1in.am-ի՝ Բրիտանացին 4 տարի է իրեն հայելու մեջ չի նայում նյութում կարդում ենք ոմն Սթիվեն Գիլատի մասին, որը վախենում է իր հայելային արտացոլումից: Որպես սկզբնաղբյուր նշվում է Metro.co.uk բրիտանական կայքը:
Այնուամենայնիվ սկզբնաղբյուրի վերնագիրը տարբերվում է. «Ամիսներով հայելու մեջ իր արտացոլմանը չնայող մարդը բացահայտում է հայելիներից իր վախը» (Man who hasn’t looked at his reflection in months opens up about phobia of mirrors)։
Այսինքն՝ խոսքը ոչ թե 4 տարվա, այլ «ամիսների» մասին է։
Առաջին հայացքից թվում է, թե դրամատիկ պատմություն է․ հոգեկան հիվանդությունից տառապող հերոսով, որը հայելիներից և լուսանկարվելուց վախենում է, քանի որ իր արտացոլանքը տեսնելիս ինքն իրեն ընկալում է որպես անպատասխանատու և անհաջողակ մարդ (Սթիվեն Գիլատը նշում է, որ տառապում է երկբևեռ աֆեկտիվ խանգարումով)։
Բայց ուշադիր կարդանք այս հատվածը.
«Ես «Խելագարություն, տխրություն և անգործունակ հայր» վերնագրով ինքնակենսագրական եմ գրել՝ հայր լինելու և հոգեկան հիվանդություն ունենալու մասին: Հույս ունեմ, որ այն լույս կտեսնի ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին: Այնտեղ ես շատ բան եմ ասում այդ մասին: Այն ավելի մանրամասն է ցույց տալիս, թե ինչպես կարող են իմ առօրյան և զգացմունքներն ազդվել և՛ հայելիներ օգտագործելուց, և՛ չօգտագործելուց, և որքան հոգնեցնող կարող է դա լինել»:
Անգլերեն․ «I’ve written a memoir about fatherhood and mental health called Mad, Sad, Dysfunctional Dad which will be published, I hope, at the end of April or early May and I talk about it a lot in there. It shows in more detail how my daily routine and emotions can be affected my both using, and not using mirrors. And how debilitating it can be’»։
Փաստորեն Սթիվեն Գիլատը ինքնակենսագրական գիրք է գրել, որը շուտով հրապարակվելու է։
Տրամաբանական հարց է առաջանում. արդյո՞ք այս հոդվածը և ընդհանրապես ամբողջ պատմությունը գրքի գովազդային արշավի մաս չեն: Փորձենք հասկանալ, թե ով է Սթիվեն Գիլատը:
Դատելով LinkedIn սոցցանցում իր տվյալներից՝ նա բլոգեր է, գրառումներ է անում Welldoing.org և Wellbeanblog բլոգներում։
Եվս մեկ կարևոր հանգամանք. նա PR մասնագետ է եղել: Այսինքն՝ տիրապետում է մեդիադաշտում «պրոդուկտի» (այս դեպքում՝ գրքի) առաջխաղացման գործիքակազմին։ Այդպիսի գործիքներից է, օրինակ, հրապարակվելիք գրքի մասին հոդվածները, հարցազրույցները լրատվամիջոցներում։
Փորձենք նաև պարզել, թե ինչ լրատվամիջոց է Metro.co.uk-ը, ինչը գուցե օգնի հասկանալ՝ արդյոք այս հոդվածը գովազդային է, թե ոչ:
Այն Բրիտանիայում ամենամեծ տպաքանաով թաբլոիդն է, ունի մեծ լսարան։ Հրատարակիչը նույն ընկերությունն է, որին պատկանում է նաև հայտնի Daily Mail թաբլոիդը։
Գիլատի մասին նյութի հեղինակը Hattie Gladwell անունով լրագրող է: Այս հեղինակի ուրիշ հոդվածներից շատերն ակնհայտ գովազդային բնույթ ունեն: Օրինակ՝ բուրգերների, վեգանների համար քաղցրավենիքի, տարբեր կազմակերպությունների գովազդներ։
Մյուս կողմից, հեղինակը նաև նշում է, որ մասնագիտանում է հոգեկան առողջության թեմաներով, ավելին՝ ինքն էլ ունի հոգեկան խնդիրներ, ինչի մասին հաճախ գրում է Թվիթերի իր էջում։
Անհասկանալի է՝ հեղինակը Գիլատի մասին նյութը գրել է զուտ նրա հիվանդությամբ հետաքրքրված լինելու պատճառո՞վ, թե՞ այնուամենայնիվ գիրքը գովազդելու համար:
Նյութի գովազդային բնույթ ունենալու օգտին խոսում է այն փաստը, որ Գլադուելն էլի գովազդային բնույթի հոդվածներ ունի: Բացի այդ՝ Գիլատի ինքնակենսագրությունը շուտով հրապարակվելու է, նա ակտիվ գովազդում է գիրքը համացանցում:
Բայց քանի որ հոգեկան խնդիրների թեման հետաքրքրում է հեղինակին, և կոնկրետ այս մի նյութը կարող է որպես գովազդային գրած չլինել (ամեն դեպքում, հարկ է նշել, որ թեմայով հետաքրքրված լինելով հանդերձ էլ Գլադուելը կարող էր այս նյութով նաև գովազդել գիրքը):
Ուշադրություն դարձնենք հոդվածի այս կետերին.
- Հերոսը պատմում է, որ ցավ է զգում ինքն իր դեմքը տեսնելիս (‘When I look in a mirror, I see an unsuccessful, emotionally ugly person … I see my failures as a son, husband, father, brother and friend. My inadequacies. How I’ve hurt people, how I’ve let them down. And how much I loathe and hate myself for doing all this’):
- «․․․ չի սիրում լուսանկարվել, քանի որ չի սիրում տեսնել իրեն խցիկի մեջ» (‘Stephen also hates having his photos taken, as he hates seeing himself on camera’.):
Եթե սեփական դեմքը տեսնելն իսկապես այդքան ցավ է պատճառում հերոսին, ապա անհասկանալի է, թե ինչու է նա իր լուսանկարները տարածում սոցիալական ցանցերում, բլոգերում (օրինակ՝ 1, 2): Չէ՞ որ այդ դեպքում ինքն էլ կարող է տեսնել դրանք (նույն Metro.co.uk-ի նյութում կան նրա մի քանի լուսանկարներ)։
Այսպիսով․
- Սթիվեն Գիլատը PR մասնագետ է, հրապարակվելիք գիրք ունի, որն ակտիվ գովազդում է,
- Գիլատի պատմությունը կասկածելի է, քանի որ նրա ասածներում հակասություններ կան. մի կողմից ցավ է ապրում ինքն իր դեմքին նայելիս, մյուս կողմից ակտիվ տարածում է իր դիմանկարները համացանցում,
- Metro.co.uk կայքում հոդվածի հեղինակի շատ նյութեր գովազդային բնույթ ունեն, և եթե անգամ նա անկեղծորեն հետքրքրված է Գիլատի պատմությամբ, նյութն ակնհայտորեն գովազդում է նրա գիրքը:
Վերադառնանք 1in.am-ի նյութին: Սկզբնաղբյուրի տեքստն այստեղ ամբողջությամբ չէ թարգմանված, բաց է թողած կարևոր մանրամասն, որ Գիլատն ինքնակենսագրական գիրք է պատրաստվում հրատարակել:
1in.am-ի վերնագրում նաև փաստական սխալ կա․ սկզբնաղբյուրի վերնագրում գրված է. «Մարդ, որը չի տեսել իր արտացոլանքը ամիսներով», իսկ նյութում ասվում է, որ վախը սկսվել է 4 տարի առաջ, բայց 4 տարի հայելու մեջ չնայելու մասին սկզբնաղբյուրում խոսք չկա:
Այսպիսով, 1-ին.am-ը՝ որպես լուր վերահրապարակել է մի նյութ, որն ամենայն հավանականությամբ գովազդ է, իսկ հերոսի պատմածի հավաստիությունը կասկած է առաջացնում (և չի բացառվում, որ ամբողջ պատմությունը հնարվել է գիրքը վաճառելու համար)։ Հայերեն տեքստում բաց են թողնված որոշ կարևոր մանրամասներ, նաև վերաշարադրման փաստական սխալներ կան: