Նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխարգելելու նպատակով Ադրբեջանում մարտի 31-ի ժամը 00։00-ից մինչև ապրիլի 20-ը 00։00-ն հայտարարվել է խիստ կարանտինային ռեժիմ, մարդկանց արգելվել է դուրս գալ փողոց։

Այս մասին հայտնել է նախարարների խորհրդին կից օպերատիվ շտաբը․ փոխանցում է ադրբեջանական Report լրատվակայքը։ Կարանտինային ռեժիմի ընթացքում մարդկանց թույլատրվում է փողոց դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում (բժշկական ստուգման կամ մթերային խանութ գնալու համար)։

Բոլոր հաստատությունները երկրում ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը, այդ թվում՝ հանրային սննդի կետերը, սրճարաններն ու ռեստորանները, ժամանացային վայրերը, կինոթատրոնները, մշակութային հաստատությունները։ Բացառություն են հատուկ անհրաժեշտության կառույցները, օրինակ՝ սուպերտմարկետները կամ դեղատները։

Թույլատրվում է հիվանդանոցների, ապահովագրական ընկերությունների, անասնաբուժական կենտրոնների, սոցիալական ծառայություններ մատուցող կառույցների գործունեությունը։

Երկրում արտակարգ դրության պահանջներին համապատասխան կարող են իրականացվել օդային, ծովային ու ցամաքային ճանապարհներով բեռնափոխադրումներ, լոգիստիկ ծառայություններ, որոշ սահմանափակումներով կգործեն նաև երթուղային տաքսիները և հանրային տրանսպորտը։

Նույն պահանջներին համապատասխան կարող են գործունեություն իրականացնել Զանգվածային լրատվության միջոցները (ԶԼՄ), բանկերը, ինչպես նաև արտադրության հիմնական տեսակները՝ պաշտպանական արդյունաբերության, նավթային սարքավորումների, սննդի, հիգիենայի պարագաների արտադրությունը։ Թույլատրվում է նաև առաքման ծառայություններ։

Նշենք, որ մարտի 30-ի դրությամբ Ադրբեջանում պաշտոնապես հայտարարվել է նոր կորոնավիրուսի վարակման 273 դեպք, որից 4-ը մահվան ելքով։ 26 հիվանդ ապաքինվել է, այժմ բուժվում է 243 մարդ։

Հավելենք, որ մարտի 31-ի առավոտյան 08։00-ից համընդհանուր կարանտին է հայտարարվել նաև հարևան Վրաստանում, որտեղ երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն արգելվում է ցանկացած տեսակի տեղաշարժ, ինչպես քաղաքներում, այնպես՝ երկրի մասշտաբով: