«Քայլ արա´» քայլարշավի հաջողությունից հետո հայկական մամուլում խոսվեց այն մասին, որ այն ոգեշնչվել է Մահաթմա Գանդիի 1930 թվականին կազմակերպած, այսպես կոչված, «Աղի երթից»։ Ի դեպ, այն ժամանակ Գանդին իր քայլերթով իշխանափոխության չհասավ, այն բրիտանացի գաղութատերերի դեմ պայքարի առաջին քայլն էր միայն։
Սակայն Հայաստանում քչերը գիտեն, որ մինչ Գանդին «իշխանություն փոխելու» հաջողված քայլերթ կազմակերպել և հաջողությամբ իրականացրել է մեկ այլ մարդ՝ ֆաշիզմի հայր Բենիտո Մուսոլինին, ում 135-ամյակը լրացավ երեկ, հուլիսի 29-ին։
Իտալիայի «Ազգային ֆաշիստական կուսակցության» առաջնորդի (իտալ.՝ Il Duce — «Դուչե») անչափ հագեցած կենսագրության որոշ մանրամասները բավականին հետաքրքիր են, թեպետ մենք համոզված ենք, որ մեր ժամանակների գործիչների կենսագրությունների հետ դրանց համընկնումները պատահական են, կամ էլ ձեր ֆանտազիայի պտուղ
Բենիտոն ծնունդով Իտալիայի հյուսիսարևելյան Պրոդապիո բնակավայրից է: Մեծացել է ոչ ապահով ընտանիքում: Նրա հայրը՝ Ալեսանդրոն սոցիալիզմի հետևորդ էր, ինչը մեծ դեր է խաղացել Բենիտոյի հետագա կյանքում սոցիալիզմի, հավասարության գաղափարների ամրապնդման համար:
Ապագա վարչապետը դպրոցական տարիներին այդքան էլ լավ չի սովորել, բայց ակտիվ ու կռվարար էր: Կռվում էր այլ աշակերտների հետ, չէր ենթարկվում ուսուցիչներին: Եղել են նաև դանակահարության դեպքեր, որոնցից մեկի համար նրան անգամ հեռացնում են դպրոցից:
Այնուամենայնիվ, 18 տարեկանում նա որոշ ժամանակ դպրոցական ուսուցիչ է աշխատում: Դրանից մեկ տարի առաջ՝ 1900-ին Բենիտոն արդեն համալրել էր սոցիալիստական կուսակցության շարքերը:
Մուսոլինին որոշ ժամանակ ապրում է Շվեյցարիայում [ասում են, որ ծառայությունից խուսափելու համար, սակայն հայրենիք վերադառնալով՝ նա անցնում է զինվորական ծառայությունը], որտեղ էլ ծանոթանում է տեղի սոցիալիստական շրջանակների հետ, թաթախվում քաղաքական գործընթացներին, ապա հայտնվում տեղի իշխանությունների ուշադրության կենտրոնում ու արտաքսվում երկրից:
1909 թվականից Մուսոլինին զբաղվում է քաղաքական լրագրությամբ։ Լրագրողական ձիրքի շնորհիվ նա շատ արագ մեծ հեղինակություն է վաստակում սոցիալիստական կուսակցությունում և արդեն 1912 թվականին դառնում է կուսակցության «Avanti!» թերթի գլխավոր խմբագիր։
Առաջին աշխարհամարտը պատճառ դարձավ, որ Մուսոլինին հեռանա սոցիալիստական կուսակցությունից։ Մինչ այդ դեմ լինելով պատերազմին՝ նա անսպասելի փոխում է իր հայացքները և պատերազմին Իտալիայի միանալու օգտին հոդված հրապարակում կուսակցական թերթում, ինչին հաջորդում է կոնֆլիկտը կուսակցության ղեկավարության հետ և հեռացումը։ Պատերազմի ավարտից հետո նա եզրակացնում է, որ սոցիալիզմը որպես գաղափարախոսություն իրեն սպառել է։
Սոցիալիստական կուսակցությունից հեռացումից հետո՝ 1914-ին, Մուսոլինին հիմնադրում է «Իտալիայի ժողովուրդ» (Il Popolo d’Italia) թերթը, իր շուրջը հավաքելով միջին խավի ծայրահեղական երիտասարդությանը և դառնալով նրանց խոսափողը: Այս հիմքի վրա էլ հետագայում՝ 1919 թվականին նա ստեղծում է «Պայքարի իտալական միություն» (Fasci italiani di combattimento) անունով կազմակերպությունը, իսկ արդեն 2 տարի անց Մուսոլինին իր 34 համակիրների հետ ընտրվում է իտալական պառլամենտ։ Նույն 1921 թվականին կազմակերպությունը վերակազմվում է «Ազգային ֆաշիստկան կուսակցություն» անվան տակ։
1922-ի հոկտեմբերին Մուսոլինին և իր համախոհները Իտալիայում սկսում են հեղաշրջման ակտիվ գործընթացը: Տարբեր քաղաքներում կազմակերպվում են ցույցեր, անհնազանդության գործողություններ: Հետաքրքրական է Մուսոլինիի հոկտեմբերի 24-ի ելույթը Նեապոլում, որտեղ նա հայտարարում է, որ իրենք հավաքվել են Իտալիայի բոլոր մասերից՝ իրականացնելու սիրո և եղբայրության գործողություն, և որ իրենց նպատակը հնարավորինս կարճ ժամանակում ընտրական օրենսդրության ռեֆորմներ և նոր ընտրություններ կազմակերպելն է, ինչպես նաև գործող խորհրդարանի լուծարումը:
Արդեն հոկտեմբերի 28–29-ին Մուսոլինիի համախոհները նախաձեռնում են քայլարշավ դեպի Հռոմ: Նրանք շրջում են փողոցներով, հավաքներ կազմակերպում հրապարակներում, ինչպես նաև արգելափակում երկրի ռազմավարական օբյեկտները: Արդյունքում Իտալիայի թագավոր Վիկտոր Էմմանուիլ 3-րդը Մուսսոլինիին նշանակում է վարչապետ, իսկ խորհրդարանը ճնշման տակ ստիպված է լինում հաստատել Մուսոլինիի նշանակումը։
Իշխանության գալուց անմիջապես հետո Մուսոլինին սկսեց կառուցել ոստիկանական պետություն և հաստատել անձնական դիկտատուրան։ Սկսվեցին քաղաքական մրցակիցների հետապնդումներն ու անգամ սպանությունները։ Նա ճնշեց մամուլը, ինչպես նաև ընտրված պաշտոնյաներին սկսեց փոխարինել իր համախոհներով:
Երկրորդ համաշխարհային պատերազմում Մուսոլինին կատարեց իր ամենամեծ սխալը. դաշնակցեց նացիստական Գերմանիային, ինչն էլ վերջին հաշվով հանգեցրեց նրա ռեժիմի տապալմանը։ 1943 թվականին Սիցիլիայում դաշնակիցների դեսանտավորումից հետո Իտալիայում տեղի ունեցավ պետական հեղաշրջում։ Մուսոլինին ձերբակալվեց, իսկ կարճ ժամանակ անց Իտալիան հայտարարեց պատերազմից դուրս գալու մասին։
Այդ հայտարարությունից հետո նացիստական Գերմանիան իր զորքերը մտցրեց Իտալիա, իսկ Մուսոլինիին հատուկ գործողության արդյունքում գերությունից ազատեցին գերմանացի դեսանտայինները։ Իտալիայի օկուպացված մասում գերմանացիները ստեղծվում են Իտալական Սոցիալիստական Հանրապետություն, որն ըստ էության ամբողջությամբ կախված էր Գերմանիայից, իսկ Մուսոլինին էլ զուտ մարիոնետ էր։
1945 թվականի ապրիլի 27-ին, Գերմանիա անցնելու փորձի ժամանակ, Մուսոլինիին գերեվարում են իտալացի պարտիզանները ։ Հաջորդ օրը Բենիտոյին և իր սիրուհի Կլարա Պետաչչիին գնդակահարվում են, իսկ նրանց անճաչելիորեն այլանդակված դիակները կախվում են Միլանում ի ցույց ամբոխին։