Օրերս «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ պետական պարտքը սկսել է  նվազել թավշյա հեղափոխությունից հետո:  Ճշտելու համար, թե արդյոք նվազումն իսկապես կապ ունի իշխանափոխության հետ, զրուցեցինք ՀՀ ՖՆ պետպարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանի հետ։

Նախ նշենք, որ ֆիննախի զեկույցներից երևում է, որ ՀՀ պետական պարտքի չափը տատանվում է:  Հունվարի համեմատ փետրվարին այն նվազել է 47 մլն դոլարով, մարտին՝ փետրվարի համեմատ աճել 36 մլն–ով, ապրիլին նվազել՝ 20 մլն–ով, մայիսին՝ 113 մլն–ով, հունիսին՝ 50 մլն–ով։

31.12.17 31.01.18 28.02 31.03 30.04 31.05 30.06
պարտք
(մլրդ USD)
6,774 6,898 6,851 6,887 6,867 6,754 6,704
արտաքին
(մլրդ USD)
4,893 4,963 4,950 4,963 4,927
4,897 4,879
ներքին
(մլրդ USD)
1,279 1,322 1,291 1,312 1,333 1,260 1,255

 

Գրաֆիկը ՀՀ ֆիննախարարության պաշտոնական զեկույցից

Այս պահի դրությամբ ՀՀ պետական պարտքը 6 մլրդ 704 մլն դոլար է, որից 4 մլրդ 879 մլն–ը արտաքին պարտքն է։ Ներքոնշյալ աղյուսակից պարզ է դառնում, որ 2018 հունվար-հունիս ամիսներին կառավարության արտաքին պարտքի մայր գումարից մարվել է  69.3 մլն դոլար (էջ 13)։

Արշալույս Մարգարյանը բացատրեց․ քանի որ հեղափոխությունը բյուջետային տարվա ընթացքում է եղել, բյուջեն էլ չի փոխվել,  ապա հեղափոխական իրավիճակը կարող էր ազդել միայն փոխարժեքի վրա, իսկ վճարումների նախօրոք հաստատված ժամանակացույցից ոչ մի շեղում չկա։

Նրա խոսքով՝ պետական պարտքի չափի փոփոխությունները պայմանավորված են ոչ միայն դրա մարումներով կամ նոր պարտքերի ներգրավմամբ, այլ նաև փոխարժեքի փոփոխություններով․ «Քանի որ մենք պարտքը վերցնում ենք տարբեր արժույթներով և այդ արժույթների փոխարժեքները փոխվելիս, դրամի վերածելիս թիվը նույնպես փոխվում է։ Կարող է պարտքի հետ ոչինչ չանես, ոչ մարես, ոչ նորը վերցնես, բայց այն փոխվի»։

Մարգարյանը նաև նշեց , որ տարվա բյուջեն ընդունելուց հետո հաստատվում են, թե որ եռամսյակում ինչ ծախսեր են նախատեսվում և քանի որ պարտքի մարման ժամանակացույցը հստակ է, ըստ եռամսյակների բաշխված գումարները վճարում են։

Նշենք, որ 2018 թվականի  պետբյուջեի մասին օրենքով ընթացիկ տարում պետբյուջեից 293 մլն դոլար ուղղվելու է պետական պարտքի սպասարկմանը։

Այսպիսով, պետական պարտքի նվազումը կապ չունի թավշյա հեղափոխության հետ, քանի օր վճարումների ժամանակացույցը և չափը հաստատվում է նախօրոք՝ տվյալ տարվա բյուջեի հաստատումից հետո։