Հոկտեմբերի 29-ին Բաքվի փողոցներից մեկում թույլատրելի պահին և թույլատրելի տեղով անցնելիս վրաերթի է ենթարկվել Ադրբեջանում իր ընդդիմադիր հայացքներով հայտնի իրավապաշտպան Օգթայ Գյուլալիևը (Oqtay Gülalıyev)։ Հետաքրքիր է, որ նա այժմ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի ղեկավարած «Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի» ֆինանսավորմամբ բուժման է տեղափոխվել Թուրքիա։

Ադրբեջանում ընդդիմադիր իրավապաշտպան Օգթայ Գյուլալիևը վթարի է ենթարկվել

Վթարի հաջորդ օրը՝ հոկտեմբերի 30–ին, Գյուլալիևին վիրահատել են, որից հետո նա կոմայի մեջ է մինչ այսօր, վիճակը ծանր է։

Օգթայ Գյուլալիևն Ադրբեջանում ընդդիմադիր «ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» (Demokratik Qüvvələrin Milli Şurası) միության անդամ է, ինչպես նաև՝ «ռեպրեսիաների և խոշտանգումների դեմ» կոմիտեի (Repressiyalar və İşgəncələr Əleyhinə Komitə) նախագահը։ Նա հայտնի է ադրբեջանական իշխանությունների ակտիվ քննադատմամբ։

Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական գործակալությունը, վթարից հետո ընդդիմադիր գործիչները չեն բացառել, որ վթարը կարող էր պատվիրված լինել հենց իշխանությունների կողմից։

Հատկանշական է, որ ընդդիմադիր իրավապաշտպանի բուժման ծախսերն ամբողջությամբ հոգում է «Հ. Ալիևի անվան հիմնադրամը», իսկ վթարի օրը հիվանդանոց էր այցելել Ադրբեջանի իշխող կուսակցության պատգամավոր Այդին Միրզազադեն։

Հիմնադրամի հրավերով Գյուլալիևին հետազոտելու համար Ստամբուլից Բաքու էր մեկնել բժիշկների մի խումբ, որոնք առաջարկել էին նրան տեղափոխել Թուրքիա։ Իրավապաշտպանը Թուրքիա է տեղափոխվել ադրբեջանական ազգային «ԱԶԱԼ» ավիափոխադրողի հատուկ չվերթով։

Այն, որ իրավապաշտպանի ծախսերը հոգում է պետությունը, կարող է ունենալ մի քանի բացատրություն․ կա՛մ այս իրավապաշտպանը մինչ այս գործում էր պետության հովանավորությամբ, կա՛մ Ադրբեջանի իշխանությունները նպատակ ունեն այս քայլով հետագայում որոշ հարցերում պարտավորեցնել ընդդիմադիր գործչին, կա՛մ, եթե ճշմարտանման համարենք Գյուլալիևի ընդդիմադիր գործընկերների կարծիքը, Ադրբեջանի իշխանությունները նպատակ ունեն այս քայլով ցույց տալ, թե վթարի հետ կապ չունեն։

Հետաքրքիր է նաև այն, որ որևէ տեղեկություն չկա վրաերթի ենթարկած վարորդի ձերբակալության մասին, թեպետ «ճանապարհային երթևեկության կանոնների» խախտմամբ քրեական գործ հարուցվել է։ Նշվում է, որ վարորդը տաքսիստ Քենան Աբդուլաևն է եղել (Kənan Abdullayev), որը Գյուլալիևին հարվածելուց հետո նրան անձամբ տեղափոխել է հիվանդանոց, այնուհետև բացատրագիր տվել ու հանձնել ալկոհոլի ու թմրանյութերի օգտագործման թեստ։

Օգթայ Գյուլալիևը հայտնի է նաև 2017թ․ մայիսին Ադրբեջանի Թարթառի շրջանում տեղի ունեցած «արտադատարանական մահապատիժներից» և 2018թ․ ամռանը Գյանջայում «ահաբեկիչների» անվան տակ ձերբակալվածների [1] և նրանց ընտանիքների մասին տեղեկությունների ակտիվ լուսաբանմամբ։