Այսօր առավոտվանից yerevan.today կայքի խմբագրությունում ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության և Քննչական կոմիտեի աշխատակիցները խուզարկություն են անում։ Այս առիթով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը այս պահին ահազանգ չունի, հետևում է իրադարձությունների զարգացմանը։ Այս մասին հայտնեց ՄԻՊ խոսնակ Նունե Հովսեփյանը։
«Եթե անհրաժեշտություն լինի որևէ միջամտության մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակներում, հետագայում կհասկացվի այդ շրջանակը»,—նշեց խոսնակը։
Նրա խոսքով՝ եթե քննչական կոմիտեն հայտարարում է, որ օրենքով սահմանված կարգով խուզարկություն է իրականացվում և իրենք էլ դիմում-բողոք չունեն, գործը պաշտպանի լիազորությունների շրջանակում չէ․
«Առավել ևս եթե նախաքննության ինչ-որ գործով խուզարկություն է արվում, պաշտպանը իրավունք չունի ինչ-որ դիրքորոշում հայտնել կամ միջամտել քննությանը՝ ցանկացած գործով»։
[Թարմացում] 16.49 ՄԻՊ ֆեյսբուքյան էջով հայտարարություն է տարածվել․ ««Yerevan Today» լրատվամիջոցի խմբագրությունում կատարված խուզարկության առնչությամբ պարզաբանումներ են պահանջվել քրեական հետապնդման մարմնից»։
168․am կայքը հայտնել էր, որ առավոտյան ժամը 8.30-ին խմբագրություն մուտք գործած աշխատակիցները փնտրում են գաղտնալսող սարքեր։ Նաև համակարգիչների մեջ են ստուգումներ իրականացնում՝ պարզելու, թե ինչպե՞ս է կայքէջը ստացել և կայքէջում հրապարակել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման youtube-յան լինքը։
Իսկ կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանին Ոստիկանության և ՔԿ աշխատակիցները արգելել են խոսել որևէ մեկի հետ և տեղեկատվություն հաղորդել գործընթացի վերաբերյալ։
Ավելի վաղ կայքը հայտարարություն էր տարածել․
«Yerevan.Today-ի հարգելի այցելուներ, համացանցում տարածվել է տեղեկություն, թե իբր մեր կայքը 2 օր առաջ, տեղադրել եր ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցը, իբրև թե նախօրոք իմանալով: Ցուցադրվում են ինչ-որ «ապացույցներ»: Համացանցային փորձագետներն արդեն հերքել են դա՝ նշելով, որ Google համակարգում առկա է խնդիր: Բայց միևնույն է՝ լայնորեն տարածվում է կեղծ տեղեկությունը, որը վերածվում է մեր կայքի դեմ լայն հակաքարոզչության:
Հայտնում ենք որ ձայնագրությանը տեղեկացել ենք պատահական, սեպտեմբերի 11-ին ճիշտ նույն ժամերին՝ 14:00 կողմերը, ինչ մեր այլ գործընկերները և համացանցից օգտվողները: Կայքում տեղադրել ենք 15:00-ին մոտ, երբ այն արդեն լայնորեն տարածվել էր: Դրել ենք տեսանյութը սղագրելուց հետո միայն:
Ուստի խնդրում ենք ապատեղեկատվություն չտարածել:
Շնորհակալություն:
Ի դեպ, եթե իմացել ենք ձայնագրության մասին, բա ասուլիսի մասի՞ն ինչպես ենք իմացել երկու օր առաջ:
Խնդրում ենք ուշադրություն դարձնել լուսապատճեներին»։