Հայաստանում անկախանալուց ի վեր ընդդիմությունը հակաիշխանական քարոզչությունը վարել է շատ պարզունակ, բայց միաժամանակ ազդեցիկ նարատիվով (պատումով), որը կառուցվել է հետևյալ 5 ուղերձի հիման վրա․
- Ամեն ինչ վատ է։
- Ամեն ինչի մեղավորը սրանք են։
- Սրանց ամեն ասածը սուտ է։
- Դու՝ շարքային ընտրող, ոչ մի բանի համար պատասխանատու չես, ըստ այդմ էլ ոչ մի հարցում մեղավոր չես։
- Սրանցից մինչև չազատվենք, ոչ մի բան չի ուղղվի։
Տասնամյակներով, Աստծո ամեն օր այս պարզունակ պնդումները հազարավոր տարբեր փաթեթավորումներով և ճանապարհներով հասցվել են Հայաստանի տարբեր լսարաններին։ Ցանկացած իրադարձություն ամենասև գույներով է պատկերվել, ուռճացվել է նախկին իշխանության ամեն թերացում, իշխանության ցանկացած հաջողություն գլխիվայր է շուռ տրվել և ներկայացվել որպես թերացում (իսկ եթե խեղաթյուրելն անհնարին էր, ապա անտեսվել է)։ Ցանկացած քննարկում տեղափոխվում էր սթափ դատողության հարթությունից միֆերի և էմոցիաների հարթություն։
Այդպիսի միֆերի օրինակներից են «Սաշիկի 50 տոկոսը», «Բանակում ամեն օր զինվոր է սպանվում», ավելի վաղ՝ «Լևոնը չթողեց Նախիջևանն ազատագրել» ևն, ևն։
Այո, մի´ զարմացեք. անկախության առաջին տարիներին այս մոտեցմամբ ընդդիմությունը խփում էր Տեր-Պետրոսյանին, հետո արդեն լևոնականները խփում էին Քոչարյանին, այնուհետև լևոնականներն ու քոչարյանականները միասին՝ Սերժին։
Վերոնշյալ նեգատիվ նարատիվն այն աստիճան խորն էր արմատավորված ժողովրդական մտածելակերպում, որ ներիշխանական և ներօլիգարխիկ կռիվներում այն նույնպես շահագործվում էր իրար հարվածելու համար։ Երբ մի բարձրաստիճան պաշտոնյա կամ մեծահարուստ ցանկանում էր խփել մրցակցին, ապա «պատվեր էր իջեցնում» իր հակառակորդի դեմ ընդդիմադիր տարբեր խմբերին և հարթակներին, որոնք էլ արդեն ընդդիմադիր հռետորաբանությամբ խփում էին թիրախին։
Հարց է առաջանում. ինչո՞ւ այս պարզունակ նարատիվը դարձավ ազդեցիկ, համոզեց ոչ միայն տգետ ու ծույլ «քուչի պպզողին», այլ նաև աշխարհի լավագույն համալսարաններում կրթված մարդկանց։
Նախ՝ այնպես չէ, որ իշխանություններին քննադատելու լուրջ հիմքեր չկային։ Ցանկացած իշխանություն քննադատելու հիմքեր միշտ էլ եղել են (և կան, և կլինեն), առավել ևս բավական ծանր աշխարհաքաղաքական իրավիճակում գտնվող Հայաստանում։ Ամեն խնդիր հեշտ է կապել գործող իշխանությունների հետ և ցանկացած ընդդիմության համար այդ հեշտ ճանապարհով գնալու գայթակղությունը մեծ է։
Այնուամենայնիվ տվյալ գրառումը քարոզչության մասին է, այնպես որ փորձենք դիտարկել դրա գործիքներից (իմ կարծիքով) ամենակարևորները։
Առաջինը՝ կրկնություն-կրկնություն-կրկնություն. գիտականորեն ապացուցված է, որ ինչ-որ պնդում կրկնելը դրա հավաստիության պատրանք է ստեղծում, նույնիսկ երբ ձեր ունեցած գիտելիքը հակասում է այդ պնդմանը։ Պատկերացրեք, որ առնվազն մեկ սերունդ է մեծացել՝ լսելով «սաղ վատ ա», «երկիրը երկիր չի», «սաղ սրանք են մեղավոր», «սաղ սուտ ա» և այլն։
Երկրորդը՝ «Նիրվանայի կեղծ փաստարկի» ամենօրյա կիրառումը։ Մերժել ցանկացած լուծում այն պատճառաբանությամբ, որ իդեալական չէ, թեպետ իդեալական լուծումներ իրական կյանքում գրեթե չեն լինում։ Ինչպես նշեցի, նույնիսկ երբ իշխանությունը կարողանում էր որևէ խնդիր լուծել, ապա ընդդիմադիր քարոզիչների մի ստվար զանգված անհապաղ լծվում էր այդ լուծումը որպես բացարձակապես անընդունելի և ահավոր ինչ-որ բան ներկայացնելու գործին։ («1000 դրամների հիմնադրամի» շուրջ հիստերիկան «Նիրվանայի փաստարկի» թարմ և վառ օրինակ է)։
Երբ «Նիրվանայով» հաջողությունը «փչացնել» չէր ստացվում, փորձում էին թեման «ջրել». անտեսել կամ հնարավորիս արագ հանրային ուշադրությունը շեղել որևէ այլ նեգատիվ թեմայով (օրինակ՝ ԵՄ հետ ասոցացման պայմանագրի ստորագրումը շատ զուսպ լուսաբանվեց հայաստանյան այսպես ասած «եվրոպամետ» թևի լրատվամիջոցներում, թեպետ կարող էր թվալ, թե հենց այդ լրատվամիջոցներն այդ լուրը պիտի ցնծությամբ դիմավորեին)։
Իշխանության հակափաստարկներն ընդհանրապես լռեցնելու համար անընդհատ կրկնվում էր, որ «սրանց» ոչ մի ասածին հավատալ չի կարելի (տխրահռչակ Sut.am կայքը այդ մարտավարության իրագործման համեմատաբար թարմ և վառ օրինակներից ընդամենը մեկն է)։
Երրորդը՝ մարդիկ հակված են հավատալու այն տեղեկություններին, որոնք վերահաստատում են իրենց արդեն ունեցած համոզմունքները (տե´ս Confirmation bias)։ Իրականության ընկալման այն մոդելը, որում ամեն ինչի համար մեղավոր էին «Սրանք», շարքային քաղաքացու համար ընդունելի էր, քանի որ ազատում էր իրեն որևէ պատասխանատվությունից։ Կարելի էր շքամուտքում միզել, բայց մեղավոր էր հայտարարվում պայմանական «Սաշիկը» (որպես «Սրանք»-ի ամենահայտնի մարմնավորումներից մեկը)։ Կարելի էիր համագյուղացու ջրի խողովակից ջուր գողանալ, կրկին պայմանական «Սաշիկը» մեղավոր կլիներ, կարելի էր հարկ չմուծել («Հա ինչ, խի Սաշիկը մուծո՞ւմ ա» կամ «Մուծեմ, որ Սաշիկը թալանի՞») և այլն։
Չորրորդ. բոլոր մեղքերը՝ իրական և մտացածին, բարդելով իշխանությունների վրա ընդդիմության նարատիվը քաղաքացուն «հեշտ լուծում» էր առաջարկում (ինչը նույնպես քարոզչական հնարք է). «Ամեն ինչ շատ պարզ է. մերժիր սրանց, մնացածը թող մեզ և ամեն ինչ լավ կլինի»։ Հե՞շտ է։ Այո, հեշտ է, որևէ պատասխանատվություն չի ենթադրում, ըստ այդմ գայթակղիչ է։
Ընդհանրապես մարդիկ սիրում են հեշտ լուծումներ և քարոզիչները դա շատ լավ գիտեն։ Օրինակ՝ գովազդներում ցանկացած՝ նույնիսկ ամենաբարդ էքզիստենցիալ խնդիր, առաջարկվում է ինչ-որ ապրանք կամ ծառայություն գնելով լուծել։ Հայկական ընդդիմության քարոզչությունը («քաղաքական գովազդն») էլ առաջարկում էր քաղաքացուն համեմատաբար հեշտ քայլ անել (քվեարկել ընդդիմության Իքս ներկայացուցչի օգտին, ցույցի գնալ, շերեփով խփել կաթսային, փողոց փակել), խոստանալով փոխարենը երկրի բոլոր խնդիրների լուծում։
* * *
Ուշագրավ է սակայն, որ ընդդիմության մի մասն ի վերջո գալով իշխանությանը՝ չի շտապում հին նարատիվից հրաժարվել։
Իհարկե, «ամեն ինչ վատ է» ուղերձը հիմա քիչ է գործածվում, քանի որ իշխանությունը զավթելու փուլում արագ և շոշափելի դրական փոփոխություններ էին խոստացվել և եթե շարունակի պնդել, որ ամեն ինչ վատ է, կարող է կորցնել համակիրների մի զգալի մասին։ Փոխարենը շրջանառվում է «հակահեղափոխության վտանգի» ուղերձը։ Կրկին բոլոր խնդիրների մեղավոր են հայտարարվում երեկվա «սրանք», որոնք այսօր «նրանք» են դարձել (նոր եզրաբանությամբ՝ «սևեր», «հակահեղափոխականներ», ինչ-որ անհասկանալի «օլիգարխներ»)։ Ընդ որում «նրանքականի» պիտակն՝ ըստ պահի թելադրանքի, կպցվում է նաև երեկվա ու նույնիսկ այսօրվա դաշնակիցներին (օր.՝ Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ՝ նույնիսկ ԵԼՔ դաշինքի գործընկերներին)։
Շարքային քաղաքացուն, ինչպես և նախկինում, առաջարկում են պարզ «լուծումներ»՝ մասնակցել ցույցի, քվեարկել իշխանական կուսակցության օգտին, չքննադատել իշխանությանը (#թողեքաշխատեն) ու ավելորդ հարցեր չտալ։
Իշխանության գալու ընթացքում էլ տված՝ պայծառ ապագայի մասին բոլոր խոստումների (ֆանտաստիկ ներդրումներ, տնտեսական պայթյունային աճ, բազում աշխատատեղերի ստեղծում) իրականացումն էլ առայժմ հետաձգվում է, քանի որ սև ու հակահեղափոխական «նրանք» խանգարում են։
* * *
Այնուամենայնիվ ներկա իշխանությունը դժվար թե կարողանա շատ երկար արդարացնել իր բոլոր բացթողումները հակահեղափոխական «նրանք»-ների չուզողությամբ։ Նիկոլ Փաշինյանի շուրթերից արդեն մի քանի անգամ քննադատություն է լսվել նաև կառավարությունից միայն պահանջող, բայց, ենթադրաբար, աշխատել չցանկացող քաղաքացիների հանդեպ։
Այս իրավիճակը հարցեր է առաջացնում։ Արդյոք ներկա ընդդիմությունը կընտրի՞ քարոզչական նույն ռազմավարությունը և մարտավարությունն, ինչ նախորդ ընդդիմադիրները։ Արդյոք այսօրվա իշխանության քննադատները պարզունակ և ազդեցիկ «երկիրը երկիր չի», «սաղ վատ ա» ու «սաղ սրանք են մեղավոր» ուղերձներով զինվելու գայթակղությանը կկարողանա՞ն դիմադրել։ Կկարողանա՞ նոր ընդդիմությունը ստեղծել մեր պետականության, ազգի, հասարակության իրական բացերի, թուլությունների, թերությունների կառուցողական քննադատության վրա կառուցված այնպիսի գաղափարախոսություն, որն ի վերջո թույլ կտա դուրս պրծնել պոպուլիստական ինքնաթունավորման այս փակ շրջանից։