Ի՞նչ է Ditord.am-ը։ Հարթակ է, որտեղ հրապարակելու ենք ստուգված լուրեր, մեկնաբանություններ, ուսումնասիրություններ ու վերլուծություններ Հայաստանում քաղաքականության, կրթության, անվտանգության և այլ ոլորտների մասին։ Անդրադառնալու ենք նաև մեր երկրի շուրջ (ու ընդհանրապես աշխարհում) կարևոր այն իրադարձություններին, որոնք կարող են ազդեցություն ունենալ Հայաստանի վրա։ Կփորձենք նաև հնարավորինս շատ ուշադրություն դարձնել այսպես կոչված «բացատրական լրագրությանը» (explanatory journalism)։
Հուսով ենք, որ Ditord.am-ը կդառնա նաև կառուցողական հանրային քննարկումների հարթակ, «կարծիքների խաչմերուկ»։
Ո՞վ ենք մենք։ Razm.info մասնագիտացված կայքի թիմն ենք։ Վերջին 7 տարում տիրապետել ենք տեղեկությունների ստուգման, վերլուծական և հետաքննական տարբեր մեթոդների և գործիքների, որոշ դեպքերում մշակել ենք մեր սեփական մեթոդները։ Այժմ կփորձենք այդ գիտելիքն ու փորձն օգտագործել ռազմաքաղաքական թեմաներից բացի այլ՝ Հայաստանի համար կարևոր և արդիական, թեմաները լուսաբանելու համար։
Նոր լրատվամիջո՞ց։ Ե՛ւ այո, և՛ ոչ։ Ձևաչափի առումով Ditord.am-ը կլինի ավելի շատ կոլեկտիվ բլոգ, քան սովորական լրատվամիջոց։ Այնուամենայնիվ կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի մեր գրառումները համապատասխանեն պրոֆեսիոնալ լրագրության ստանդարտներին, լինեն հնարավորինս լիարժեք, անկողմնակալ, ստուգված։
Է՞լ։ Նախատեսում ենք նաև մեծ տեղ հատկացնել մեդիագրագիտությանը՝ այսինքն ոչ միայն իրադարձություններին, այլ դրանց լուսաբանմանը լրատվադաշտում, քննելով սխալները, բացթողումները, քարոզչությունը։
Լավ։ Էլ ի՞նչ։ Մեր կարծիքով մեդիան պիտի ունենա նաև հանրության կոլեկտիվ հիշողությունը պահպանելու գործառույթ։ Կփորձենք լինել հետևողական, կփորձենք ուշադրության կենտրոնում պահել այս կամ այն իրադարձությունը և իրազեկել մեր ընթերցողներին, թե «ինչով վերջացավ» այս կամ այն պատմությունը, կփորձենք համեմատել «առաջն ու հետոն», և այլն, և այլն, և այլն։