Ապրիլի 29-ին Ադրբեջանի նախագահը խորհրդարանի հավանությանն է ներկայացրել գլխավոր դատախազի նոր թեքնածուին՝ Քամրան Ալիևին, ով ներկայումս դատախազի տեղակալն է, կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության պետը:

Քամրան Ալիևը ամենայն հավանականությամբ դատախազ կնշանակվի խորհրդարանի առաջիկա պլենար նիստին: Պատգամավոր Ֆազաիլ Աղամալին հայտնել է, որ այսօր թեկնածությունը քննարկվել է խորհրդարանի իրավական քաղաքականության և պետականաշինության կոմիտեի առցանց նիստում. փոխանցում է ԱՊԱ լրատվական գործակալությունը:

Այսպիսով՝ պաշտոնին հրաժեշտ է տալիս Ադրբեջանի երկարամյա գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը: Հատկանշական է, որ նա պաշտոնին էր նշանակվել ուղիղ 20 տարի առաջ՝ 2000 թվականի ապրիլի 25-ին:

Զաքիր Գարալովը

Նախորդ տարի Ադրբեջանում եղան քաղաքական լուրջ վերադասավորումներ, ինչի արդյունքում առանցքային պաշտոններից դուրս մղվեցին «հին գվարդիայի»՝ Հեյդար Ալիևի ժամանակներից մնացած կադրերը, ամրապնդեցին իրենց դիրքերը Ի. Ալիևի կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի ներկայացուցիչները: Պաշտոնից ազատվեց ՆԳՆ վաղեմի նախարար Ռամիլ Ուսուբովը, փոխվեց վարչապետը, ազատվեց նախագահի աշխատակազմի 26 տարվա ղեկավար Ռամիզ Մեհդիևը, ինչից հետո լուրջ փոփոխություններ եղան նախագահի աշխատակազմում:

Եղան նաև այլ վերադասավորումներ ուժային համակարգում, օրինակ՝ պետանվտանգության ծառայության պետ Մադաթ Ղուլիևը տեղափոխվեց ռազմարդյունաբերության նախարարի պաշտոնին, նոր պետ նշանակվեց նրա տեղակալը, ընդ որում՝ կրկին կոռուպցիայի դեմ պայքարի գծով:

Գլխավոր դատախազի այս փոփոխությունը ևս հնարավոր է, որ հենց վերադասավորումների քաղաքականության հետևանք է: