարեն):
Մարտի 21-ին Անկարայի, Անթալիայի և Իզմիրի քաղաքապետարանների համապատասխան որոշմամբ 65-ից բարձր տարիքի անձանց համար հասարակական տրանսպորտը դադարեց անվճար լինել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով մարտի 27-ից միջքաղաքային ճամփորդությունների համար նահանգապետարանից հատուկ թույլտվություն սահմանվեց. որոշումը խստորեն կիրառվելու էր բոլոր 30 խոշոր քաղաքներում, հատկապես Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Քոջաելիում:
Երկրում վարակի տարածմանը զուգընթաց ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մարտի 27-ին հայտարարել էր 12 բնակավայրում կարանտինային ռեժիմ մտցնելու, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների շրջանակում Հունաստանի հետ սահմանին գրեթե մեկ ամիս ապաստանի սպասող 5800 փախստականի 9 շրջաններում տեղավորելու մասին: Մարտի 30-ին կարանտինային ռեժիմը տարածվեց Թուրքիայի 18 նահանգի 39 բնակելի վայրի վրա, որոնցից 1-ը ավան է, 6-ը՝ թաղամաս, 28-ը՝ գյուղ, 4-ը՝ փոքր համայնք: Հայաստանի հետ սահմանային նահանգներից Կարսում կարանտինային դրություն հայտարարված բնակավայրերի թիվը 4 է:
Մարտի 30-ին վարակակիրների թիվը Թուրքիայում հատեց 10 հազարի սահմանը: Այս ֆոնին նախագահ Էրդողանը համազգային դրամահավաք հայտարարեց՝ կորոնավիրուսի դեմ պայքարին նվիրաբերելով իր 7 ամսվա աշխատավարձը: Դրամահավաքի դեմ բողոքի ալիք բարձրացավ այն պատճառաբանությամբ, որ աշխարհի մյուս երկրներում այս օրերին պետությունն է ֆինանսապես աջակցում հասարակությանը, իսկ Թուրքիայի ղեկավարությունը հասարակությունից է գումար ակնկալում:
Մարտի 31-ին առողջապահության նախարարը հայտնեց, որ երկրի 44 նահանգում գործող կորոնավիրուսի ախտորոշման կենտրոնների թիվը հասել է 75-ի:
Հակասող տեղեկություններ
Թուրքիայի բժշկական ասոցիացիան երկրում վարակի բռնկման առաջին օրերին մամլո հաղորդագրություն տարածեց այն մասին, որ երկրի տարբեր բուժհաստատություններից տեղեկություններ են ստանում վարակակիրների ավելի մեծ թվի մասին: Բուժաշխատողները պնդում են, որ որոշ դրական թեստեր տարօրինակ՝ «բարձր ռիսկային» պատճառաբանությամբ վերստուգման են ուղարկվում և չեն գումարվում վարակվածների հաստատված թվին:
Ընդդիմադիր Sözcü թերթը մարտի 16-ին գրել էր, որ Թուրքիայի Ցամաքային ուժերի նախկին հրամանատար 79-ամյա բանակի գեներալ Այթաչ Յալմանը մահացել է կորոնավիրուսից: Այս տեղեկությունը սկզբնապես հերքվում էր, քանի որ պաշտոնապես հայտարարված մահերի թիվն այդ պահին 2 էր: Սակայն, ավելի ուշ առողջապահության նախարարն անձամբ հաստատեց, որ գեներալի մահը երկրում կորոնավիրուսից մահվան 3-րդ դեպքն է:
Մարտի 28-ին ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Վելի Աղբաբան հարց բարձրացրեց Իրաքի հետ սահմանային Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանի 200-հոգանոց մի վաշտում վարակակիր 11 զինծառայողի, և նրանց զինակիցների՝ մի հարկի տակ պահվելու մասին։ Այս լուրը Հաքքարիի նահանգապետարանը հերքեց միայն 2 օր անց՝ հայտարարելով, որ վարակակիրների մասին տեղեկությունը կեղծ է, իսկ սոցիալական հեռավորություն պահպանելու նպատակով զինվորների մի մասին տեղավորել են հանրակացարաններում և հյուրանոցներում:
Ընդդիմադիր Cumhuriyet թերթը մարտի 30-ին հայտնեց, որ հեռախոսազանգեր են ստացել այն մասին, թե Անթալիայի նահանգապետարանն ազգային կրթության վարչությունում աշխատող անձնակազմին՝ մաքրուհիներ, անվտանգության աշխատակիցներ, առանց համապատասխան կրթության ուղարկում է կարանտինային հիվանդանոցներ: Անձնակազմը բողոքում է, որ իրենց պարզապես ուղարկում մահվան և հակառակ դեպքում սպառնում են հեռացնել աշխատանքից:
Մարտ ամսվա ցուցանիշները Թուրքիայում՝ ըստ առողջապահության նախարարության տվյալների
Ամսաթիվ | Վարակակիրներ | Մահացածներ | Թեստավորում | Բուժվածներ* |
11.03 | 1 | _ | _ | _ |
12.03 | 1 | _ | _ | _ |
13.03 | 5 (+4) | _ | _ | _ |
14.03 | 6 (+1) | _ | _ | _ |
15.03 | 18 (+12) | _ | _ | _ |
16.03 | 47 (+29) | _ | _ | _ |
17.03 | 98 (+51) | 1 | _ | _ |
18.03 | 191 (+93) | 2 (+1) | _ | _ |
19.03 | 359 (+168) | 4 (+2) | 11755 (+1981) | _ |
20.03 | 670 (+311) | 9 (+5) | 13736 (+3656) | _ |
21.03 | 947 (+277) | 21 (+12) | 17392 (+2953) | _ |
22.03 | 1236 (+289) | 30 (+9) | 20345 (+3672) | _ |
23.03 | 1529 (+293) | 37 (+7) | 24017 (+3672) | _ |
24.03 | 1872 (+343) | 44 (+7) | 27969 (+3952) | _ |
25.03 | 2433 (+561) | 59 (+15) | 33004 (+5035) | _ |
26.03 | 3629 (+1196) | 75 (+16) | 40290 (+7286) | _ |
27.03 | 5698 (+2069) | 92 (+17) | 47823 (+7533) | 42 |
28.03 | 7402 (+1704) | 108 (+16) | 55464 (+7641) | 70 (+28) |
29.03 | 9217 (+1815) | 131 (+23) | 65446 (+9982) | 105 (+35) |
30.03 | 10827 (+1610) | 168 (+37) | 76981 (+11535) | 162 (+57) |
31.03 | 13531 (+2704) | 214 (+46) | 92405 (+15422) | 243 (+81) |
*Տվյալներն առողջապահության նախարարության կայքէջից են, սակայն նախագահ Էրդողանը մարտի 25-ին հայտարարել էր 797 անձի ապաքինման մասին հակասական տեղեկություն։