Հունվարի 8-ին Ստամբուլում Թուրքիայի և ՌԴ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ կայացավ «Թուրքական հոսք» գազատարի պաշտոնական բացումը, որը նախատեսում է Սև ծովով գազի արտահանում Ռուսաստանի Անապա շրջանից Թուրքիայի եվրոպական մաս, այնուհետ՝ Թուրքիայից այլ եվրոպական երկրներ։

Բացման արարողությանը բացի նախագահներից ներկա էին նաև երկու կողմերի նախարարներն, այդ թվում էներգետիկայի նախարարները, «Գազպրոմ» ընկերության տնօրեն Ալեքսեյ Միլլերը, ինչպես նաև Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը։

Թուրքիայի նախագահ Էրդողանը բացման արարողությանը հայտարարեց, որ «երկկողմ առևտուրը կանոնավոր կերպով աճում է։ Թույլ չենք տվել, որ վերջին շրջանում Ռուսաստանի հետ տարակարծությունները խանգարեն ընդհանուր շահերին»։

ՌԴ նախագահը բացման արարողությանը հայտարարել է՝ գազատարի կառուցման համար օգտագործվել են նորագույն ու նորարարական տեխնոլոգիաներ։ Պուտինը հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև դեռ նոր ծագրեր կլինեն։

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների ելույթը «Թուրքական հոսք» գազատարի բացմանը

«Թուրքական հոսք»-ը բաղկացած է երկու խողովակաշարից, որից յուրաքանչյուրի տարեկան թողունակությունը նախատեսվում է 15,75 միլիարդ մ³: Առաջին խողովակաշարի գազն ուղղվելու է թուրքական շուկային, իսկ երկրորդինը՝ եվրոպական:

«Թուրքական հոսք» գազատարի սխեման․ քարտեզն ըստ «Գազպրոմ» ընկերութայն պաշտոնական կայքի

Ռուսական կողմը որպես եվրոպական շուկա է դիտարկում Հունաստանը, Իտալիան, Բուլղարիան, Սերբիան և Հունգարիան։

«Բուլղարտրանսգազի» և «Գազպրոմի» միջև Բուլղարիայի տարածքով գազի արտահանման շուրջ բանակցություններն ավարտվել են 2019թ․ վերջին։ Հունվարի 1-ից գազը հասել է Բուլղարիա, իսկ հունվարի 5-ից այդ երկրով Հունաստան ու Հյուսիսային Մակեդոնիա։

Հիշեցնենք, որ 2014 թ. դեկտեմբերի 1-ին «Գազպրոմը» թուրքական «Բոթաշ» ընկերության հետ ստորագրել էր «Թուրքական հոսք» գազատարի կառուցման փոխգործակցության հուշագիր:

Նոր գազատարի շինարարության աշխատանքները նախատեսվում էր սկսել 2015 թ. վերջին, սակայն 2015 թ. նոյեմբերի 24-ին Սիրիայի տարածքում թուրքական օդուժի կողմից Ռուսաստանի զինված ուժերի Սու-24Մ ճակատային ռմբակոծիչի խոցումից հետո գազատարի շինարարության բանակցությունները դադարեցվել էին:

Բանակցությունները վերսկսվեցին միայն 2016 թ.։ Հոկտեմբերի 10-ին Պուտինի՝ Թուրքիա այցի շրջանակներում կողմերը ստորագրեցին «Թուրքական հոսքի» երկու խողովակաշարի կառուցման միջկառավարական համաձայնագիր: Համաձայնագիրը 2016թ․ վավերացվեց Թուրքիայում, իսկ 2017թ․՝ Ռուսաստանում։ Նույն տարում նաև որոշվեց կառուցել գազատարի երկրորդ մասը, ինչը 2018թ․ հաստատվեց Թուրքիայի կողմից։

Գազատարի առաջին մասի կառուցումն ավարտվեց 2018թ․ ապրիլին, երկրորդ մասինը՝ 2019թ․ ամռանը։