ԱՄՆ-ն և Թուրքիան նոյեմբերի 2-ին՝ քահանա Էնդրյու Բրանսոնի բանտից ազատվելուց 20 օր անց,  փոխադարձ չեղարկել են երկու երկրների ներքին գործերի և արդարադատության նախարարների նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ 

Այս պատժամիջոցների պատճառը ԱՄՆ քաղաքացի, քահանա Էնդրյու Բրանսոնի ձերբակալումն էր, որին թուրքական իշխանությունները մեղադրում էին «ահաբեկչական գործակալություն» համարվող Գյուլենականների հետ կապի համար։

Բրանսոնը կալանավորվել էր 2016թ․, և մի քանի անգամ թուրքական դատարանը հետաձգել էր որոշում կայացնելու ժամկետը։ Նրա կալանքը վերջին անգամ փոխվել էր տնային կալանքի, սակայն հոկտեմբերի 13-ին Թուրքիայի դատարանը որոշեց, որ Բրանսոնը դատապարտվում է 3 տարի և 15 ամիս ժամկետով պատժի, սակայն միանգամից ազատ արձակվում՝ «հիմք ընդունելով Բրանսոնի կալանավորված մնալու ժամանակը և լավ պահվածքը»։ Բրանսոնը նույն օրը վերադարձավ ԱՄՆ։

Ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնը և նախագահ Դոնալդ Թրամփը քահանայի վերադարձից հետո

Ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնը և նախագահ Դոնալդ Թրամփը քահանայի վերադարձից հետո

Մինչ այդ, ԱՄՆ նախագահ Թրամփը սպառնում էր Թուրքիային պատժամիջոցներով, եթե նրանք չազատեն Բրանսոնին։ ԱՄՆ-ն հայտարարում էր, որ իրենք «չեն գտնում որևէ պատճառ, ինչի համար Բրանսոնը կարող է մեղավոր համարվել, և քահանան դարձել է Թուրքիայի կառավարության անարդարության զոհը»։

Ի պատասխան, Թուրքիան հայտարարում էր, որ իրենք չեն ենթարկվելու ԱՄՆ սպառնալիքներին և քահանայի ազատման որոշումը կայացնելու է Թուրքիայի «անկախ դատարանը»։

Պատժամիջոցները առաջինը սահմանեց ԱՄՆ-ն՝ օգոստոսի 1-ին, պատճառաբանելով, որ Բրանսոնի գործի քննության համար պատասխանատու են հենց ներքին գործերի և արդարադատության նախարարները։ Դրանցով Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուի և արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլի ամբողջ գույքը, որը ԱՄՆ իրավասության տակ է, արգելափակվել էր։ Արգելվել էր նաև նախարարների մուտքը ԱՄՆ, իսկ Ամերիկայի քաղաքացիները չպետք է որևէ գործարքի մեջ մտնեին այս նախարարների հետ։

Իսկ օգոստոսի 5-ին Էրդողանը հայտարարեց, որ ինքը ևս պատասխան պատժամիջոցներ է սահմանում ԱՄՆ ներքին գործերի և արդարադատության նախարարների նկատմամբ։