Փետրվարի 19-ին Իրանում պաշտոնապես հայտարարվեց երկրում կորոնավիրուսով (COVID-2019) վարակված երկու անձի մասին։ Նույն օրը երեկոյան հայտնի դարձավ, որ այդ մարդիկ մահացել են։ Վարակի էպիկենտրոնը Ղոմ քաղաքն էր։
6 օր անց՝ փետրվարի 25-ի կեսօրի դրությամբ, Իրանում պաշտոնապես հայտարարվել է կորոնավիրուսով վարակման 95 դեպք, որից 15֊ը մահվան ելքով։ Մահերի թվով հարևան Իրանն այս պահի դրությամբ Չինաստանից հետո երկրորդ տեղում է։ Վարակը արձանագրվել է Ղոմում, Թեհրանում, Գիլանում, Մարքազիում, Մազանդարանում, Ալբորզում։
Իրանի առողջապահության նախարարությունում կարծում են, որ վիրուսի տարածման հավանական աղբյուր կարող էին լինել Ղոմում աշխատող չինացի բանվորները, որոնք արդեն վերադարձել էին իրենց երկիր։ Բացի այդ՝ մահացածներից ոմանք այցելել էին Չինաստան այնտեղ համաճարակը սկսվելուց հետո։
Այս պահի դրությամբ Իրանի հետ ցամաքային և օդային հաղորդակցումը սահմանափակել են Հայաստանը, Վրաստանը, Թուրքիան, Իրաքը, Քուվեյթը, Պակիստանը, Աֆղանստանը, Լիբանանը, Տաջիկստանը, Օմանը, Հորդանանը, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ)։ Իրանի հարևաններից, պաշտոնական տվյալների համաձայն, դեռ բաց են սահմաններն Ադրբեջանի և Թուրքմենստանի հետ։
Ինչպե՞ս սկսվեց
Իրանում վիրուսի տարածման պաշտոնական հայտարարությունից մի քանի օր առաջ լրատվամիջոցներում արդեն տարածվում էր Իրանում կորոնավիրուսի հնարավոր դեպքերի մասին տեղեկություններ, որոնք սակայն հերքվում էին։ Նշվում էր նաև, որ Իրանում ընթացող խորհրդարանական ընտրությունների պատճառով իշխանությունները լռում են ու չեն հայտարարում վիրուսի տարածման մասին։
Փետրվարի 17-ին առողջապահության նախարար Սաիդ Նամաքին հայտարարեց, որ երկրում վիրուսի հայտնաբերման դեպքեր չկան, և Իրանն իրականացնում է անհրաժեշտ բոլոր գործողություններն ու մշտադիտարկումը՝ կորոնավիրուսի տարածումը երկրում կանխելու համար։
Փետրվարի 18-ին առողջապահության նախարարի տեղակալ Մոհսեն Ասադի Լարին կրկնեց այդ հայտարարությունը և հավելեց, որ Իրանը պատրաստ է աջակցել Չինաստանին վիրուսի տարածումը վերահսկելու համար։
Փետրվարի 19֊ի առավոտյան, սակայն, պաշտոնապես հայտարարվեց, որ Ղոմ քաղաքում վարակման երկու հավանական դեպքի շուրջ տարվում է քննություն, կասկածելի հիվանդները մեկուսացվել էին։ Ժամեր անց կորոնավիրուսի առկայության վարկածը հաստատվեց, ավելին՝ երկու հիվանդն էլ նույն օրը երեկոյան մահացան։ Առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ մահացածները ծեր էին և ունեին նաև այլ հիվանդություններ։
Ուշագրավ էր, որ ըստ նախնական տվյալների՝ առաջին զոհերը որևէ հաղորդակցություն կամ շփում չէին ունեցել չինացիների կամ Չինաստանից եկած անձանց հետ։ Ավելի ուշ հայտարարվեց, որ մահացածներից մեկը (հայտնի չէ՝ արդյոք առաջին երկու մահացածի մասին էր խոսքը) առևտրական էր ու եղել էր Չինաստանում։
Վարակակիրների թիվն աճում է, վիրուսը տարածվում է Ղոմից դուրս
Փետրվարի 20-ին հայտարարվեց 3 նոր վիրուսակիր իրանցիների հայտնաբերման մասին՝ Ղոմում և դրանից հարավ տեղակայված Արաք շրջանում (Մարքազի նահանգ)։ Փետրվարի 20-ի դրությամբ վարակվածների թիվը 5-ն էր, որից երկուսն արդեն մահացել էին։
Փետրվարի 21-ին Իրանի առողջապահության նախարարությունը հայտարարեց ևս 13 վարակակրի մասին։ Վարակվածները կա՛մ Ղոմի բնակիչ էին, կա՛մ վերջին մի քանի օրը եղել էին այդ քաղաքում։ 13 վարակակրից 7֊ը Ղոմում էին, 4-ը՝ մայրաքաղաք Թեհրանում, իսկ 2-ը՝ հյուսիս֊արևմտյան (Ադրբեջանին սահմանակից) Գիլանի նահանգում։
Նույն օրը կեսօրին հայտարարվեց նոր վարակակիրներից երկուսի մահվան մասին։ Այդպիսով՝ փետրվարի 21-ի դրությամբ վարակման 18 դեպքից 4-ը մահվան ելքով էին։ Վիրուսը տարածվել էր Ղոմում, Արաքում, Թեհրանում և Գիլանում։
Փետրվարի 22-ին Իրանում գրանցվել էր վարակման 28 դեպք, որից 5-ը մահվան ելքով։ Եվս 10 նոր դեպքից երկուսը գրանցվել էին մայրաքաղաք Թեհրանում, 8-ը՝ կրկին Ղոմում։
Նույնը օրը նաև փակվեցին Իրանի մի քանի շրջանների կրթական հաստատությունները, և մինչև փետրվարի 28-ը դադարեցվեցին մշակութային միջոցառումները։
Փետրվարի 23֊ին դրությամբ հայտարարված էր վարակման 43 դեպքի մասին, որից 8-ը մահացել էին։ 15 նոր դեպքից 7-ը Ղոմում էին, 4-ը՝ Թեհրանում, 2-ը՝ Գիլանում, 1-ը՝ Մարքազի նահագնում, 1-ը՝ Մազանդարանում։
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարեց, որ երկրում վիրուսի դեմ պայքարում ներգրավվելու են բոլոր պետական կառույցները, այդ թվում՝ զինված ուժերը, ինչպես նաև՝ հասարակական կազմակերպությունները։ Առողջապահության նախարարին հանձնարարվեց ստեղծել «կորոնավիրուսի վերահսկման ազգային շտաբ»` բաղկացած կառավարության մի քանի անդամից և զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցչից։
Փետրվարի 24-ին վարակվածների հայտարարված թիվն Իրանում 61 էր, մահացածներինը՝ 12։
Փետրվարի 25-ի կեսօրի դրությամբ Իրանում, պաշտոնական տվյալներով, արձանագրվել է վարակման 95 դեպք, որից 15-ը՝ մահվան ելքով։ 3 նոր մահերից երկուսը գրանցվել են Թեհրանի սահմանակից Ալբորզ նահանգում, մեկը՝ Մարքազիում։ Ըստ իրանական պետական «ԻՌՆԱ» գործակալության՝ Ալբորզում մահացածները մեծահասակ կանայք են եղել։
[Թարմացում] Իրանի առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչին ևս վարակվել է կորոնավիրուսով, տեղեկությունը հաստատել է նախարարության մամուլի խոսնակը։ [Թարմացում]
«Կորոնավիրուսից մահացածների թիվն իրականում 50 է ․․․ »
Նախօրեին Իրանի խորհրդարանի պատգամավոր Ահմադ Ամիրաբադի Ֆերհանին, որն ընտրվել է հենց Ղոմից, հայտարարեց, որ առողջապահության նախարարության հայտարարությունները կեղծ են և իրականում Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվն արդեն 50 է։
Առողջապահության նախարարի տեղակալ Իրաջ Հարիրչին հերքեց այս տեղեկությունը․
«Ես հրաժարական կտամ, եթե պարզվի, որ զոհերի թվի վերաբերյալ մեդիայում տարածված տեղեկություններն իրական են։ Մենք վստահ ենք մեր վիճակագրության վրա»։
Իրաջ Հարիրչի
Թեպետ տեղեկությունը պաշտոնապես հերքվեց, սակայն պատգամավորի այս հայտարարությունը միջազգային մամուլում մեծ արձագանք գտավ, քանի որ մինչ այդ մի քանի երկրներ մեղադրում էին Իրանին նոր կորոնավիրուսի տարածման մասին ավելի վաղ չհայտնելու համար։
Իրանում վարակվածներն՝ Իրանից դուրս
Վերջին օրերին տարբեր երկրներում բացահայտվեց կորոնավիրուսի մի քանի վարակակիր, որոնք ժամանել էին Իրանից կամ Իրանի քաղաքացի էին․ Քուվեյթում, Բահրեյնում, Իրաքում, Լիբանանում, Օմանում, ԱՄԷ-ում և Կանադայում, թեպետ այս երկրներից մի քանիսն, օրինակ՝ Իրաքը, Քուվեյթը, հաղորդակցությունն Իրանի հետ փակել էին մինչ իրենց տարածքում վարակակիրների բացահայտումը։
Բացի այդ, Իրանից Ադրբեջան ժամանած երկու անձի, բարձր ջերմություն ունենալու համար, վիրուսի կասկածանքով մեկուսացրել ու զննել են, սակայն առայժմ չկա հստակ տեղեկություն՝ արդյոք այդ անձինք վարակակիր են, թե ոչ։
Իրանի հետ սահմանները փակվում են
Իրանում կորոնավիրուսի տարածման մասին հայտարարությունից մեկ օր անց՝ փետրվարի 20-ին, Իրաքն առաջինը փակեց Իրանի սահմանը՝ երկիր թողնելով միայն Իրաքի քաղաքացիներին և դիվանագետներին։ Դադարեցվեցին նաև ավիափոխադրումները։
Նույն օրն ավիափոխադրումներն Իրանի հետ դադարեցրեց նաև Քուվեյթը, բացի այդ սահմանափակվեց նաև Իրանի հետ ծովային հաղորդակցությունը։
Փետրվարի 23-ին Իրանի հետ իր սահմանը փակեցին Թուրքիան, Աֆղանստանը և Պակիստանը։ Հորդանանն արգելեց Իրանի քաղաքացիների մուտքն իր տարածք։ Վրաստանը դադարեցրեց Իրանի հետ ուղիղ չվերթները։
Փետրվարի 24-ին ՀՀ կառավարությունը որոշեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի հետ ցամաքային հաղորդակցությունը, սակայն բեռնատար մեքենաների մուտքը չարգելվեց, այլ միայն սահմանվեց հատուկ հսկողություն դրանց վարորդների նկատմամբ։ Օդային հաղորդակցության վրա «կիրառվեցին ոչ ամբողջական սահմանափակումներ»։
Նույն օրը Տաջիկստանն և Օմանը դադարեցրին Իրանի հետ ավիափոխադրումները։ Օմանն այդ քալին դիմեց իր տարածքում երկու վարակակրի հայտնաբերումից հետո։ Փետրվարի 25-ին Իրանի հետ բոլոր չվերթները, բացառությամբ Թեհրանի, մեկ շաբաթով դադարեցրեց նաև ԱՄԷ֊ն։
Առայժմ չկան պաշտոնական հայտարարություններ Իրանի մյուս երկու հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքմենստանի հետ ցամաքային ու օդային հաղորդակցության սահմանափակման մասին։ Ադրբեջանական աղբյուրներում տեղեկություններ կան, թե Իրանը փակել է Նախիջևանի հետ սահմանը, սակայն այս տեղեկությունը իրանական և պաշտոնական որևէ աղբյուրով չի հաստատվել։ Ուշագրավ է, որ Նախիջևանի հետ սահմանը փակել է նաև Թուրքիան և եթե Իրանի փակելու մասին տեղեկությունը ճիշտ լինի, ապա ստացվում է՝ Նախիջևանն այս պահին բաց սահման չունի։
Ադրբեջանական իշխանամետ «Report» լրատվական գործակալությունը գրում էր անորոշ ժամանակով Բիլեսուվարի (Biləsuvar) և Աստարայի անցակետերիի փակման մասին, որտեղ, ըստ աղբյուրի, թողնում էին միայն Ադրբեջանի քաղաքացիներին։ Այս տեղեկությունները ևս հաստատված չեն պաշտոնական աղբյուրներից։
Թուրքմենական ընդդիմադիր “Хроника Туркменистана” լրատվակայքում ևս հայտարարություն կա, թե սահմանն Իրանի հետ փակ է, բայց սա կրկին չհաստատված տեղեկություն է։
Հայաստանը և Իրանը
Մեր կարծիքով Իրանից կորոնավիրուսի ներթափանցման դեմ Հայաստանի պաշտպանական գործողությունները ճիշտ էին, թեև գուցե ուշացած էին, քանի որ դրան ձեռնարկվեցին այդ երկրում արձանագրված մահվան 12 դեպքից հետո։ Ենթադրում ենք, որ մտավախություն կար Իրանից հնարավոր բացասական արձագանքի։
Հետագա ընթացքը ցույց տվեց, որ Իրանն ադեկվատ է մոտենում Հայաստանի և այլ հարևանների այս որոշմանը, իրանական մամուլում հիմնական ուղերձները ներկայացվում են հետևյալ ուղերձով․ «Հարևան երկրները միջոցներ են ձեռնարկում վիրուսի տարածումը կանխելու համար»։
Միլենա Այվազյան
Սոնա Խաչատրյան
1 Pingback