Այսօր «Հայկական Ժամանակ» թերթը հրապարակել է «10 լրատվամիջոց սփյուռքի նախարարությունից 20 մլն գումար է վերցրել. գործը ՔԿ-ում է»  վերնագրով նյութ։ Նյութում լրատվամիջոցների անունները հիշատակվում են  ՀՀ  ՍՆ « Հայրենիք֊Սփյուռք» ՊՈԱԿ-ում չարաշահումների, խախտումների մասին պատմող հատվածից հետո։ Ուստի տպավորություն է ստեղվում, որ խախտումներ կան նաև ԶԼՄ-ների մասով։

«Վերոնշյալից զատ 2015-2018 թվականների ընթացքում ՊՈԱԿ-ը որոշ լրատվամիջոցների հետ կնքել է պայմանագրեր՝ վճարովի հեռուստաեթեր, հոդվածներ եւ այլ հրապարակումներ պատվիրելու նպատակով: … 1 մլն 840 հազար դրամ է տրամադրվել «Առավոտ» օրաթերթին…Այս երեք տարիների ընթացքում 3 մլն 6 հարյուր հազար դրամ տրվել է «Գոլոս» ՍՊԸ-ին, որը իրականացնում է golosarmenii.am ռուսալեզու կայքի աշխատանքները:»,- գրված է հոդվածում։

Մենք կապվեցինք հիշատակվող որոշ լրատվամիջոցների հետ, բոլորն էլ մեզ հայտնեցին, որ պայմանագիրը կնքել են մրցույթով, ամեն ինչ եղել է օրինական պայմանագրով, իսկ այս մասին իմացել են մամուլից, ոչ թե ՔԿ-ից։

Մեզ հետ զրույցում «Առավոտ» ՍՊԸ տնօրեն Գարիկ Մելքոնյանը նշեց, որ այս մասին տեղեկացել է մամուլից, կարծում է` իրենց ընկերությունը ոչ մի բանում չի մեղադրվում։

Մենք պայմանագիր ենք կնքել նշված թվականներին` ամիսը 80 հազար դրամի դիմաց. պայմանով` իրենք մեզ չորսը նյութ են պատրաստի տալիս ամսական, մենք կայքում հրապարակում ենք։

Մենք ավելի ուշ որպես պարզաբանում հայտարարություն կտարածենք։

Որպես ասածիս հավաստիք կարող եք դիմել ՊԵԿ, ՊԵԿ-ից ստանալ ամեն ամիս դուրս գրված հաշիվները, այդտեղ պարզ երևում է ամեն ինչ։ Ի դեպ, մենք վճարել ենք նաև ԱԱՀ։

Մելքոնյանի խոսքով` 2017 թվականին  պայմանագիրը կնքել են  փետրվարի 15-ին «Հայրենիք֊Սփյուռք» ՊՈԱԿ-ի հետ` ի դեմս տնօրեն Շահբազյանի։ Իսկ 1 մլն 840 հազար դրամը վճարվել է երեք տարվա համար։

Նյութերը տեղադրվել են Aravot.am կայքում, ոչ թե թերթում։

«Առավոտ» ՍՊԸ-ի առումով բոլորը մաքուր է, պայմանագրով և ամսական 80 հազար դրամ` չորս  նյութ տրամադրելու դիմաց։ Թեև չորս նյութի փոխարեն ավելի շատ է տրամադրվել, վիճակագրությունը կարող եք պարզել «Հայրենիք -Սփյուռք» ՊՈԱԿ կենտրոնից, թե «Առավոտ» օրաթերթում 2017 թվականի փետրվարի 15-ին կնքված պայմանագրի շրջանակներում  մինչև դեկտեմվեր որքան նյութ է հրապարակվել, 36 նյութի փոխարեն հրապարակվել է կրկնակի նյութ, նույն վճարով։ Մենք սահման չենք դրել չորս հատ է, վերջ էլ մի ուղարկեք մեզ։

Ցանկացողները կարող են մեր կայքում էլ փնտրել և տեսնել` քանի նյութ է հրապարակվել։

 

Մեկ այլ լրատվամիջոցի՝ Голос Армении կայքի գլխավոր խմբագիր Ֆլորա Նախշքարյանն էլ հայտնեց, որ
մինչ այս վերջին իրադարձությունները իրենք ունեինք պայմանագիր, որով աշխատել են.

«Մենք պետք է հրապարակումներ պատրաստեինք աշխարհասփյուռ տարբեր համայնքների կենսագործունեության մասին։ Ինչը և մենք արել ենք։ Լավ չեմ հիշում, թե ինչքան էր վճարը, կախված հրապարակումներից, եթե չեմ սխալվում երևի մոտ 100-150 հազար դրամ էր։»,–ասաց Նախշքարյանը։

Նախշքարյանը այս մասին տեղեկացել է մամուլից, խնդիր չի տեսնում, ստորագրվել է պայմանագիր, կարծում է՝ իրենց ընտրել են նրա համար, որ կարող էին այդ գործն անել և արել են:

«Աշխատել ենք ամբողջ աշխարհով սփյուռքի հետ, մեծ քանակով գրքեր, որոնք լույս են տեսել արտասահմանում, մենք ներկայացրել ենք այստեղ, նաև մեծ քանակով ալբոմներ, գրքեր ենք թարգմանել, ռեցենզիաներ ենք տպել, ներկայացրել»,–նշեց խմբագիրը։